News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 01
USD
504.47
EUR
553.45
RUB
6.46
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը


Արցախի Պաշտպանության բանակի նոր հրամանատարը Ջալալ Հարությունյանն է։

Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Այդ պաշտոնում նշանակվել է գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը՝ ազատվելով պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։

Կիրակի ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Կրակից վիրավորվել է հայ զինծառայող, վիրավորումը թեթև է, կյանքին վտանգ չի սպառնում: Հայկական ստորաբաժանումները պատասխան կրակով լռեցրել են հակառակորդին:

Այս միջադեպից հետո Ադրբեջանը կեղծ տեղեկություն է տարածել, թե իբր հայկական կողմն է դիվերսիա ձեռնարկել։ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ այդ «դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է ադրբեջանական հանրության համար: Հայկական ստորաբաժանումներն ընդամենը պատասխանել են ադրբեջանական սադրանքներին, որոնց հետեւանքը բոլորը հայտնի են։ Ավելին, հայկական կողմը դեռ զսպվածություն է դրսեւորում»,-նշել է նա:

Շաբաթ օրը Արցախում, հայկական երկու հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ տնտեսական մրցունակությունն ու Ժողովրդավարությունն են այն կարևոր երաշխիքները, որոնք պետք է ամրացնեն ու ամրապնդեն Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Ըստ նրա՝ Արցախում ժողովրդավարության մակարդակն անչափելի բարձր է Ադրբեջանից, եւ այդ պատկերը նույնը կլինի նաեւ առաջիկա համապետական ընտրություններում։ Հիշեցնեմ, որ Մյունխենում Ալիեւի հետ բանավեճում Փաշինյանն ասում էր, որ Արցախի անվտանգության երաշխիքը տարածքներն են։

Կիրակի վարչապետը Ֆեյսբուքում գրեց, որ կառավարությունն արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին, իսկ երկուշաբթի առավոտյան տեղի կունենա Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հարցերով հանձնաժողովի նիստը։ Փաշինյանն ընդգծել էր, որ խուճապային տրամադրությունների հիմք չկա եւ դրանք վնասակար են։ Ուշագրավ է, որ Իրանում նոր վիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանը փակելու մասին կոչերին՝ «Իմ քայլից» Վիկտոր Ենգիբարյանն էր արձագանքել, թե խուճապ ստեղծողները հաջորդ կյանքում դառնալու են կորոնավիրուսի հարուցիչ։

Իսկ երկուշաբթի կայացած նիստում քննարկվել են աշխարհում և մեր տարածաշրջանում կորոնավիրուսով պայմանավորված ընթացիկ իրավիճակը և Հայաստանում դրա տարածումը կանխարգելելու ուղղությամբ անելիքները: Որոշվել է ժամանակավոր փակել ցամաքային սահմանն ու հաղորդակցությունը Իրանի հետ: Կլինի բացառություն բեռնափոխադրումների համար, վարորդների նկատմամբ հսկողություն կիրականացվի, սահմանափակում չի կիրառվի Հայաստանում գտնվող իրանցիների, եւ հարեւան երկրում գտնվող հայաստանցիների վերադարձի հարցում։

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը խուսափել է որոշակի պատասխանել կորոնավիրուսի տարածման պատճառով Իտալիայի հետ ավիահաղորդակցության դադարեցման հնարավորության մասին հարցին:  Հայտնի է, որ եւրոպական երկրներից հատկապես Իտալիայում են արձանագրվել կորոնավիրուսով վարակվածության դեպքեր. այդ երկրի ֆուտբոլի առաջնության մի շարք խաղեր այդ պատճառով հետաձգվել են։

Սահմանադրական դատարանի նախագահը դատական հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետի։ Հրայր Թովմասյանը պահանջում է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար ներողություն խնդրելու եւ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելու համար։ Հիշեցնենք, որ Փաշինյանը պնդում էր, թե Թովմասյանը պարբերաբար առաջարկել է ծառայություններ մատուցել, քծնել է, շողոքորթել եւ այլն։

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխվել են։ Հատուկ քննչական ծառայությունից հայտնել են, որ վարույթն իրականացնող մարմինը նրանց վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու եւ գործը դատարան ուղարկելու համար։

Դատարանը վարույթ է ընդունել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայցն ընդդեմ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի։ Վանեցյանը պահանջել էր հրապարակայնորեն հերքել, իր ձեւակերպմամբ՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, հեռացնել հոդվածը և հրապարակել հերքման տեքստը, ինչից թերթը հրաժարվել էր։

Նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստվում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկ ներկայացնել դատարանին։ Քոչարյանի Փաստաբանական թիմը փաստաթղթեր է պատրաստում՝ առաջիկա դատական նիստերից մեկի ընթացքում միջնորդություն ներկայացնելու համար։

Երեւանում շարունակվել է նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով դատավարությունը, որին ներկա է նաեւ տուժող, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Օրակարգում տեսաժապավենների ուսումնասիրությունն է։ Երանոսյանին վերագրվող գործողությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլի 16-ի եւ ապրիլի 22-ի բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ։ Համաձայն մեղադրանքի՝ փոխոստիկանապետը չարաշահել է իր լիազորությունները եւ նաս է պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին։ Ալեն Սիմոնյանը ցուցմունք է տվել դատարանին։

Արտաշատի դատարանը երկրորդ անգամ է հետաձգել անցած տարվա հուլիսի 6-ին Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով նիստը, քանի որ գործով ամբաստանյալ Սողոմոն Հակոբյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը չէր ներկայացել՝ գերզբաղվածության պատճառով։ Դատական նիստի հետաձգվելը վրդովվեցրել է տուժողներին եւ տուժողների իրավահաջորդներին։ Հիշեցնենք, որ Զոդի կամրջի վրա միմյանց են բախվել «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել: Վթարին ու հրդեհին զոհ էր գնացել 7 մարդ, 4-ը ծանր վնասվածքներ էին ստացել։

Կիրակի, տեղական ժամանակով 20-ին հայկական սեյսմիկ ծառայությունը 5.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել է Իրան-Թուրքիա սահմանի Սալմաս քաղաքից 30 կմ արևմուտք: Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևանում, Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում 4 բալ ուժգնությամբ: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ կա 9 զոհ և ավելի քան 75 վիրավոր:

Հիմա ամենակարեւորը Ամերիկայի կողմից Արցախին տրվող օգնության շարունակականությունն է, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի հանձնաժմբի ներկայացուցիչ Րաֆֆի Համբարյանը: Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո այժմ Հայ դատի կառույցը ջանքերը կենտրոնացրել է Սպիտակ տան վրա։

Ռուս-թուրքական հարաբերությունները շարունակվում են սրվել։ Անկարան դեռեւս չի կատարել Սիրիայի հարցով պայմանավորվածության դրույթները, որոնք ձեռք էին բերվել Սոչիում ավելի քան մեկ տարի առաջ, հայտարարել է դաշնության նախագահի մամուլի քարտուղարը։ «Ըստ այդ պայմանավորվածության՝ հենց Թուրքիան պետք է ապահովեր ծանր զինամթերքի դուրսբերումը»,- ասել է Դմիտրի Պեսկովը: Դրությունն Իդլիբում կտրուկ սրվել էր փետրվարի սկզբում:

ԱԺ նախկին փոխնախագահ, «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» կազմակերպության հիմնադիր Արփինե Հովհաննիսյանն ամուսնացել է, նրա ընտրյալը «Աստղիկ» Բուժկենտրոնի փոխտնօրեն Արշակ Մնացականյանն է։ Հարսանեկան խնջույքին ներկա են եղել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, փոխվարչապետեր Վաչե Գաբրիելյանը, Արմեն Գեւորգյանը եւ ուրիշներ։ Նորապսակների համար Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Արման Սահակյանը կատարել են «Իմ ընկեր» երգը։

«Ռոմայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Իտալիայի առաջնության 25-րդ տուրի «Լեչեի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ: Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը «Լեչեի» դեմ խաղում դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։ «Ռոման» հաղթանակ էր տարել 4:0 հաշվով:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.07 դրամով եւ կազմել 478.42 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.50 դրամով ու հասել 517.55 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.72 դրամով ու կազմել 617.07 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը մնացել է անփոփոխ՝ 7.43 դրամ՝ մեկ ռուբլու դիմաց։

Փետրվարի 25-ին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ լեռներում՝ ձյան, հովիտներում՝ անձրեւի տեսքով: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 8-10 աստիճանով: Երեւանում տեղումները տեղ-տեղ կլինեն թաց ձյան տեսքով: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +5+7:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը