News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Երեկ հայտնի դարձավ, որ ռուս իրավապահները Պետրոզավոդսկ քաղաքում ձերբակալել են Միհրան Պողոսյանին։ Նա ապրիլի 17-ից հետախուզվում էր օֆշորային մեքենայությունների գործով։ Այժմ Միհրան Պողոսյանի արտահանձնումը ընթացքի մեջ է։ ԴԱՀԿ նախկին ղեկավարին այստեղ սպասվում է կալանք։

Արտակ Շաբոյանի փոխարեն տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կղեկավարի Գեղամ Գեւորգյանը։ Նրա թեկնածությանն Ազգային ժողովը այսօր հավանություն տվեց։ 95-ը կողմ էին, 26-ը դեմ, որոնց մեջ նաեւ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները։ Նրանք այս պաշտոնը համարում են փոխվարչապետ Ավինյանի շնորհակալությունը Գեղամ Գեւորգյանին, որը ժամանակին խոշոր դրամաշնրհ էր տվել Ավինյանի ընտանիքին՝ զարգացնելու իրենց չրի բիզնեսը։

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի գործունեության մասին այսօր խորհրդարանին հաշվետվություն ներկայացրեց  այդ կառույցի նախագահ Տիգրան Հակոբյանը։ Նրան միջանցքում սպասում էին նաեւ լրագրողները, հիմնական հարցը՝ երբ է մեր եթերը մաքրվելու էժան տեսարաններից, օրինակներ էլ հիշեցին՝ «Կիսաբաց լուսամուտներ», կամ մի ամբողջ հաղորդում՝ նվիրված Լիլի Մորտոյի կրծքերին։

Այս տարի ապրիլի 27-ին ենք նշելու քաղաքացու օրը, կառավարությունը 124 միլիոն դրամ է հատկացրել բյուջեից, որպեսզի օրը տոնական անցնի։ Այս ծախսով, ըստ Ազգային ժողովի նախագահի, նաեւ քաղաքացի են կրթելու, եւ սոցիալական խնդիրները, որոնք Միրզոյանի կարծիքով, հավերժ են, չպետք է ետ պահեն այդ նպատակի ճանապարհին։

Ի դեպ, Արարատ Միրզոյանը արդեն հեռուստացույց ունի, որը ստիպված կանխիկ է գնել։ Մոտ մի ամիս առաջ երբ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պատմում էր լվացքի մեքենայի իր վարկի մասին, Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, որ բանկը մերժել է իր հայտը, քանի որ ԴԱՀԿ-ն իր հաշվի վրա կալանք էր դրել։

Հայկական տոների շարքում հավակնում է տեղ ունենալ նաեւ մարիխուանայի միջազգային օրը։ Երկու օր առաջ Ազատության հրապարակում այն նշողներ են եղել, կազմակերպիչներից մեկը Ալեքսանդրա Բաղդասարյանն է, «Իմ քայլից» Նիկոլայ Բաղդասարյանի եղբայրը։ 

Մարիխուանան առանձին օրով հիշելը փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը համարում է իրավունք, ինքը ազատ կարծիքի ու ճաշակի կողմնակից է։

Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը կասկածներ էր առաջացրել, որ գործը շինծու է։ Նիկոլ Փաշինյանը որոշ ժամանակ լռություն պահելուց հետո արձագանքեց գործին։ Ֆեյսբուքում գրեց իր եզրակացությունը՝ «ախպերական» մտածելակերպը շատ ավելի խոր արմատներ ունի Հայաստանում, քան օլիգարխիան ու կրիմինալը։ Ասաց՝ Դավիթը իմ ընկերն է նույնպես, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան: Այս գրառումից հետո սակայն խոսակցությունները, որ ԱԱԾ-ն հին մեթոդներով հաշվեհարդար է տեսնում, չլռեցին։ Այսօր, Ալեն Սիմոնյանը, որ ներկայացավ որպես Սանասարյանի ընկեր, գործ սարքելու կասկածները համարեց աբսուրդ։ 

Արարատ Միրզոյանն էլ ասաց Սանասարյանի ընկերն է, բայց մտերիմ կապերը նոր Հայաստանում ուժը կորցրել են։

Այսօր Հանրապետականի նոր անդամների հետ հանդիպեց կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը։ Նրա խոսքը այս անգամ ավելի երկար էր, բայց այն, ինչ սպասվում էր՝ քաղաքական մեկնաբանություն, չեղավ։ Հանդիպման ավարտին երիտասարադները հերթով լուսանկարվեցին Սերժ Սարգսյանի հետ, եւ նույնիսկ սելֆի արեցին՝ հետեւելով նոր մոդային։

Մարտի 1-ի գործի անջատված մասով նախաքննություն ավարտվել է։ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Այս գործով դատը հավանաբար կսկսվի մայիսին։

Շրի Լանկայում Զատկի տոնակատարությունների ժամանակ ահաբեկչական մոտ մեկ տասնյակ գրոհներ եղան։  6 պայթյուն որոտաց երեք եկեղեցիներում եւ երեք հյուրանոցներում, եւս մեկը Կենտրոնական կենդանաբանական այգու հարեւանությամբ, ապա վերջինը՝ Կոլոմբոյի արվարձաններից մեկում։ Գործել են նաեւ մահապարտներ։ Ավելի քան 200 մարդ է զոհվել։ Ամբողջ երկրում հայտարարվել է պարետային ժամ։

Դոլարի փոխարժեքը այսօր նվազել է՝ կազմելով 481 դրամ, եվրոն 542 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 626, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 56 դրամ:

Ապրիլի 23-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Երեւանում օրվա երկրորդ կեսին տեղ-տեղ  սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +11+13:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ