Ucom-ը և CIPR AeroSpace ընկերությունը հայտարարում են «Դասարանից՝ ուղեծիր» ծրագրի շրջանակներում համագործակցության նոր փուլի մեկնարկի մասին՝ ուղղված Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացմանը։ Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և CIPR Aerospace-ի հիմնադիր տնօրեն Մարի Հրաչուհի Բողոսյանը Երևանի Գրիգոր Գուրզադյանի անվան 163 և Երևանի Զորայր Խալափյանի անվան 156 հիմնական դպրոցներին հանձնեցին «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթները։
Այն հնարավորություն է տալիս դպրոցականներին ծանոթանալ տիեզերական սարքաշինությանը ոչ միայն տեսական, այլև կիրառական ձևաչափով։ Աշակերտները հնարավորություն են ստանում աշխատել ուսումնական արբանյակի, վերգետնյա կայանի և հարակից սարքավորումների հետ՝ զարգացնելով վերլուծական մտածողությունը և ինժեներական հմտությունները։
«Ucom-ի համար տեխնոլոգիական կրթության զարգացումը ռազմավարական նշանակություն ունի։ Մենք կարևորում ենք այն նախաձեռնությունները, որոնք դպրոցականներին տալիս են ոչ միայն գիտելիք, այլև իրական փորձառություն՝ օգնելով հասկանալ, թե ինչպես են աշխատում ժամանակակից տեխնոլոգիաները», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։



«Դասարանից՝ ուղեծիր» խորագրի ներքո անցկացվող ծրագրի շրջանակում յուրաքանչյուր դպրոցին տրամադրվող «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներառում է՝ 1 ուսումնական արբանյակ, 1 վերգետնյա կայան, 1 պարաշյուտ և 2 ուղեցույց։ Ծրագիրը նախատեսում է ուսուցիչների ներգրավում և անհրաժեշտ մեթոդական աջակցություն, որպեսզի դպրոցները կարողանան փաթեթը կիրառել երկարաժամկետ ձևաչափով։
«Մեր նպատակն է տիեզերական կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի դպրոցներին՝ սկսելով այն տարիքից, երբ երեխաների հետաքրքրությունը գիտության և տեխնոլոգիաների նկատմամբ նոր է ձևավորվում։ «Տիեզերք 1.0»-ը կառուցված է այնպես, որ աշակերտը ոչ միայն լսի տիեզերքի և արբանյակների մասին, այլև կարողանա ինքնուրույն փորձարկել, չափել, վերլուծել և հասկանալ տեխնոլոգիական գործընթացը», - նշել է CIPR AeroSpace-ի հիմնադիր և տնօրեն Մարի Հրաչուհի Բողոսյանը։
Ucom-ը կարևորում է հատկապես մարզային դպրոցների ներգրավումը՝ ապահովելով, որ նորարարական կրթական հնարավորությունները հասանելի լինեն ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի տարբեր համայնքներում։ 2025 թվականին իրականացվել է «Դասարանից՝ ուղեծիր» ծրագրի պիլոտային տարբերակը՝ Երևանի և մարզերի 4 դպրոցներում։ 2026 թվականին «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը նախատեսվում է ներդնել Հայաստանի 15 դպրոցներում, որոնցից 7-ը՝ Երևանում, իսկ 8-ը՝ մարզերում։





























