Նախօրեին հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված ժամկետային զինծառայողի առողջական վիճակում դրական դինամիկա կա, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արագածոտնի մարզի Ուջան գյուղի վարչական ղեկավար Գրիգոր Հարությունյանը։

Նշենք, որ վիրավորում ստացած Եփրեմ Գևորգյանի մանկությունը Ուջան գյուղում է անցել, ընտանիքն այս պահին Երևանում է բնակվում։

20-ամյա Եփրեմը ընտանիքի միակ որդին է, մեկ քույր ունի։

Այն մասին, թե մարմնի որ հատվածում է վիրավորում ստացել զինծառայողը, պաշտպանության նախարարությունը չի հայտնել, իսկ լրատվամիջոցներում առկա տեղեկությունների համաձայն, վիրավորում ստացել է ուսի շրջանում։ ՊՆ–ն հայտնել էին, որ նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։

Գյուղում շրջանառվող տեղեկությունների համաձայն էլ՝ խոսքը դիմածնոտային վիրավորման մասին է։ Ինչ հանգամանքներում է տեղի ունեցել միջադեպը, Ուջանում չգիտեն։