Կորոնավիրուսով հիվանդների հոսպիտալացումը Իրանի հիվանդանոցներ, ինչպես նաեւ այս վիրուսի հետեւանքով մահացությունների թիվը սկսել է նվազել: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Տարբեր մարզերի հիվանդանոցներ տեղափոխվող հիվանդների թիվը նվազել է: Կրճատվել է նաեւ մահացությունների թիվը»,- նախագահի խոսքերը մեջբերում է IRNA գործակալությունը: Ռոհանին հավելել է, որ «մինչ այդ ձեռնարկված միջոցներն արդյունավետ են եղել»:
Նրա խոսքով` «հիմնական խնդիրը փողոց դուրս եկող մարդկանց թիվը կրճատելն է»: «Եթե տանը 10 մարդ կա, ապա հարկավոր է, որպեսզի մեկը դուրս գա եւ գնումներ կատարի բոլորի համար»,- ասել է Ռոհանին:
Վերջին շաբաթներին Իրանում վարակվածների թվի աճը կայունացել է օրական հազարից 1.2 հազարի մակարդակի սահմաններում: Ընդ որում, մահացության մակարդակը նույնպես շատ չի փոխվել եւ օրական մոտ 120-130 մահվան դեպք է կազմում: