ՀՀ պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի հայտարարությունը, թե գեներալ Մանվել Գրիգորյանի որդի՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները բժշկական ապահովագրություն են ստացել քաղաքապետարանի հաշվին, մեկնաբանել է Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը։

«Մենք ընդհանրապես ոչ մի ապահովագրություն չենք ստացել»,– NEWS.am–ին ասել է Նազիկ Ամիրյանը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել  էր,  որ ՀՀ պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով Էջմիածնի քաղաքապետարանում իրենց կառույցի սկսած ուսումնասիրություններին, ասել էր, որ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները բժշկական ապահովագրություն են ստացել քաղաքապետարանի հաշվին. «Տենդերներ են շահել կազմակերպություններ, որոնք առնչություն են ունեցել այդ ընտանիքի հետ, ու այդ ծրարը մինչ օրս չի բացվել: Մենք ենք բացել, բայց իրենք տենդերն իրականացրել են: Արձանագրվել են դեպքեր, երբ բացակայել է գնային առաջարկը, մինչդեռ մրցույթի մասնակցի հետ կնքվել է պայմանագիր: Հիմնականում տենդերներին մասնակցել են Գրիգորյանների ընտանիքի հետ փոխշաղկապված կազմակերպությունները»,-ասել է նա։ Սանասարյանը տեղեկացրել էր, որ հիմա ամփոփում են Էջմիածնի քաղաքապետարանում ուսումնասիրությունների արդյունքները: