News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 28
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Պուտինի եւ Էրդողանի միջեւ վերջին բանակցությունների արդյունքում ժամանակավոր ելք էր գտնվել, հաջողվել էր հաստատել հրադադարի ռեժիմ, սակայն ապագայում ռազմական կամ քաղաքական բնույթի բախումները երկրների միջեւ չեն բացառվում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրասթյանը:

«Ուշագրավ է, որ երկու պետությունները համաձայնության են եկել երրորդ անկախ պետության հարցում առանց վերջինիս, այսինքն՝ Սիրիայի համաձայնության: Բացի այդ, չի ասվել եւ ոչ մի խոսք այն մասին, թե ինչ կլինի տարածքների հետ, որոնք վերջերս ազատագրվել էին սիրիական զորքերի կողմից. կմնա՞ն դրանք Ասադի կառավարության հսկողության ներքո կամ կհանձնվե՞ն ռազմական միավորումներին՝ Թուրքիայի կողմից սատարվող»,-ընդգծել է նա:

Փորձագետը հավելել է, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից Թուրքիան եւ Ռուսաստանը ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը Մերձավոր Արեւելքում ԱՄՆ հայտարարությունների ֆոնին, որ աստիճանաբար հեռանում է տարածաշրջանից, այսինքն՝ Անկարան եւ Մոսկվան, ըստ ամենայնի, փորձում են հաստատել այստեղ իրենց առաջատար դիրքերը:

«Չնայած դա ժամանակ առ ժամանակ ուղեկցվում է լարվածության աճով, ինչպես 2015 թվականին էր, երբ խոցվել էր ռուսական կործանիչը, սակայն երկրներն ունեն ընդհանուր շահեր. Թուրքիան ցանկանում է անկախություն ԱՄՆ-ից եւ ՆԱՏՕ-ից, նույնը ցանկանում է նաեւ Ռուսաստանը, այսինքն՝ դուրս հանել Թուրքիային ՆԱՏՕ-ից»,-նշել է նա:

Սաֆրասթյանը նշել է, որ Աստանայի բանակցություններն Իդլիբի հարցով անցկացվել են նաեւ Իրանի մասնակցությամբ, սակայն այս անգամ Թեհրանը բացակայել է, եւ Իսլամական Հանրապետությունը հազիվ թե համակերպվի այդ իրավիճակի հետ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանը հինգշաբթի Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են հրադադարի եւ մի շարք այլ միջոցառումների մասին, որոնք ուղղված են իրավիճակի կարգավորմանը սիրիական Իդլիբ նահանգում: Նրանց կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները նախատեսում են, որ Իդլիբում ռազմական գործողությունները շփման ողջ երկայնքով դադարեցվելու են մարտի 6-ին: Մարտի 15-ից Ռուսաստանի Դաշնությունն ու Թուրքիան կսկսեն համատեղ պարեկային ծառայությունները M4 մայրուղու վրա, որի երկայնքով անվտանգության միջանցք կստեղծվի: Մոսկվան եւ Անկարան վերահաստատել են իրենց աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությունը պահպանելու վերաբերյալ եւ պայմանավորվել են շարունակել վճռական պայքարը ահաբեկչության դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ