News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Մեղադրող դատախազը եւս չի փոխվի. դատարանը մերժել է երկրորդ նախագահի փաստաբանների հերթական միջնորդությունը։ Ֆրանսահայ փաստաբանը թատրոնի մասնակցելու ժամանակ չունի։ Սեւակ Թորոսյանը լքել է նիստերի դահլիճը։  Մանվել Գրիգորյանի դատավարությունում ոչինչ չի փոխվել։ Ամբաստանյալի առողջական վիճակը կրկին վատացել է, դատարանն էլ նորից մերժել է գրավի դիմաց նրան ազատելու միջնորդությունը։  Դասադուլն ու նստացույցը կշարունակվեն։ Ուսանողները դժգոհ են դասախոսներ-կրթության նախարար հանդիպումից։ «Անընդունելի է Դալուզյանին հերոսացնելու գործընթացը». մարզական մի շարք ֆեդերացիաներ հայտարարություն են տարածել։ Անվտանգության աշխատակիցները ձերբակալել են Թումանյանի ոստիկանության պետին։ Նրան նշանակել էր Օսիպյանը։ Հովիվը գնացքի տակ է ընկել։ Նախնական վարկածով՝ նա պառկել էր ռելսերին՝ հանգստանալու։

Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի մասին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբանի միջնորդությունը:  Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 26-ին:

Երբ ամբողջությամբ իրականությանը չհամապատասխանող խոսք է հնչում, դա ավելի վտանգավոր է, քան եթե կեսճշմարտությունն է ասվում, դատարանում մեղադրողին  բացարկ հայտնելու միջնորդությունը հիմնավորելիս ասել է երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը։  Դատախազ Պետրոսյանն, ըստ Ալումյանի, կեսճշմարտությունն է ասում,  պարզաբանելով, որ դատավորներից մեկին հրել-գցելու վերաբերյալ գործ է քննվում, մինչդեռ, դատարանները բռնությամբ շրջափակելու առիթով ոչ մի քննություն չի ընթանում։ «Մեղադրող կողմը խեղաթյուրում է իրականությունը: Եթե հիմնավոր ապացույցներ կան եւ դրանք կցված չեն գործին, դա խախտում է, եւ նման դատախազը դատարանում անելիք չունի», ասել է Ալումյանը։

Յուրաքանչյուր նման որոշումից հետո ամրապնդվում է այն կարծիքը, որ այս գործընթացը որեւէ կապ չունի արդարադատության հետ, եւ դատավորը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերում, նիստից հետո ասել է երկրորդ նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը: Փաստաբանը նշել է, որ միջնորդության իրենց փաստարկները ոտքից գլուխ շրջվել են:

Թատրոնի մասնակցելու ժամանակ չունեմ, լքելով դատարանի դահլիճը՝ ասել է Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սեւակ Թորոսյանը, ավելացնելով, որ երաշխիք չունի, որ այսօր եւ հաջորդ նիստերին անկախության վրա հիմնված դատավարություն է լինելու։

Հանրապետության երկրորդ նախագահի աջակիցները բողոքի ակցիա են իրականացրել դատարանի դիմաց։ Նրանք վստահ են, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումն ապօրինի է եւ դատարանն իր վճիռները կայացնում է գործադիր իշխանության ղեկավարի ճնշման արդյունքում։

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստն ընդմիջվել է ամբաստանյալի առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Նրան նիստերի դահլիճից դուրս են բերել շտապ օգնության աշխատակիցները։ Գրիգորյանը դարձյալ եղել է անվասայլակով, դահլիճում նրան դիմավորել են ծափերով եւ  «առողջություն զորավարին» բացականչություններով:

Ավելի ուշ, երբ Մանվել Գրիգորյանն արդեն դատարանում չէր, նիստը նախագահող Մնացական Մարտիրոսյանը մերժել է պաշտպանների՝  Գրիգորյանին 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը։ Հիշեցնենք, որ Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, 101 միլիոն դրամի գույք յուրացնելու,  1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին առանձնազրույց է ունեցել պաշտոնական այցով այդ երկրում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Նախագահը շնորհակալություն է հայտնել  էմիրին Հայաստանի քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման, ինչպես նաեւ այդ պետությունում Հայաստանի դեսպանության բացմանն աջակցելու համար։ Զրուցակիցներն առանձնացրել են այն ոլորտները, որոնց շնորհիվ կիրացվի երկու բարեկամ երկրների փոխգործակցության ներուժը։

«Երբեւէ չեմ մտածել, որ  որեւէ պաշտոնյայի կողմից կարող եմ արժանանալ հեգնախառն վերաբերմունքի», ասել է ԵՊՀ Հայ գրականության ամբիոնի դասախոս, դոցենտ Արշալույս Գալստյանն՝ անդրադառնալով նախօրեին Կրթության նախարար Արայիկ Հարությունյան-դասախոսներ  հանդիպմանը։ Դասադուլ հայտարարած ուսանողներին բացակա նշանակելու վերաբերյալ հարցին դոցենտը հիշեցրել է անցյալ տարվա ապրիլը, երբ որեւէ մեկի մեջ հարց չէր ծագում՝ նրանց բացակա համարել, թե ոչ։

Ուսանողները դժգոհ են մնացել նախարարի հետ իրենց դասախոսների հանդիպումից եւ շարունակում են գործադուլը։ Նստացույցն էլ շարունակում է ՀՅԴ երիտասարդական թեւը, որը պահանջում է կրթության նախարարի հրաժարականը։ Ուսանողները համոզված են, որ նախարար Արայիկ Հարությունյանն անհարգալից վերաբերմունք  է ցուցաբերել վաստակ ունեցող գիտնականների հանդեպ։

Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաներ, մարզիչներ ու մարզիկներ  համատեղ հայտարարությամբ ընդգծել են, որ իրենց համար անընդունելի է Մելինե Դալուզյանին հերոսացնելու գործընթացը։ «Նրա վարքագիծը և անպարկեշտ պահվածքը անընդունելի է եղել հայկական մարզաշխարհի համար», գրել են նրանք եւ ցավով արձանագրել, որ հասարակությունը քննարկում է  հայկական մարզաշխարհի անունը խայտառակած մի սուբյեկտի սեռափոխման հանգամանքն ու նրան նվիրված ֆիլմ նկարահանելու  վերաբերյալ պետության որոշումը: Վերջին իրադարձությունները խիստ վիրավորական են հայկական մարզաշխարհի համար, գրել են նրանք:

Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է «Նվազագույն աշխատավարձի մասին» գործող օրենքում եւ կից օրենքներում օրենսդրական լրացումների փաթեթը, որոնց համաձայն՝ նվազագույն աշխատավարձը հունվարի 1-ից 55 հազար դրամից կբարձրանա մինչեւ 68 հազար դրամ:

Խորհրդարանը գաղտնի քվեարկությամբ ընտրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովի անդամները պետք է լինեն 5-ը. առաջինը պետք է ներկայացնի կառավարությունը, երկրորդը՝ «Իմ քայլը», երրորդը՝ ԲՀԿ-ն, չորրորդը՝ «Լուսավոր Հայաստանը» եւ հինգերորդը՝ Բարձրագույն դատական խորհուրդը:

Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Գյումրիում կոռուպցիայի կամ չարաշահումների թեմայով իրեն չեն հարցաքննել եւ իր հանդեպ մեղադրանք չկա։ Ճշտող հարցին վարչապետ Փաշինյանը զրպարտո՞ւմ է՝ խոսելով Գյումրիի կեսը թալանելու մասին, Ղուկասյանը հույս է հայտնել, որ նա հետագայում կզգա իր սխալը։

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են  ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանին:  Վերջինն  այդ պաշտոնին էր նշանակվել անցած տարի՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով:

Նախօրեին Հարավկովկասյան երկաթուղու` Արտենի գյուղի հատվածում 51 տարեկան տղամարդ է գնացքի տակ ընկել ու մահացել։ Արագածավան համայնքի ղեկավարի տեղակալ Գեղամ Խլղաթյանի խոսքով՝ տղամարդը հովիվ էր եւ իր տեղեկություններով՝ հանգստանալու նպատակով է այդտեղ պառկել։

«Այս կատարյալ ֆիասկոն արտացոլում է հայկական ֆուտբոլի այսօրվա իրավիճակը», Իտալիայից կրած 1։9 հաշվով պարտությունից հետո Պալերմոյում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը։ Նրա խոսքով՝ նման հաշվով պարտություններից հետո ոչ մի պատճառաբանություն չի կարելի բերել։

Ամերիկյան դոլարի փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 0.33 դրամով եւ կազմել 476.98 դրամ: Եվրոյի փոխարժեքն աննշան է նվազել եւ հիմա 527.92 դրամ է, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.86 դրամով եւ կազմել  617.88 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 1 հարյուրերորդական դրամով եւ կազմել 7.49 դրամ։

Նոյեմբերի 20-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղումներ չեն լինի նաեւ Երեւանում։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +10+12։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 13.12.2019
Ի՞նչ էին փնտրում հատուկջոկատայինները Ռուբեն Հայրապետյանի տանը. հարցրեք «պատվերն իջեցնողին»՝ ասում է գործարարը...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 12.12.2019
Կրակոցներ Տավուշում. նախկինում դատապարտվածը կրակել է քրեական անցյալ ունեցող մեկ այլ երիտասարդի վրա...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 11.12.2019
Պոլսի հայոց Մայր տաճարի ղողանջներն ավետեցին 85-րդ պատրիարքի ընտրությունը...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 10.12.2019
Ֆրանկլին Գոնսալեսը, նույն ինքը՝ Նարեկ Սարգսյանը, կարտահանձնվի...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 09.12.2019
«Մեր եղբայր Արթուր Վանեցյանի տարեդարձն է». Չեչնիայի նախագահը ԱԱԾ նախկին տնօրենին համարում է ռուս ժողովրդի մեծ բարեկամը...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 06.12.2019
Մեղադրանքը կեղծ է եւ ծիծաղելի։ Բարսեղ Բեգլարյանը՝ իր եւ Սերժ Սարգսյանի հանդեպ հարուցված քրեական գործի մասին...
Ամենաշատ