News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ապօրինի սահմանահատման երկրորդ դեպքը մեկ շաբաթվա ընթացքում: Հայ-թուրքական սահմանին, այս անգամ՝ Արտաշատի ուղղությամբ, Հայաստանում ծառայություն իրականացնող ռուս սահմանապահները սահմանախախտի են բռնել: Նա ապօրինի հատել է Արաքս գետով անցնող սահմանը: Սահմանախախտը Բանգլադեշի քաղաքացի է, նրան Հայաստանի իրավապահ մարմիններին են փոխանցել: Անցյալ շաբաթ էլ հայ-թուրքական սահմանի Գյումրիի հատվածում թուրք հետախույզ էր բռնվել: Թուրքիայի քաղաքացու մոտ բջջային հեռախոս էին գտել՝ պետական սահմանին տեղակայված ինժեներական կառույցների եւ պատնեշների լուսանկարներով ու ֆայլերով:

Հանրապետական կուսակցությունը հրապարակել է այն պատգամավորների անունները, որոնք ստորագրել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության երաշխավորագիրը: Ցանկում 43 պատգամավորի անուն կա: Կուսակցությունում շեշտել են, որ ցանկը գաղտնի չէ, նաեւ հավելել, որ յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում՝ երբ հրապարակայնացնել այս կամ այն հասարակական նշանակություն ունեցող փաստաթղթի տակ ստորագրելու փաստը:

Նշենք, որ պատգամավորների երաշխավորագիրն արդեն գլխավոր դատախազությունն է ուղարկվել: Միաժամանակ, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն-խնդրանք են ներկայացրել նաեւ Արցախի մի խումբ պատգամավորներ: Այն 15 պատգամավոր է ստորագրել:

Գագիկ Ծառուկյանը չի ընդունել Գեւորգ Պետրոսյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը: «Ծառուկյան» խմբակցության ղեկավարն ասում է՝ վստահ է, որ Պետրոսյանը չի կարող ծախված լինել կամ պատվեր կատարել: Պատգամավորը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել Նաիրա Զոհրաբյանին քննադատելուց հետո։ Նա ֆեյսբուքյան գրառմամբ դժգոհել էր Զոհրաբյանին Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու կապակցությամբ: Այս գրառումից հետո լուրեր տարածվեցին, որ Գեւորգ Պետրոսյանն ական է խմբակցությունում եւ համագործակցելու է այլ քաղաքական ուժերի հետ, ինչից հետո էլ նա մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց խմբակցության ղեկավարին:

Նաիրիտցիների աշխատավարձի խնդիրը, կարծես, լուծում է ստանում: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ «Նաիրիտի» տեխնիկական անվտանգության ծառայության 116 աշխատակիցներին արդեն 5 ամսվա աշխատավարձի պարտք է վճարվել, ընդհանուր առմամբ՝ 55 մլն դրամ: Հաշվարկվում են նաեւ ուշացման համար վճարվելիք տոկոսագումարները։ «Նաիրիտի» 116 աշխատակիցներ աշխատավարձ չէին ստացել 2018 թվականի հունվարից, եւ պարբերաբար բողոքի ակցիաներ էին իրականացնում կառավարության շենքի դիմաց:

Հայաստանը չի կարող հավակնել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի դրամաշնորհներին: Բանն այն է, որ Համաշխարհային բանկի 2018 թվականի հուլիսի 1-ի զեկույցի համաձայն՝ Հայաստանը «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր է դարձել, իսկ կորպորացիան աջակցություն է տրամադրում «ցածր» եւ «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրներին: Մինչեւ 2008 թվականը «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան մեր երկրում տասնյակ միլիոնավոր դոլարների ծրագրեր է իրականացրել: «Թավշյա հեղափոխությունից» հետո ԱՄՆ Կոնգրեսի եւ Ամերիկայի հայ համայնքի անդամները դիմել էին կորպորացիային՝ կոչ անելով վերականգնել Հայաստանին տրամադրվող օգնությունը:

Այնթափ գյուղում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալված կա: 28-ամյա Արթուր Սահակյանի դին օգոստոսի 6-ին վաղ առավոտյան հայտնաբերել էին «Վարդա» գիշերային ակումբի մոտ՝ բռնության հետքերով, որովայնի շրջանում կտրած-ծակած վնասվածքով։ Պարզվել է, որ նա կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացել է վիճաբանության ժամանակ:

Ձերբակալվածը գիշերային ակումբի տնօրենն է: Վիճաբանության ընթացքում նա նույնպես դանակահարվել ու հիվանդանոց էր տեղափոխվել: Գործով նախաքննությունը շարունակվում է:

Օգոստոսի 7-ին դոլարը, եվրոն եւ ռուբլին թանկացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 558, ռուբլունը՝ 7 դրամ 59 լումա, ֆունտինը՝ 624 դրամ:

Օգոստոսի 8-ի գիշերը եւ երեկոյան ժամերին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես հնարավոր են տեղումներ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +21+23, ցերեկը՝ +34+36 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ