ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը չի հիշում, թե ԼՀ պատգամավորներից որեւէ մեկն իրեն հարվածած լինի։ Այս մասին պատգամավորը հայտնեց NEWS.am-ի հետ զրույցում։
«Ես չեմ պնդում, որ իրենք ինձ հարվածել են, ոչ էլ կարող եմ հերքել դա։ Այնտեղ քաշքշուք էր, ամբողջությամբ չեմ կարող իրավիճակը պարզաբանել, իրական ներկայացնել։ Քաշքշուք է եղել, կադրերն էլ ասում են՝ քաշել, գցել են։ Ընդհանուր կոնֆլիկիտին մասնակցած կա 6 հոգու անուն՝ Սասուն Միքայելյան, Վահե Ղալումյան, Արտակ Մանուկյան, մյուս կողմից՝ Էդմոն Մարուքյան, Հրանտը եւ Սարգիսը։ Ես մեր երկուսի եւ իրենց երկուսի անունները այդ տրամաբանության մեջ եմ տեսնում»,- ասաց նա։
Հարցին՝ պատրա՞ստ է մանդատը վայր դնել, եթե ԼՀ երկու պատգամավորները՝ Սարգիս Ալեքսանյանն ու Հրանտ Այվազյանը վայր դնեն իրենց մանդատները, ինչպես որ Լիլիթ Մակունցն էր հայտարարում, պատգամավորը պատասխանեց․ «Մինչեւ Սարգիս Ալեքսանյանը պետք է իրենց խմբակցության ղեկավարը վայր դնի՝ Մարուքյանը։ Պարոն Միքայելյանի եւ Մարուքյանի՝ մանդատները վայր դնելը հենց առաջին քայլն է քննարկվում, որից հետո կոնֆլիկտին մասնակցող երկու հոգու՝ Հրանտի եւ Սարգիսի, իմ եւ Արտակի։ Մարուքյանի՝ մանդատը վայր դնելուց հետո մենք խնդիր չունենք, ես եւ Արտակ Մանուկյանը պատրաստ ենք վայր դնել»,- ասաց նա՝ նշելով, որ ընդունում է, որ դա սադրիչ գործողություն էր։





























