Հունիսի 3-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը եւ հայտնել, որ Տերյան փողոցի 3/Ա շենքի բակում իր վրա հարձակում է եղել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Վ. Հարությունյանը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.30-ին, շենքի բակում անհայտ անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին եւ գլխին՝ պատճառելով վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ:
ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Կատարվում է քննություն:
Նշենք, որ ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում էր արել, որ աշխատավայրի մոտ իրեն ծեծի են ենթարկել, մինչ այդ էլ, մի քանի օր առաջ ծեծել են տան մոտ: Նա նաեւ լուսանկար էր հրապարակել բռնության հետքերով:
«Ոստիկանությունն այսքան օրերի ընթացքում չկարողացավ բացահայտել և ապահովել իմ անվտանգությունը։ Ուստի ես ստիպված եմ ինքնադատաստան տեսնելու սեփական անվտանգությունս ապահովելու համար։ ՀՀ ոստիկանություն, դուք այլևս գոյություն չունեք»,-գրել էր նա:
Ակտիվիստն իրեն բռնության ենթարկելու համար մեղադրում է դաշնակցականներին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համախոհներին:
Ոստտիկանության փոխանցմամբ, նախորդ դեպքով մայիսի 19-ին Վարդան Հարությունյանից նույնաբովանդակ ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, սակայն նա հրաժարվել է դեպքի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում տալուց:
Ձեռնարկված միջոցառումներով եւ մարմնական վնասվածք հասցնելու փաստով նախապատրաստված նյութերով մայիսի 30-ին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի /դիմողի բողոքի բացակայության/ հիմքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Որոշման պատճենն ուղարկվել է քաղաքացուն:





























