News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը մանդատից հրաժարվելու դիմում է գրել։ Այն արդեն ուղարկվել է Ազգային ժողովի խոսնակին: Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը տեղեկացրել է, որ Բոստանջյանը մանդատից հրաժարվել է առողջական խնդիրների պատճառով:

Նա լրատվամիջոցներին հորդորել է հրաժարականի դրդապատճառների մասին ասեկոսեներ չտարածել՝ պնդելով, որ պատճառը երկարատեւ բուժման անհրաժեշտությունն է: Միաժամանակ, լուրեր են պտտվում, որ Վարդան Բոստանջյանը ստիպված է եղել հրաժարական տալ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման եւ նրան առաջադրված մեղադրանքի մասին հրապարակային կարծիք հայտնելու համար, այն դեպքում, երբ Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժը դեռեւս պաշտոնապես դիրքորոշում չի հայտնել այդ կապակցությամբ:

Հանրապետական կուսակցությունը ստորագրահավաք է սկսել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխելու պահանջով: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասում է՝ դա բխում է թե՛ կուսակցության, թե՛ խմբակցության կողմից գործի առնչությամբ արված հայտարարություններից: Աշոտյանն այլ մանրամասներ չի հայտնել, նշել է միայն, որ ստորագրությունները հետագայում որպես պատգամավորների անձնական երաշխավորություն ներկայացվելու են դատարանում՝ Հայաստանի երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու համար:

Մինչ այդ, Քոչարյանի փաստաբանները նրա կալանավորման դեմ Վերաքննիչ բողոքը կներկայացնեն վաղը՝ օգոստոսի 1-ին, թեեւ ավելի վաղ հայտնել էին, որ բողոքն այսօր են ներկայացնելու: Արամ Օրբելյանի խոսքով՝ պատճառները տեխնիկական են: Հավելենք, որ Մարտի 1-ի գործով Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող երկրորդ նախագահը 2 ամսով կալանավորվել է: Պաշտպանը հայտնել է նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանն առանձին խցում է պահվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերին ԱՄՆ կմեկնի. նա Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի աշխատանքների բացմանը: ԱԳ նախարարության խոսնակը հաստատել է լուրը՝ հավելելով, որ արդեն Փաշինյանի երկկողմ հանդիպումներն են նախապատրաստում: Մտադիր են նաեւ Նիկոլ Փաշինյան-Դոնալդ Թրամփ հանդիպում կազմակերպել: Իսկ ահա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման առնչությամբ դեռեւս հստակություն չկա: Նիկոլ Փաշինյանն արդեն Ալիեւի հետ հանդիպման պատրաստակամություն է հայտնել, սակայն, Տիգրան Բալայանի խոսքով, հանդիպումը չի կարող ինքնանպատակ լինել:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին. Տիգրան Բալայանը վերահաստատել է, որ Հայաստանը նրան փոխարինելու գործընթաց է նախաձեռնել, բայց դա չի նշանակում, որ Յուրի Խաչատուրովն այլեւս չի զբաղեցնում այդ պաշտոնը: Տիգրան Բալայանը, միաժամանակ, դժվարացել է նշել, թե ո՞վ կփոխարինի նրան այդ պաշտոնում: Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու համար. 2008 թվականին նա Զինված ուժերի Երեւանի կայազորի պետն էր: Խաչատուրովը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Երեւանի Հաղթանակ թաղամասում ավելի քան մեկ շաբաթ առաջ բռնկված հրդեհը դեռեւս չի հաջողվում մարել: Աղբանոցում բռնկված հրդեհը մարելու աշխատանքին մասնակցում են «Սանիթեք»-ի 3 ջրատար, ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից 4 մարտական հաշվարկ եւ մեկ տրակտոր: Հրդեհն աղբանոցում սկսվել է հուլիսի 24-ին: Կրակը շուրջ 4.000 խ.մ. տարածք է ընդգրկել:

Հուլիսի 31-ին դոլարը, եվրոն եւ ռուբլին թանկացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 563, ռուբլունը՝ 7 դրամ 71 լումա, ֆունտինը՝ 632 դրամ:

Օգոստոսի 1-ին հանրապետության հյուսիսային շրջաններում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 1-4 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես երեկոյան ժամերին հնարավոր են տեղումներ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +23+25, ցերեկը՝ +38+40 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ