Ադրբեջանում, որտեղ բնակչության մեծամասնությունը դավանում է շիայություն, դպրոցական համազգեստի նոր կանոնները հանգեցրել են բողոքի ակցիաների և բազմաթիվ հապճեպ կալանավորումների, իսկ Էրդողանի խորհրդականը հիջաբն անվանել է կրոնական պարտք։ Բաքուն մերժում է միջամտությունը, մինչդեռ Իսրայելի հետ երկրի սերտ կապերը ենթարկվում են քննադատության։ Այդ մասին ասվում է իսրայելական Ynet պարբերականի հրապարակման մեջ։

«Ադրբեջանի կառավարությունը պաշտպանել է դպրոցական համազգեստի խիստ կանոններ սահմանելու իր որոշումը, ինչը բողոքի ալիք էր բարձրացրել իսլամական գլխաշորերի կրման սահմանափակումների պատճառով, և իր մտերիմ դաշնակից Թուրքիայից պահանջել է զերծ մնալ երկրի ներքին գործերին միջամտելուց այն բանից հետո, երբ Անկարան քննադատել էր այդ միջոցառումները։

Ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր, որոնցում աշակերտուհիները գրկում են իրենց ուսուցիչներին և լացում՝ իմանալով, որ գլխաշոր կրելու պատճառով ուսուցիչներին այլևս թույլ չեն տալիս մտնել դպրոց։ Տեսանյութերում նաև երևում են լացող և պաստառներ պահած աշակերտուհիներ, որոնց մերժել են դպրոց թողնել կամ որոնք բողոքում էին սահմանված սահմանափակումների դեմ։

Հիջաբի շուրջ ծագած սկանդալը դիվանագիտական հակամարտություն է հրահրել Ադրբեջանի և նրա ավանդական դաշնակից Թուրքիայի միջև։ Հակամարտությունն այժմ սպառնում է ստվեր գցել երկու երկրների հարաբերությունների վրա՝ ի ցույց դնելով այն դժվարությունները, որոնց բախվում է Բաքուն՝ ձգտելով աշխարհիկություն հաստատել գերազանցապես մահմեդական հասարակությունում։

Ադրբեջանը, ինչպես և հարևան Իրանը, ունեն հիմնականում շիա մահմեդական բնակչություն։ Սակայն, ի տարբերություն Թեհրանի կառավարության, Բաքուն պահպանում է ջերմ և լայնածավալ հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ։

Այս կապերը հիմնված են անվտանգության ոլորտում խորը համագործակցության վրա, ընդ որում՝ Իսրայելը ադրբեջանական բանակի սպառազինության խոշոր մատակարարներից մեկն է։

Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ հարաբերությունները հաճախ կոշտ քննադատության են արժանանում մահմեդական աշխարհի որոշ երկրների, հատկապես հարևան Իրանի, իսկ երբեմն նաև Թուրքիայի կողմից», — գրում է Ynet-ը։