Airbus և Kratos Defense & Security Solutions ընկերություններն իրականացրել են U740 Valkyrie մարտական անօդաչու ինքնաթիռի առաջին փորձնական թռիչքը։ Այն ամերիկյան XQ-58A Valkyrie-ի եվրոպական տարբերակն է։
Այս փորձարկումը հերթական քայլն էր մարտունակ համալիրի ստեղծման ճանապարհին, որը Գերմանիան նախատեսում է սպառազինության ընդունել մինչև 2029 թվականը։ Նախագիծն իրականացվում է Գերմանիայի ռազմաօդային ուժերի (Լյուֆտվաֆե)՝ նոր դասի ռեակտիվ մարտական անօդաչու թռչող ապարատներ ձեռք բերելու նախապատրաստությունների շրջանակում։ Դրանց ի հայտ գալը կարող է էապես ընդլայնել երկրի անօդաչու ավիացիայի սահմանափակ հնարավորությունները։
Airbus-ի փոխանցմամբ՝ փորձնական թռիչքն անցկացվել է Հյուսիսային Եվրոպայի ռազմադաշտերից մեկում (վայրը չի նշվում)։ Ապարատն օդ է բարձրացել մեկնարկային հրթիռային արագացուցիչի օգնությամբ, կատարել է մանևրներ տարբեր բարձրությունների վրա և զարգացրել մինչև 960 կմ/ժ արագություն։ Թռիչքի ընթացքում ստուգվել է նաև առաջադրանքը հենց օդում փոփոխելու հնարավորությունը։ Airbus-ի տվյալներով՝ բոլոր սահմանված նպատակները հաջողությամբ իրագործվել են։
Ինչպես հայտնում է Naked Science-ը, հաջորդ փուլում նախատեսվում է ինտեգրել Airbus-ի մշակած MARS (Multi-platform Autonomous Reconfigurable and Secure — բազմապլատֆորմ, ինքնավար, վերաձևափոխվող և պաշտպանված) առաջադրանքների կառավարման համակարգը։ Այն կապահովի եվրոպական կողմի վերահսկողությունն ինքնաթիռի ծրագրային ապահովման և մարտական կառավարման ճարտարապետության նկատմամբ։ Մշակողների մտահղացմամբ՝ MARS համակարգը թույլ կտա անօդաչուներին գործել ինքնավար և կոորդինացնել քայլերը խմբի կազմում՝ միևնույն ժամանակ պահպանելով մարդու մասնակցությունը կարևորագույն որոշումների կայացման հարցում։
U740-ի հիմքում ընկած է ամերիկյան XQ-58A Valkyrie-ն, որը Kratos ընկերությունը մշակել է որպես մարտական առաջադրանքների համար նախատեսված համեմատաբար մատչելի հարթակ։ Airbus-ը հարմարեցնում է ինքնաթիռը՝ ներդնելով սեփական MARS համակարգը։ Այս մոտեցումը հնարավորություն կտա Գերմանիային առաջարկել եվրոպական վերահսկողության տակ գտնվող մարտական անօդաչու համալիր՝ առանց սպասելու բոլորովին նոր կառուցվածքով ինքնաթիռի մշակման ավարտին։
U740-ի բնորոշ առանձնահատկություններից մեկը հրթիռային արագացուցիչով թռիչք սկսելու հնարավորությունն է, ինչի շնորհիվ ապարատն ավելի քիչ է կախված ստանդարտ թռիչքուղիներից։ Valkyrie-ի նախնական տարբերակը նախատեսում էր հիմնականում պարաշյուտային վայրէջք, սակայն նոր մոդելները ստացել են հրթիռային արագացուցիչով օդ բարձրանալու և ստանդարտ թռիչքուղում վայրէջք կատարելու հնարավորություն։ Սա ընդլայնում է ապարատի կիրառման դաշտը և թույլ տալիս ընտրել տեղակայման ավելի բազմազան վայրեր։
Լյուֆտվաֆեի համար այս տեխնոլոգիան կարող է արդյունավետ լինել ավիացիայի ապակենտրոնացված տեղաբաշխման, ինչպես նաև անօդաչուները այնպիսի տարածքներից արձակելու համար, որտեղ բացակայում են լիարժեք օդանավակայանները կամ առկա են ենթակառուցվածքների վրա հարձակման սպառնալիքներ։





























