News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


«Արաբկիր» բուժկենտրոնում կատարվել է Հայաստանում լյարդի առաջին փոխպատվաստումը անչափահաս հիվանդին։  Բուժկենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը հայտնել է, որ հաճախորդը 10 տարեկան 8 ամսական է, նրա համար դոնոր է դարձել հայրը, որը նրան է տվել իր լյարդի մի մասը։ Վիրահատությունը տեւել է 14,5 ժամ, աշխատել է 22 մասնագետից բաղկացած խումբ, որոնցից 7-ը՝  Բելառուսից։  Մասնագետների խոսքով՝ առանց վիրահատության երեխային մահ էր սպասվում, իսկ վիրահատությունը նրան նորմալ կյանքի հնարավորություն է տվել։

Հայաստանում անչափահասի առաջին այս վիրահատության ընթացքում են Արա Բաբլոյանին հրավիրել հարցաքննության։ Մի քանի ժամից Բաբլոյանը վերադարձել է եւ շարունակել վիրահատությունը։ «Մի քիչ նեղված եմ իրավապահ մարմիններից, որովհետեւ իմ հարցաքննությունը չուներ որեւիցե հրատապություն», լրագրողներին ասել է Ազգային ժողովի նախկին նախագահը։ 

Հիշեցնենք, որ խորհրդարանի նախկին նախագահ Արա Բաբլոյանը որպես կասկածյալ է ներգրավվել Հատուկ Քննչական Ծառայությունում՝  իշխանությունը յուրացնելու հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում։ Նույն գործով մեղադրանք է առաջադրվել ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը երկու օր ուշացումով խորհրդարանի էլեկտրոնային փաստաթղթերում մուտքագրելու համար: Ի դեպ, Արսեն Բաբայանի խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի վաղը։

Բաբլոյանն ասել է, որ այժմ քնություն է ընթանում եւ ինքն իրավունք չունի որեւէ բանի մասին խոսել, բայց վստահեցրել է, որ ամեն ինչ արել է օրենքի եւ Սահմանադրությանը համապատասխան։ 

Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն «Ազատությանը»  հայտարարել է՝ «հեքիաթների ժանրից» է տեղեկությունը, թե իրեն ստիպել են հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից՝ այդ պաշտոնում Հրայր Թովմասյանին ընտրելու համար

«Ես ամսի 28-ին ընտրվեցի Բարձրագույն դատական խորհրդի անդամ և անմիջապես որոշեցի, որ հարմար չէ՝ ՍԴ նախագահը լինի մեկ այլ ինստիտուտում խորհրդի անդամ  և ՍԴ նախագահի լիազորությունները վայր դրեցի, որը իմ իրավունքն է: Որևէ օրենքով նախատեսված չէ դրա ընթացակարգը, դա իմ իրավունքն է, կարող էի նաև հեռուստատեսությամբ հայտարարել, որ վայր եմ դրել»,– ասել է նա։

Լրատվամիջոցների հետ զրույցում էլ ներկայացնելով ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարականի պատճառը, Գագիկ Հարությունյանն ասել է, որ դատարանների շրջափակումից հետո  իր մարդկային արժանապատվությունը թույլ չէր տա շարունակել այդ պաշտոնը զբաղեցնել։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր տան տանիքը բարձրանալու իրավապահների գործողությունները Գագիկ Հարությունյանը որակել է իրավական մշակույթի խնդիր։ Հարցին՝ իրեն դո՞ւր է գալիս այն մթնոլորտը, որ ձեւավորվել է այսօր Հայաստանում, Գագիկ Հարությունյանը ժխտական պատասխան է տվել։

«Ցավն այն է, որ իրավաբաններից ոմանք դատարանները շրջափակելը համարեցին ժողովրդավարության դրսեւորում»,– ասել է նա։

Որոշ նախարարների եւ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացել են, մյուսներինը՝ կրճատվել,  «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հարցին ի պատասխան ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մարուքյանին վրդովել է այդ որոշման գաղտնիության հանգամանքը։ Փաշինյանի խոսքով՝ դա արվել է, որպեսզի նախարարները «սեղմված վիճակում» չհայտնվեն եւ ինքնուրույն իրենց պարգեւավճարներ չգրեն։

Վարչապետը նաեւ նշել է, որ մյուս տարվա հունվարի 1-ից կբարձրացվեն 200-300 հազար մարդու, այդ թվում՝ պատգամավորների աշխատավարձերը։ Հիշեցնենք, որ նախարարները 793 հազար  դրամի փոխարեն այժմ ստանում են 1,5 մլն դրամ աշխատավարձ։ Բարձրացվել են նաեւ փոխնախարարների եւ գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ 

Իրավապահները բացահայտել են Վարդաշենի 64–ամյա բնակչուհու առանձնակի դաժանությամբ սպանությունը: Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկանության Էրեբունու բաժին է մեղայականով ներկայացել նույն շենքի 46–ամայ բնակիչ Գարիկ Մաշադյանը եւ ձերբակալվել։ Պարզվել է, որ նա  պետական եկամուտների կոմիտեի նախագահի 1-ին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբայրն է, սակայն նրանց միջեւ տարիներով շփում չի եղել

Հերթական հնչեղ պաշտոնանկությունը։ Աշխատանքից ազատվել է ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը, որն այդ պաշտոնին էր նշանակվել 2018 թվականի մայիսի 19-ին՝ ոստիկանապետ Վալերի  Օսիպյանի հրամանով։ Հիշեցնենք, որ երեկ Հովհաննես Քոչարյանը հայտարարել էր, որ կողմ չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ պաշտպանի բողոքը,  լրագրողներին ասել է Մութաֆյանի փաստաբան Վահե Եփրիկյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին են մոտեցել Նարեկ Մութաֆյանը եւ Սարգիս Օհանջանյանը, նրանցից առաջինը Դանիբեկյանին մի քանի անգամ հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել  է նաեւ աջակիցներից Սարգիս Օհանջանյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ բողոքը։  

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանի՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է, որը քննել է նույն դատավորը։ Պաշտպան Երեմ Սարգսյանը տարօրինակ է համարել փաստը, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բոլոր միջնորդությունները քննում է նույն դատավորը։

Պաշտպանը Գագիկ Խաչատրյանի նկատմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոց միջնորդել է թույլատրելի ճանաչել գրավի կիրառումը՝ որպես գրավի չափ առաջարկելով 230 մլն դրամը։  Երեմ Սարգսյանն ասել է նաեւ, որ Գագիկ Խաչատրյանն ունի ողնուղեղի հետ կապված խնդիր. գերմանացի բժիշկները դրա մասին զգուշացրել են հայ իրավապահներին։ Դատարանը գրավի վերաբերյալ վճիռը կհրապարակի հոկտեմբերի 24-ին։ ՊԵԿ նախկին նախագահը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափերի վատնման համար։

Երեկ եւ այսօր  Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի ամբողջ աշխատակազմը գործադուլ է հայտարարել։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները պահանջում են աշխատավարձի 30 տոկոս բարձրացում։ Նրանց աշխատավարձը մոտ 350-400 հազար դրամ է։ Գյումրիից եւ դեպի Գյումրի, ինչպես նաեւ Թբիլիսի մեկնող գնացքները փաստորեն կանգնած են:

«Ամբողջ ճշմարտությունը ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԱՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՎԵԼ ՀԱՅՏՆԻ «ՀԱՑ ԲԵՐՈՂ»-Ի ՄԱՀՎԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» խորագրով հրապարակման մեջ  Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը մանրամասն պարզաբանել է, թե ինչու, ինչ հանգամանքներում, և երբ է երկրորդ անգամ կալանավորվել Սարգսյանը։ Հովհաննիսյանը պնդում է, որ ինքը ոչ մի առնչություն չի ունեցել նրա «ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆԸ, ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆԸ ՈՒ ՄԱՀՎԱՆԸ»: Ըստ նրա, իր նախաձեռնությամբ՝ հրավիրված Բժշկական կոնսիլիումի եզրակացության հիման վրա «ԴԱՏԱԽԱԶԻ կողմից կայացված որոշմամբ Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվեց եւ նա ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ: Սակայն հետո քննիչը որոշում է կայացրել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ։ Այդ փորձաքննության եզրակացությամբ՝ նրա հիվանդությունը չի խոչընդոտում կալանքի տակ գտնվելուն, ավելին` նա անգամ ստացիոնար բուժման կարիք չունի»։ Դրանից հետո Արթուր Սարգսյանը նույն օրը կալանավորվել է, հետագայում մահացել անազատության մեջ։ «Այս հարցերի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ նախաքննության մարմինն է, որի նկատմամբ հսկողական գործառույթ ունի դատախազությունը, իսկ արդարադատության նախարարը իրավասություն չունի»,– գրել է Արփինե Հովհաննիսյանը

Դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքն աննշան աճել է։ Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 475, եվրոյինը՝ 528, բրիտանական ֆունտինը՝ 611, իսկ ռուսական ռուբլունը՝ 7.45 դրամ։ 

Վաղը Հայաստանում տեղումների չեն սպասվում: Օդերևութաբանները խոստանում են ջերմաստիճանի բարձրացում 2-3 աստիճանով: Երեւանում նույնպես կլինի չոր եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 7-9, վաղը ցերեկը՝ 21-23 աստիճան տաքություն:  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ