News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
USD
476.74
EUR
535.47
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը


«Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում կոնգրեսական Ջուդի Չուի ներկայացրած փոփոխությունն ընդունել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատը։ Լրացման հիմքում «Ռոյս-Էնգելի» առաջարկն է, որ նախատեսում է առաջնագծից հեռացնել դիպուկահարներին, ծանր զինտեխնիկան և նոր զինատեսակները, մեծացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը, սահմանի երկայնքով տեղադրել հատուկ տեխնիկա՝ լոկատորներ, որոնք կֆիքսեն հրադադարի ռեժիմը խախտողին։ Արցախի ԱԳն-ն ողջունել է այս փոփոխությունը՝ հայտարարելով, որ այն կնպաստի խաղաղ կարգավորմանն ուղղված արդյունավետ բանակցություններին։ Արձագանքել է նաեւ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը՝ նշելով, որ 1988-ից ի վեր Կոնգրեսն արցախամետ միջոց չէր քննարկել եւ չէր ընդունել։ Հայաստանն ու Արցախն աջակցել են փոփոխությանը, Ադրբեջանը՝ ոչ, եւ լրացումն ընդունվել է՝ չնայած ադրբեջանական լոբբիզմի ջանքերին:

Երեւանի ՋԷԿ-ի հարեւանությամբ այսօր մեկնարկել է նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի շինարարական փուլը: Մեկնարկի հանդիսավոր արարողությանը մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս կայանը փոխարինելու է Հրազդանի ՋԷԿ-ին, որն արդեն հին է եւ ՕԳԳ-ն ցածր է: Իսկ նոր ՋԷԿ-ը երբ գործարկվի, էլեկտրաէներգիան մի փոքր կէժանանա։

Մատաղիսի աղմկահարույց գործի քննությունը վերսկսվել է։ Այն կասեցվել էր 2015-ին, այժմ դատախազությունը որոշել է, որ կան մի շարք առանցքային հանգամանքներ, որոնք պետք է ստուգել եւ հստակեցնել։ Գործը կքննի ԱԱԾ–ն։ Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել 2003 թվականին։ Արցախի Մատաղիսի զորամասի զինծառայողներ Ռոման Եղիազարյանը և Հովսեփ Մկրտումյանը քաղցրավենիք գնելու համար դուրս էին եկել զորամասից և չէին վերադարձել։ 15 օր անց նրանց դիակները գտել էին Մատաղիսի ջրանցքում։ 2005-ի մայիսին Սյունիքի դատարանը նրանց սպանության համար մեղավոր էր ճանաչել նույն զորամասի զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին ու Արայիկ Զալյանին և նրանց դատապարտել էր 15 տարվա ազատազրկման։ 2006-ին Վերաքննիչ դատարանը խստացրել էր պատիժը՝ նրանց դատապարտելով ցմահ ազատազրկման, այնուհետև Վճռաբեկ դատարանը դեկտեմբերին բեկանել էր դատավճիռները եւ գործն ուղարկել նոր նախաքննության: Շիրակի դատարանը արդարացման վճիռ էր կայացրել. ամբաստանյալները անմեղ էին ճանաչվել՝  ապացույցների անբավարարության հիմքով: Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ կառավարությունը որպես բարոյական վնասի փոխհատուցում նախկին ամբաստանյալներին վճարել էր 50 000 եվրո։ Երկու զինվորի սպանությունից 15 տարի է անցել, եւ փաստացի իրական մեղավորները դեռեւս հայտնի չեն։

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը այսօր կրկնել է աղբի ակցիան քաղաքապետարանի շենքի մոտ։ Նա քաղաքապետ Մարությանի նկարով փոքրիկ օդապարիկներ է պատրաստել՝ մեջը աղբ, եւ բաց թողել դեպի քաղաքապետի աշխատասենյակի պատուհանները։ Նրան մոտեցան ոստիկաններ եւ  քանի որ Աղեկյանը պնդում էր, որ պետք է քաղաքի աղբը հասցնի քաղաքապետրան, բերման ենթարկեցին Կենտրոնի բաժին։ Այնտեղ նա կարճ մնաց։

Սեւանի ափին սատկած անասունները վարակված չեն եղել․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն լաբորատոր փորձաքննության համար նմուշներ են վերցրել եւ հրապարակել արդյունքները։ Ինֆեկցիոն եւ ինվազիոն հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել: Տեսչական մարմնի մասնագետները պնդում են, որ անասունների մոտ եղել է փքվածություն։ Այս արդյուքները առնվազն չեն հաստատում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հայտարարությունը, թե գյուղացիները իրենց սատկած անասունները բերում են Սեւանի ափ, որպեսզի փոխհատուցում ստանան պետությունից։

Գույնը փոխած Սեւանի որոշ տեղերում  լողալ խորհուրդ չի տալիս Առողջապահության նախարարությունը։ Հայտարարության մեջ նախ թվարկված են այն ախտանիշները, որոնք առաջանում են «ծաղկած» ջուր խմելու, դրա մեջ լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։ Դրանցից խուսափելու համար նախարարությունը հորդորում է չլողալ այն վայրերում, որտեղ կան ջրիմուռներ։ Նախարարությունը սակայն չի որոշակիցրել, թե հատկապես որ ափերից զգուշանալ՝ նշելով, որ չնայած առավել ռիսկային տարածքներն այժմ Վարդենիկին և Մարտունիին հարակից ափերն են, սակայն ջրիմուռները լինելով կենդանի օրգանիզմ` կարող են տեղաշարժվել։

Դոլարի փոխարժեքն այսօր նվազել է՝ կազմելով 476 դրամ, եվրոն 536 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 597, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 56 դրամ։

Հայաստանի զգալի մասում հուլիսի 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Երեւանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +32+34։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը