News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի 73–րդ նստաշրջանում։ Վարչապետն անդրադարձել է հայկական թավշյա հեղափոխությանը, որի ընթացքում հետաքրքիր դիտարկում է արել։

Փաշինյանը խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով, այսօրվա խորհրդարանը չի ներկայացնում ժողովրդի կամքը։

Փաշինյանը հարկ է համարել նաև բացատրել հայ–ռուսական նախաձեռնությունը, որի շրջանակում Հայաստանը հումանիտար առաքելություն է ուղարկելու Սիրիա։

Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը քննադատության էր արժանացել ինչպես ընդդիմադիր, այնպես էլ որոշ իշխանամետ վերլուծաբանների շրջանում, որոնք մատնացույց էին անում այդ նախաձեռնության վտանգները։

Վարչապետն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ու եւս մեկ անգամ ընդգծել Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտությունը։ Ելույթը Փաշինյանն ավարտել է՝ հիշեցնելով, որ Երեւանը պատրաստվում է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը։ Ի դեպ այս հատվածում Փաշինյանը խոսել է ֆրանսերեն։

Նյու Յորքում Փաշինյանը շարունակում է հանդիպումներ ունենալ տարբեր երկրների ղեկավարների հետ։ Նախօրեին կայացել է Հայաստանի վարչապետի ու Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։ Ռոհանին Փաշինյանին հրավիրել է Իրան՝ ավելի ընդգրկուն քննարկելու երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիները։

Չնայած տեւական ժամանակ շրջանառվող տեղեկություններին՝ ԱՄՆ–ում Փաշինյան–Թրամփ հանդիպում տեղի չի ունենա։ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն այսօր վերահաստատել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ հանդիպումը չկայանալու պատճառը երկու երկրների ղեկավարների զբաղվածությունն է։Առայժմ Թրամփի հետ Փաշինյանի շփումը սահմանափակվում է՝ ի պատիվ ՄԱԿ-ի նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ Թրամփի կողմից տրված ընդունելությանը՝ Հայաստանի վարչապետի մասնակցությամբ և համատեղ լուսանկարով։

Երբ Հայաստան կայցելի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱԳՆ–ում չգիտեն։ Տիգրան Բալայանը միայն ասել է՝ այցը նախատեսվում է մոտ ժամանակներս եւ լինելու է պաշտոնական։ Ավելի ուշ, Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է՝  քիչ հավանական է, որ Պուտինի այցը Երեւան տեղի ունենա այս տարի. ավելի ճիշտ է այցին սպասել հաջորդ տարի։ Այնուամենայնիվ, վաղն արդեն Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Դուշանբեում,  ուր Հայաստանի վարչապետը մեկնելու է Նյու Յորքից։ Տաջիկստանի մայրաքաղաքում տեղի է ունենալու ԱՊՀ երկրների գագաթնաժողով։

Ազգային ժողովում այսօր կայացել է ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման գործով ձեւավորված քննիչ հանձնաժողովի երկրորդ նիստը։ Այն գրեթե ամբողջությամբ նվիրված էր քաղաքական ուժերի կողմնորոշման հստակեցմանը։ Խնդիրն այն է, որ ըստ Ազգային ժողովի կանոնակարգ–օրենքի՝ հանձնաժողովի նախագահը պետք է լինի խորհրդարանական մեծամասնությունից, փոխնախագահը՝ ընդդիմությունից։ Նախագահի հարցում ամեն ինչ պարզ էր. այն ստանձնել է Հանրապետական Գեւորգ Կոստանյանը։ Մինչդեռ ընդդիմադիր փոխնախագահի ընտրությունը խնդիրներ առաջացրեց, որովհետեւ չէին կարողանում հասկանալ՝ երկրում ստեղծված նոր իրավիճակում «Ելք»–ն ու ԲՀԿ–ն ընդդիմություն են, թե ոչ։

«Ելքը», որը Կառավարություն է ձեւավորել, ու ԲՀԿ–ն, որն այդ Կառավարության մաս է կազմել, ոչ մի կերպ չէին կողմնորոշվում՝ իրենք ընդդիմություն են, թե ոչ։

Ի վերջո, եկան համաձայնության եւ Կոստանյանի առաջարկությամբ փոխնախագահ ընտրվեց Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընտրված Ալեն Սիմոնյանը։

Քննիչ հանձնաժողովն այսուհետեւ հարցերի մեծ մասը կքննարկի փակ ռեժիմով, հարցաքննության կհրավիրվեն ինչպես ձայնագրության գլխավոր հերոսները, այնպես էլ նրանք, որոնց անունները շոշափվել են ձայնագրության ընթացքում, չի բացառվում՝ նաեւ Նիկոլ Փաշինյանը։

Ազգային ժողովի միջանցքների գլխավոր թեման շարունակում է մնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք շուտափույթ անցկացնելու մտադրություն է հայտնել Նիկոլ Փաշինյանը։

Կդիմադրե՞ն արդյոք Հանրապետականները, կհամաձայնի՞ արդյոք «Ծառուկյան» խմբակցությունը՝ հաշվի առնելով, որ քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ–ն հավաքեց 7 տոկոս, եւ ՀՅԴ–ն, որն այդպես էլ չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը։ Հանրապետականը, որը չի ցանկանում կորցնել մեծամասնությունն Ազգային ժողովում, ասում է՝ անհրաժեշտություն չկա. խորհրդարանն աշխատում է բնականոն ռեժիմով, իրենք էլ որեւէ կերպ չեն խոչընդոտում Կառավարության աշխատանքին։ Սա խմբակցության քաղաքական թեւի դիրքորոշումն է, սակայն ինչպե՞ս իրեն կդրսեւորի խմբակցության գործարար թեւը, արդյոք կգտնվեն այնպիսիք, որոնք խմբակցության դիրքորոշմանը դեմ կգնան։ Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որի անունը շրջանառվում է կոռուպցիոն գործերից մեկով, այսօր լրագրողների հետ զրույցում խուսափել է հստակ դիրքորոշում հայտնելուց, ասել միայն, որ իր համար միեւնույն է՝ կլինեն արտահերթ ընտրություններ, թե ոչ։ 

Սեպտեմբերի 2–ին Արցախի զորամասում պարանով կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայող Վանիկ Գեւորգյանի մահվան գործով կա մեղադրյալ։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայողի։ Քննությամբ պարզվել է, որ նա բռնություն է գործադրել Վանիկի նկատմամբ եւ խախտել կանոնակարգային հարաբերությունները։

Հենրիխ Մխիթարյանը զրկվել է դիվանագիտական անձնագրից։ Արտգործնախարարության պահանջով նա իր դիվանագիտական անձնագիրը վերադարձրել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանություն։ Արտգործնախարարությունից պարզաբանել են, որ բացի ֆուտբոլիստից՝ իրենց դիվանագիտական անձնագրերը վերադարձրել են հարյուրից ավելի քաղաքացիներ, 254–ի դիվանագիտական անձնագիրն էլ չեղարկվել է։

NEWS.am––ի հետ զրույցում Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, ասել է, որ որդին այսուհետեւ դժվարություններ է ունենալու իր մարզական շրջագայությունների ժամանակ, քանի որ ստիպված է լինելու ամեն անգամ խաղերի մեկնելիս վիզա ստանալ եւ երկար հերթեր կանգնել օդանավակայաններում՝ անձնագրային ստուգումների ժամանակ։

Սեպտեմբերի 26-ին դոլարի փոխարժեքը մնացել է անփոփոխ, իսկ եվրոյինը՝ նվազել։ Դոլարի փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 566.58, ռուբլունը՝ 7 դրամ 32 լումա, ֆունտինը՝ 633.82 դրամ:

Սեպտեմբերի 27-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրեւ եւ մառախուղ: Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 6-8 աստիճանով: Երեւանում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +12+14, ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ