Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար Էդուարդ Զաքարյանը պնդում է, որ իրեն ծեծի են ենթարկել Սամվել Բաբայանի աջակիցները։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց համայնքապետը։

Նա նշեց, որ միջադեպը կապված է եղել Սամվել Բաբայանի գրասենյակի նախաձեռնած  ստորագրահավաքի հետ։

«Ես իրենց գյուղապետարանում տեղ եմ տրամադրել, լիազորված անձ եմ տրամադրել, որը իրենց ձեռնտու չէր, արդյունքում վիճաբանություն ու քաշքշուկ է սկսվել»,–հայտարարեց նա՝ նշելով, որ Բաբաջայնի աջակիցների ցանկությունը ստորագրահավաքն իրականացնող լիազորված անձին փոխելն է եղել, ինչը համայնքապետը հրաժարվել է կատարել։

Զաքարյանը նշեց, որ ինքը գյուղացիների համար որևէ խոչընդոտ չի ստեղծել։

«Ասել եմ՝ ով ուզում է թող ստորագրի, ոչ մի խոչընդոտ չենք առաջացնի»,–ասաց նա։

Ավելի վաղ Արցախի Ոստիկանությունից հայտնել են, որ հունիսի 5-ին՝ ժամը 08։35-ին, Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի 35–ամյա ղեկավար Էդուարդ Զաքարյանը ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին հաղորդում է ներկայացրել, որ նույն օրը ժամը 08։15-ին իր առանձնատան մոտակայքում ծեծի է ենթարկվել:  Դեպքը տեղի է ունեցել Բերձոր և Աբովյան քաղաքների երեք բնակիչների հետ քաղաքական հարցերի շուրջ ծագած վիճաբանության հետևանքով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարել էր  Արցախում Սահմանադրական փոփոխություններ անցկացնելու համար  ստորագրահավաք սկսելու մասին։

Սահմանադրական փոփոխություններարդյունքում՝ ըստ Բաբայանի գրասենյակի՝ Արցախի Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել նաև  Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող‚ վերջին երեք տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվո անձը։ Բացի այդ՝ փոփոխություններով հնարավորություն կընձեռնվի ՀՀ քաղաքացիներին նույնպես մասնակցել Արցախում ընթացող ցանկացած քաղաքական գործընթացի։

Ստորագրահավաքը մեկնարկել է հունիսի 4–ին և կավարտվի հուլիսի 18–ին։

Ստորագրահավքներն անցկացվում են Արցախի համայնքապետարաններում և քաղաքապետարաներում։