News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Անցնող մեկ օրում Հայաստանում մահացել է 18 կորոնավարակակիր։ COVID-19-ով վարակվելու 557 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր թիվը  հասել է 30903-ի: Մեկ միլիոն բնակչին ընկնող վարակվածների թվով  Հայաստանը դարձյալ 10-րդն է աշխարհում:  Վիրուսից նախօրեին մահացել է 11 մարդ,  եւս 7 վարակվածի մահվան պատճառ նշվում է այլ հիվանդությունը. այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 177 է, իսկ մահացածների ընդհանուր թիվը 723 է:

Եթե հակահամաճարակային միջոցառումները լինեն շարունակական, երկու ամսվա ընթացքում կարող ենք իջեցնել թիվը մինչեւ օրական 30-40-ի։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասել ԱԺ նախկին նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը։ Ըստ նրա՝ պետք է միջոցառումները շարունակենք այնքան ժամանակ, մինչեւ կլինի պատվաստանյութը եւ կսկսվի բնակչության կանխարգելիչ պատվաստումը։

Արցախում հաստատված դեպքերի քանակը 146 է: Այս պահին մեկուսացված է 77, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 30 քաղաքացի: Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած Անվտանգության խորհրդի հերթական նիստի օրակարգում Ազգային անվտանգության ռազավարությանը հավանություն տալու մասին հարցն էր: Վարչապետն ասել է, որ ազգային անվտանգության հարցը դիտարկելիս, նախ պետք է քննել մեր ազգային ինքնության հարցը, որովհետև՝ ազգային անվտանգությունն ազգային ինքնության պահպանման, ֆիզիկական և բովանդակային սպառնալիքներից դրա պաշտպանության մասին է: Բայց ազգային ինքնությունը նույնը չի մնում: 2000 տարի հետո երկրի վրա ապրող հայն էլ չի լինելու այնպիսին, ինչպիսին մենք ենք այսօր, ասել է Փաշինյանը: Ըստ նրա՝ Հայկական պետությունը հայ ժողովրդի գոյության և զարգացման միակ երաշխավորն է, հետևաբար այն պետք է գոյություն ունենա հավիտյան: Նա թվարկել է ազգային արժեքները, ազգային նպատակները, որոնց թվում  Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն է՝ առանց որևէ սահմանափակման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետեւանքների վերացումը: Նաեւ թվարկել Համակեցության համահայկական կանոնները, որոնց թվում առաջինը բռնության բացառումն է

Նախօրեին իր աջակիցների հետ հեռավար հանդիպմանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավ է հայտնել, որ մեր ազգային ինքնության մեջ որպես բաղադրիչ պետականությունը շատ փոքր տեղ է զբաղեցնում եւ անհրաժեշտ է այն գոնե հիմա ձեւավորել: Ըստ նրա՝ հանրությունն ու հատկապես պետական մարմիններն այս խնդիրը բավականաչափ լրջությամբ չեն գիտակցում։ Նա ասել է, թե մտահոգություններ ունի Արցախյան խնդրի շուրջ եւ շուտով հարցազրույցի ձեւաչափով կմանրամասնի դրանք:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ երկրի տնտեսական քաղաքականության վրա ազդել չեն կարող, բայց քննադատելով ու ճանապարհ ցույց տալով պետք է փորձել անել հնարավորը՝  ժողովրդի հոգսերը թեթեւացնելու համար։  Իսկ թե ինչ պրոբլեմներ ունի երկիրը եւ ով է դրանց հեղինակը. նախկին նախագահի խոսքով՝  այս հարցում բոլորն ունեն նույն կարծիքը:

Պետք է փորձենք ոչ միայն աշխատել երիտասարդ գործիչների հետ, պետք է ջանալ միացնել փորձը եւ երիտասարդների եռանդը։ Դիմելով աջակիցներին, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ պետք է փորձել այս թիմով Հայաստանում շարժում ձեւավորել:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ծավալուն հայտարարություն է հրապարակել, նշելով, թե չի համբերում մինչեւ առողջանալն ու ասուլիսով իր ասելիքը ներկայացնելը:  Նա մատնանշել է այն բիզնեսները, որոնք հայտնվել են աղետի եզրին, ինչի հետեւանքով կունենանք մինչեւ 300 հազար գործազուրկ:  Հունիսի 5-ի իր ահազանգից հետո իր դեմ քրեական գործի հարուցելը հիշեցնելով, ԲՀԿ առաջնորդը նշում է, որ Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք ու աշխատավարձ մնացած հարյուր հազարավոր մարդկանցից, հույսը կորցրած, ապրուստի միջոց չունեցողներից: Թվարկելով իր խոշոր նախագծերը, որոնք լուրջ ներդրումներ էին խոստնում տնտեսության մեջ, սակայն կասեցվել են իշխանության ուղղակի կամ անուղղակի միջամտությամբ, Ծառուկյանը խոստացել է անել հնարավորը տնտեսությունը փրկելու եւ ժողովրդի հոգսերը թեթեւացնելու համար: Նա գրել է, որ հանձնարարել է ԲՀԿ-ում ստեղծել աշխատանքային խումբ, որը հատ-հատ վերլուծում է համավարակի դեմ պայքարում  թույլ տված սխալները, որոնք առողջություն ու կյանք են արժեցել. «Մեղքի զգացումից պետք է ձայններդ դուրս չգար, մինչդեռ տաքուկ աշխատասենյակներից Ծառուկյան եք քննադատում։ Առողջապահության նախարարը ուրախանում է իմ դեմ սկսված արշավով, ժամանակ ունի՝ դրա մասին խոսում է։ Հարյուրավոր, վերջը չերեւացող մահերի մեղավորություն ունես դու, եւ դեռ ֆեյսբուքում էժան հումոր անելու ժամանակ ու տրամադրությու՞ն ունես»,  գրել է Գագիկ Ծառուկյանը։ Դիմելով արդարության մասին խոսող իշխանությանը՝ ԲՀԿ նախագահը հարցրել է՝ արդարությունը պրեմիանե՞րն են, որ իշխանությունն ինքն իր համար դուրս է գրում, իսկ մնացած ժողովուրդը հացի փող չունի։ Ծառուկյանը կոչ է արել լրջանալ ու աշխատել, լսել խորհուրդներ, ուրիշների առաջարկները: Ով չի կարողանում աշխատել՝ պիտի գնա, նշել է նա:

Երրորդ նախագահ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է հիմնադրամի միջոցներով Արցախում Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք երրորդ նախագահի ֆեյսբուքյան էջից: «Ամարասը լավագույն օրինակն է, թե ինչպես հայոց լեզուն եւ հավատքը միասին հարյուրամյակներ շարունակ հայոց ինքնության պահպանման անառիկ ամրոց են դարձել»,-ասել է երրորդ նախագահը։

Մահացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, որը հսկայական ներդրում է ունեցել Հայաստանում IT ոլորտի զարգացման, պատանիների շրջանում ինժեներական կրթություն կազմակերպելու գործում: Կարեն Վարդանյանը 57 տարեկան էր, 7 արտոնագրված գյուտերի հեղինակ, նախորդ դարի 90-ականներին «Սահմանադրական իրավունք» միության ակտիվ դեմքերից մեկը:

Դու իմ կյանքի ամենամեծ ներշնչանքի աղբյուրներից մեկն ես եղել:  Կարեն Վարդանյանի հիշատակին Ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը։  «Մեր փոքրիկ Մոնթեան նույնպես կմեծանա քո թողած հսկայական գործը հիշելով եւ դրանով կրթվելով։ Պարույրը եւ ես անհամբերությամբ էինք սպասում այն օրվան, երբ քեզ կծանոթացնեինք Մոնթեային», գրել է Տաթեւիկ Ռեւազյանը։

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը եւ նրա թիմակիցները կարճատեւ բողոքի ակցիա են իրականացրել  Բաղրամյան 26-ի դիմաց եւ արագորեն բերման ենթարկվել: Մենք նամակ ենք բերել հանձնելու Հանրապետության նախագահին, ամոթանք տալու Լանզարոտեի կոնվենցիայի ընդունման համար, ասել է Չախալյանը

Ոստիկանները պահանջել են դադարեցնել ակցիան, Չախալյանն էլ տարակուսել է՝ ինչու  Փաշինյանի սիրելի քաղաքական գործիչները, մասնավորապես Արման Բաբաջանյանը, կարող են ցույց անել, իրենք ոչ:  Բերման է ենթարկվել նաեւ հանրային ակտիվիստ Սոնա Աղեկյանը, որը եւս դիմակով չի եղել։

Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան  114-րդ ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը, պահանջելով չեղյալ համարել իրեն խիստ նկատողություն հայտարարելու հրամանը։  Հիշեցնենք, որ հունիսի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, թե 114 դպրոցում տնօրենի մասնակցությամբ եւ հակահամաճարակային կանոնների խախտմամբ նշվել է Վերջին զանգը։

Իտալիայի իշխանությունները կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով ժամանակավորապես արգելել են Եվրամիության անդամ չհանդիսացող 13 երկրից, այդ թվում Հայաստանից, մուտքը հանրապետություն:  Արգելվել է նաեւ տարանցումն այն մարդկանց համար, որոնք վերջին 14 օրերին գտնվել են այդ ցուցակի երկրներում:

Սեուլի քաղաքապետը, որը ժամանակին առաջադրվել էր Հարավային Կորեայի նախագահի թեկնածու, ինքնասպանություն է գործել այն բանից հետո, երբ նրան մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Պակ Վոն-սունի մարմինը հայտնաբերվել է մայրաքաղաքային լեռան վրա:

Reddit եւ Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը  ցանկացած հարմար պահի հիշեցնում է իր հայկական արմատների մասին։ Նա լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես է սկսվում իր օրը։ Կադրում երեւում է հայկական սուրճը, որը գործարարը վայելում է՝ հիանալով հայկական ավանդական գորգով։ Հայկական ձեռք բերել նաեւ դստեր համար, որի մայրը, հիշեցնենք, մեծ թենիսի նշանավոր վարպետ Սերենա Ուիլյամսն է։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.13 դամով ու  հասել  486.73 դրամի:  Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.60 դրամով ու կազմել  549.62 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը  նվազել է 1.92 դրամով ու կազմել  613.77 դրամ իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով ու կազմել  6.84 դրամ։

Մինչեւ հուլիսի 15-ը Հայաստանում երեկոյան ժամերին ու գիշերը սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, որոշ վայրերում՝ նաև կարկուտ: Վաղը ջերմությունը կնվազի 2-4 աստիճանով: Անձրեւներ կտեղան նաեւ Երեւանում։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 15-17 աստիճան, ցերեկը 26-28 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ