Կնքված ընկերությունները ոչ թե խնդիր են, այլ հանցագործություն։ Հոկտեմբերի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին այն մասին, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ավելի վաղ հայտարարել էր, թե բիզնեսի նկատմամբ կիրառված սահմանափակող միջոցներն անհամաչափ համարող գործարարները կարող են դիմել դատարան և նույնիսկ պետությունից վնասի փոխհատուցում պահանջել։

«Դա խնդիր չէ, այլ հանցագործություն»,- ընդգծել է փաստաբանը՝ հավելելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նման բան նախատեսված չէ։ Քննիչն իրավունք ունի արգելել մուտքն ու ելքը միայն խուզարկության անցկացման ընթացքում․ դա քննչական գործողություն է, որը տևում է մի քանի ժամ կամ մեկ օր, պարզաբանեց փաստաբանը։ «Լավ է, որ խնդիր են համարել, բայց դա խնդիր չէ, այլ հանցագործություն։ Որովհետև չունենալով նման լիազորություններ իրականացնելու իրավասություն՝ սա պաշտոնեական լիազորությունների չարաշահման մասին հոդված է»,- հիշեցրել է Օրբելյանը։ Նա նշել է, որ կան գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին որոշումներ, սակայն նույնիսկ կատարման համար պարտադիր այդ որոշումից հետո ընկերությունները միևնույն է չեն բացում։

Փաստաբանը նշեց, որ Սեդրակ Քոչարյանի դեպքում հարցը վերաբերում է հարկերին, կոռուպցիոն բաղադրիչ չկա։ Բայց հարկերի մասով էլ, շարունակեց փաստաբանը, ամեն ինչ կարգին է, հարկերի թաքցնում չկա և չի կարող լինել․ ներկրման պահից սկսած ամեն ինչ թափանցիկ է՝ որտեղ է պահեստավորված և որտեղ է վաճառված, ամեն ինչ ստուգվում է, անգամ որևէ բան թաքցնելու հնարավորություն չկա։

Կատարվողը նա որակեց որպես միջամտություն ձեռնարկատիրական ազատությանը, որն ուղեկցվում է նրանով, որ բյուջեն զրկվում է հարկային մուտքերից։ Նրա խոսքով՝ ներդրողները խիստ անհանգստացած են, աշխատում են ներդրումներ չանել, իսկ եթե անում են, ապա այն ոլորտներում, որտեղ հետգնման ժամկետը կարճ է կամ որտեղ գործընթացն իրականացվում է տեղական բանկերի միջոցներով, ինչն ըստ էության ներդրում չէ, այլ Հայաստանին որևէ բան վաճառել։