News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Քննչական կոմիտեն մեկ վարույթում է միացվել Գավառում երկու անձի սպանելու եւ չորս անձի հրազենով վիրավորելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ եւ գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը: Երեկ  ժամը 17-ին մոտ Գավառի Ազատության փողոցում անձը կամ անձինք կրակահերթ են արձակել Նորատուսի 8  բնակչի  ուղղությամբ.  Երկուսը տեղում մահացել են, մյուսները տեղափոխվել հիվանդանոց: Ավելի ուշ մի խումբ անձինք հարձակվել են Գավառի հիվանդանոցի վրա, կոտրել ապակիները եւ գույքը, հարվածներ հասցրել վիրավորներից մեկին: Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով  այս պահի դրությամբ ձերբակալվել է  5 անձ:  Նորատուսի գյուղապետը պնդում է, որ ձերբակալվածների թիվը հասել է 15-ի։

Վիրավորներից ոմանց կյանքին վտանգ է սպառնում, լրագրողներին ասել է Գավառի հիվանդանոց այցելած առողջապահության նախարարը։ Արսեն Թորոսյանը  չի հստակեցրել, թե քանի վիրավորի կյանքի է վտանգ սպառնում, և արդյոք խոսքը այն անձանց մասին է, որոնց պարանոցը փորձել են կտրել։ Նախարարը հայտնել է, որ կան բազմաթիվ տուժածներ, որոնք գտնվում են բժիշկների հսկողության տակ տարբեր հիվանդանոցներում։

Երեւանի Մխիթար Հերացու անվան համար 1 համալսարանական հիվանդանոցում այս պահին ծառայություն են իրականացնում ոստիկանության աշխատակիցները։ Նրանք հսկում են այն մասնաշենքի մուտքը, որտեղ գտնվում են Գավառից վիրավորումներով տեղափոխված 2 քաղաքացիները։

Գավառում հնչած կրակոցներից  ու հիվանդանոցի վրա հարձակումից հետո երեկ երեկոյան սահմռկելի լուրեր էին հասնում Երեւան: Հաղորդվում էր, որ տեղի է ունեցել դաժան վենդետա, որ ոստիկանապետ Արման Սարգսյանը եղել է դեպքի վայրում, ոստիկանությունն էլ չի կարողացել վերահսկել իրավիճակը, որ ձողերով ու դանակներով զինված անձինք, ճեղքելով ոստիկանական պատնեշը,  ներխուժել են հիվանդանոց, այնտեղ գտնվողներից երկուսի կոկորդը կտրել, մեկին՝ ծեծի ենթարկել, ապա հեռացել։ Նշվում էր նաեւ, որ կրակահերթի զոհ են դարձել Քննչական կոմիտեի  զինվորական քննիչ՝  31-ամյա Զոհրաբ Պարոնիկյանն ու նրա փեսան։

Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բուժկենտրոնում որևէ մեկը չի սպանվել,  այսօր առավոտյան Ֆեյսբուքում գրել է ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը: Նա վստահեցրել է, որ բուժկենտրոնում որևէ մեկը չի սպանվել, նաեւ կոչ արել լրատվամիջոցներին՝ չճշտված տեղեկություններ չհրապարակել

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքել է տեղեկությունը, թե իբր մահացածներից մեկը ռազմական ոստիկանության քննիչ է։ Նա ֆեյսբուքում գրել է, որ Գավառի միջադեպում նախարարության համակարգի, ներառյալ՝ Ռազմական ոստիկանության, որևէ զինծառայող, ծառայող կամ աշխատակից ներգրավված չի եղել։

Twitter-ի իր միկրոբլոգում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գրել է բառացիորեն հետեւյալը. Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, ներկա պայմաններում պարզապես գոյություն չունի։ Ըստ նրա՝ դա են վկայում Գավառում տեղի ունեցած իրադարձությունները։

Երեկ Ազգային Ժողովում կատարվածը և Գեղարքունիքի մարզի սահմռկեցուցիչ տեսարանները վկայում են կառավարման խորը ճգնաժամի մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։  «Հանգամանքների բերումով վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձն այս երկու տարվա ընթացքում այդպես էլ չհասկացավ, որ իր գործը ոչ թե էժանագին լրատվական մանիպուլիացիաներն են, այլ՝ երկրի կառավարումը։ Մենք հասել ենք այն կետին, երբ մանիպուլիացիաներով այլևս հնարավոր չի լինելու ժամանակ շահել, հետաձգել խնդիրները, մոլորեցնել հանրությանը», նշել է Վանեցյանը եւ հարց տվել․ «Ի՞նչ եք բանակցել և բանակցում Ղարաբաղի շուրջ։ Փուլայի՞ն, թե՞ փաթեթային տարբերակ։ Ակնկալվում է պարզ պատասխան։ Այս հարցադրումից հնարավոր չի լինելու խուսափել, եթե անգամ խոսնակը կրկնապատկի կեղծ հայտարարությունների չափաբաժինը»։

Երեկվանից մի շարք իրավաբաններ պնդում են, որ Գավառի դեպքերը խայտառակություն են պետության համար և ոստիկանապետը պետք է հրաժարական տա։ Քրեական գործերով փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով՝ ամոթ է անգամ քննարկելը՝ ոստիկանապետը դեպքի վայրից 300 մ այս կողմ է եղել, թե ոչ։ Ոստիկանները զինված կանգնած են, իսկ անձինք կարողանում են ոչ միայն մուտք գործել նրանց հսկողության տարածք, այլև պարանոցներ կտրել, դուրս գալ, ասել է նա, վերջում ամփոփել․ մենք արդեն պետություն ենք կորցնում։

Այսօր ոստիկանական համակարգը, նաեւ Ազգային անվտանգության եւ Հատուկ քննչական ծառայությունները գտնվում են Սորոսի ձեռքում։ Այս մասին կառավարության առջեւ լրագրողներին հայտարարել է Երեւանի ավագանու նախկին անդամ, հասարակական գործիչ Մարինա Խաչատրյանը։ Նա եկել է պահանջելու ոստիկանապետի հրաժարականը։

Այսօր՝ ժամը 11-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 65 նոր դեպք է գրանցվել: Հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1932-ի,  այս պահին բուժվում է 1000 անձ, ապաքինվել՝  900-ը, 30 պացիենտ մահացել է:

Արտահերթ նիստում Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քվեարկել է այս տարվա պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների օգտին, որոնք դեֆիցիտի կրկնակի ավելացում են ենթադրում: Այս փոփոխություններին սատարել է 101 խորհրդարանական, 17-ը դեմ է քվեարկել:

Արվում է հետաքրքիր մի մանիպուլացիա, երբ դրամական միջոցների հոսքերը և ֆինանսական կառավարման սկզբունքները խառնվում են իրար, Ազգային ժողովում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նախաձեռնությանը՝  յուրաքանչյուր ընտանիքի բաժանել 100 հազարական դրամ եւ յուրաքանչյուր թոշակառուի՝ մեկ ամսվա հավելյալ թոշակ:

Ես երեկ շատ խառն եմ եղել չեմ տեսել, որ վարչապետն ինձ նամակ է գրել,  հայտարարել է Էդմոն Մարուքյանը, պարզաբանելով, որ նա իր թերթում խմբագրական է գրել ու անդրադարձել իրեն: Ըստ Մարությանի՝ Փաշինյանը գրել է, թե տպավորություն է, որ ինքը լիներ, կտար, մենք չենք տալիս: Վերջում եզրահանգում է՝ եթե Մարուքյանը գրավոր գրեր կառավարությանը, կառավարությունը կարձագանքեր, պատմել է Մարուքյանը եւ ցույց տվել մարտի 30-ին գրած իր պաշտոնական նամակը Փաշինյանին։

«Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է իրենց միաբանությունից արյունոտ դեմքով Արթուր Դանիելյանի լուսանկարը եւ գրառում արել: «Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա»:

Քիչ առաջ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Այս մասին էլ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Ալենի հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Պատահարի մասին հայտնել եմ ոստիկանապետ Արման Սարգսյանին»,- նշել է նա:

Դրանից հետո էլ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն է ուղիղ եթեր մտել եւ հայտնել, որ Արթուր Դանիելյանը հիվանդանոցում է եւ ոստիկանությունը խոչընդոտում է իրենց մուտքը  հիվանդանոցի ընդունարանում։ Սամսոնյանը ենթադրում է, որ ոստիկանները ժամանել են Դանիելյանին ձերբակալելու համար, որն, ըստ ամենայնի, կոտրվածք ունի: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը պահանջել է թույլ տալ իրեն հանդիպել Դանիելյանի հետ՝ որպես փաստաբան: Նրան թույլ են տվել։ Կոնստանտին Տեր-Նակալյանը պնդում , թե Սիմոնյանն առաջինն է հարվածել։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ  նվազել է 0.11 դրամով եւ  կազմել 479.52 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.17 դրամով  ու կազմել  520.57 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.64 դրամով ու կազմել  595.47 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով ու հասել  6.51 դրամի։

Ապրիլի 30-ի երեկոյան ժամերին Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա: Երեկոյան Երեւանում հնարավոր են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7 +9, վաղը ցերեկը` +19 +21:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ