Վաղը՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 14:00-ին, տեղի կունենա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստը։

Հասցե՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայր (Գյուլիքեխվյան փողոց, 20)։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդը, ում վարչապետ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի օրերից է խոստացել ունեզրկել, կալանավորվել է 2026թ. հուլիսի 7-ին՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Դրանից մեկ օր առաջ՝ հուլիսի 6-ին, Քննչական կոմիտեի քննիչները շուրջ 12 ժամ խուզարկություններ էին իրականացրել նրա առանձնատանը, ինչպես նաև Ծառուկյանի հետ փոխկապակցված ավելի քան 70 հասցեներում։

Քննչական կոմիտեն ավելի ուշ հաղորդագրություն էր տարածել, որ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականներին առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։

Ըստ Քննչականի, Ծառուկյանը կազմակերպել և ղեկավարել է հանցավոր խումբ, որը Իրան-Հայաստան լոգիստիկ կապեր ստեղծելու պատրվակով, խաբեությամբ ու փաստաթղթեր կեղծելով, իրանական ընկերություններից հափշտակել է 52 միավոր տրանսպորտ, տեխնիկա և ապրանք՝ պատճառելով շուրջ 22 միլիոն դոլարի վնաս։

Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողություններին անդրադարձել էին նաև 7 ընդդիմադիր կուսակցություն և մեկ քաղաքացիական միավորում։ Համատեղ հայտարարությամբ նրանք դատապարտել էին Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողություններն ու նրան պատկանող ձեռնարկություններում կատարվող խուզարկությունները՝ տեղի ունեցողը որակելով քաղաքական դրդապատճառներով սանձազերծված հալածանք և մարտահրավեր ողջ հասարակությանը։