News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կորոնավիրուսի համավարակը կտրուկ կնվազեցնի գլոբալ տնտեսական աճը 2020 թվականին, ինչն ավելի վատ հետեւանքների կհանգեցնի, քան 1930-ականների Մեծ դեպրեսիայից հետո էր, ընդ որում, 2021 թվականին միայն մասնակի վերականգնում կլինի, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան, փոխանցում է Reuters- ը:

Նա կորոնավիրուսի սոցիալական եւ տնտեսական ազդեցության շատ ավելի մռայլ պատկեր է ներկայացրել, քան մի քանի շաբաթ առաջ էր` նշելով, որ կառավարություններն արդեն 8 տրիլիոն դոլարի չափով հարկային խթանման միջոցներ են ընդունել, բայց, հավանաբար, ավելի շատ անհրաժեշտ կլինի: Ըստ նրա` ճգնաժամն ամենից շատ կազդի զարգացող շուկաների եւ զարգացող երկրների վրա, որոնց համար հարյուր միլիարդավոր դոլարների արտաքին օգնություն կպահանջվի:

«Ընդամենը երեք ամիս առաջ մենք մեկ շնչի հաշվով եկամտի դրական բարձրացում էինք ակնկալում 2020 թվականին մեր անդամ ավելի քան 160 երկրներում», - հայտարարել է նա մեկնաբանություններում, որոնք արվել են ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի` հաջորդ շաբաթ նախատեսված գարնանային նիստերին ընդառաջ: «Այսօր այդ թիվը գլխիվայր շրջվել է. այժմ մենք կանխատեսում ենք, որ այս տարի ավելի քան 170 երկրի բացասական աճ է սպասվում մեկ շնչի հաշվով»: Ըստ Գեորգիեւայի` եթե համաճարակը հետ նահանջի տարվա երկրորդ կեսին, ապա ԱՄՀ-ն 2021 թվականին մասնակի վերականգնում է ակնկալում, սակայն նա նախազգուշացրել է, որ իրավիճակը կարող է վատթարանալ: «Ես շեշտում եմ, որ հսկայական անորոշություն կա հեռանկարի հետ կապված. այն կարող է վատթարանալ` կախված տարբեր փոփոխական գործոններից, այդ թվում` համաճարակի տեւողությունից»,- ասել է նա:

ԱՄՀ-ն, որում 189 անդամ երկիր է ներառված, համաշխարհային տնտեսության վերաբերյալ իր մանրամասն կանխատեսումները կհրապարակի հաջորդ երեքշաբթի:

Գեորգիեւան նշել է, որ ներդրողներն արդեն մոտ 100 միլիարդ դոլարի կապիտալ են դուրս հանել երկրներից, ինչն ավելի քան երեք անգամ գերազանցում է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի նույն ժամանակահատվածում դիտվող արտահոսքը: Ըստ նրա` հումքային ապրանքների գների կտրուկ անկման պատճառով զարգացող շուկային եւ զարգացող երկրներին տրիլիոն դոլարներ անհրաժեշտ կլինեն՝ համաճարակի դեմ պայքարի եւ տնտեսությունը փրկելու համար: «Նրանք շտապ օգնության կարիք ունեն»,- ասել է նա` հավելելով, որ հարկավոր կլինի հարյուր միլիարդավոր դոլարներ վերցնել արտաքին աղբյուրներից, քանի որ այդ կառավարությունները կարող են ինքնուրույն փակել ծախսերի մի մասը, իսկ շատերն արդեն մեծ պարտքեր ունեն: Ապագայում վերականգնումն ապահովելու համար Գեորգիեւան կոչ է արել շարունակել ջանքերը` վիրուսի զսպման եւ առողջապահական համակարգերին աջակցության համար:

«Քայլերը, որոնք մենք կնախաձեռնենք հիմա, կորոշեն մեր վերականգնման արագությունն ու ուժը»,- ասել է նա: Չափազանց կարեւոր է տուժած մարդկանց եւ ընկերություններին ապահովել «խոշոր, ժամանակին եւ նպատակային» միջոցներով, ինչպիսիք են աշխատավարձերի սուբսիդիաները, գործազրկության ընդլայնված նպաստները եւ վարկավորման փոփոխված պայմանները` միաժամանակ նվազեցնելով ֆինանսական համակարգի ծանրաբեռնվածությունը: Համակարգված հարկաբյուջետային խթանումը շատ կարեւոր նշանակություն ունի, եւ դրամավարկային քաղաքականությունը պետք է ադապտիվ մնա, որտեղ գնաճը ցածր է մնում: «Նրանք, ովքեր մեծ ռեսուրսներ եւ քաղաքական տարածք ունեն, ստիպված կլինեն ավելին անել, իսկ նրանց, ովքեր սահմանափակ ռեսուրսներ ունեն, ավելի շատ աջակցություն անհրաժեշտ կլինի»,- ասել է նա:

Ըստ Գեորգիեւայի` ԱՄՀ-ն ստեղծվել է նման ժամանակների համար եւ պատրաստ է օգտագործել 1 տրիլիոն դոլարի չափով իր վարկային ռեսուրսները:

Նա հայտնել է, որ ԱՄՀ-ն նաեւ միջոցներ է փնտրում իրացվելիությանը լրացուցիչ աջակցություն տրամադրելու համար, այդ թվում նաեւ` կարճաժամկետ իրացվելիության գծի ստեղծման միջոցով, եւ լուծումներ, որոնք թույլ կտան վարկավորել նույնիսկ այն երկրներին, որոնց պարտքի ծավալն անընդունելի էր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ