News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հաստատել է խորհրդարանի արտահերթ ընտրությունների կարևոր ամսաթվերը․ քարոզարշավը կընթանա նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ը՝ 12 օր, կուսակցություններն ու դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչեւ նոյեմբերի 14-ի երեկոյան 6-ը։ ԿԸՀ մեկ այլ որոշմամբ՝ արձակված խորհրդարանում պատգամավոր դարձավ Նաիրա Կարապետյանը․ նա կփոխարինի մանդատից հրաժարված Ռուզաննա Մուրադյանին:

Արտահերթի հապճեպությունից մտահոգ է, բայց ոչ զարմացած ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը․ նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները շատ քիչ ժամանակ են թողել ընտրություններին նախապատրաստվելու համար, սակայն, ասել է, զարմացած չէ՝ կառավարությունն ուզում է հանրային համախմբում և աջակցություն ապահովել։

Ազգային ժողովի Քննիչ հանձնաժողովը «հարցաքննել է» դատավոր Վաչե Մարգարյանին: Այն նույն դատավորին, որին գաղտնալսված հեռախոսազրույցում Վանեցյանը սխալմամբ Հրաչ է անվանում, և որը կայացրել էր Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը։ Հանձնաժողովի նախագահ Կոստանյանը «հարցաքննությունից» մանրամասներ չի հայտնել, միայն ասել է, որ ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Այս նույնը չի հաջողվել լրագրողներին, նրանք հեռացող դատավորին հարցեր են ուղղել միջանցքում, աստիճաններին, բակում, բայց Վաչե Մարգարյանը միայն լռել է։

Յուրի Խաչատուրովի ձգձգվող հետկանչն ավարտվեց․ հայկական կողմի նախաձեռնությամբ գեներալը վաղաժամկետ ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։ Հայայատանը թեկնածուներ ունի՝ ասել է Արտգործանախարարի պաշտոնակատարը, և նրանք, ըստ Զոհրաբ Մնացականյանի, կարող են և կպահպանեն կազմակերպության քարտուղարության բնականոն, նորմալ աշխատանքը:

Միքայել Մինասյանը հետ կանչվեց դեսպանի պաշտոնից։ Վարչապետի պաշտոնակատարի առաջարկությամբ հետկանչի հրամանագիրը ստորագրել է նախագահ Սարգսյանը։ Մինասյանը Հայաստանի դեսպանն էր Սուրբ Աթոռում, Պորտուգալիայում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում։

Հետախուզվող Վահագն Հարությունյանին կկալանավորեն․ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի պետի նախկին տեղակալին կալանավորելու միջնորդությունը: Ըստ մեղադրանքի՝ նա կազմակերպել է  «Մարտի 1»-ի գործով ապացույցների կեղծումը։

Սասնա ծռերի բաժին համաներումը հնարավոր է՝ չկիրառվի։ ՊՊԾ գունդը գրավողները պատժից չեն ազատվի, եթե սպանվածների հարազատները, պատանդ եղած կամ վնաս կրած անձինք առարկեն՝ ասել է արդարադատության նախարարի պաշտոնակատարը՝ ընդգծելով՝ չեն կարող անտեսել նրանց իրավունքները։

Գործարար Սիլվա Համբարձումյանը 6 միլիոն դոլար կաշառք է փոխանցել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին՝ հանքեր ձեռք բերելու համար ու անմիջապես զրկվել դրանցից՝ չհասցնելով, ինչպես ինքն է ասել, շնչել այդ բերկրանքն ու ուրախությունը։ Բերկրանքի գինը գործարար տիկինը որոշել է վերադարձնել հեղափոխությունից հետո, դիմել է գլխավոր դատախազին․ այժմ քննություն է ընթանում։ Իսկ թե ինչու է փորձել կաշառքով հարց լուծել, ասել է, այդպիսին էին ժամանակները։

Լքում են նաև ՔՊ-ի թիմը։ Երեկ Տիգրան Ավինյանի օգնականը հրաժարվել էր պաշտոնից՝ բացատրելով, որ անցումային կառավարությունը իր առանցքային նպատակը՝ ընտրական նոր օրենսգրքը, տապալել է, իսկ ինքը լուրջ է վերաբերվում իրենց հռչակած սկզբունքներին։ Այսօր Ավինյանը հայտարարել է, որ իր վերաբերմունքը նախկին օգնականի նկատմամբ բացարձակապես չի փոխվել, ավելին հասկանում է նրան և առհասարակ կարծում, որ քաղաքական մերկ դաշտում պետք  է նոր գործիչներ և ուժեր կայանան։

ԱՄՆ-ում 62 տարեկանում մահացել է Օլիմպիական չեմպիոն, ռեկորդակիր ծանրորդ Յուրի Վարդանյանը: Նա աշխարհի 7-ակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն էր: Լեգենդար մարզիկը կհուղարկավորվի հայրենիքում։

Եվս մի հարված քանդվող բարիկադներին։ Կամո Արեյանը, նախկին քաղաքապետերի առաջին տեղակալը, առաջինը կլինի նաև նոր քաղաքապետին խորհուրդ տվողների մեջ․ Հայկ Մարությանի որոշմամբ, նա նշանակվել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական։

Դոլարի փոխարժեքը հասել է 486 դրամի, աճել է նաև եվրոյի փոխարժեքը՝ կազմելով 556 դրամ, բրիտանական ֆունտը 634 դրամ է՝ 6-ով ավելի, ռուբլու փոխարժեքը գրեթե անփոփոխ է՝ 7,41 դրամ։

Հայաստանում նոյեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7 9, վաղը ցերեկը՝ +14 +16:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ