«Կիլիկիա» առագաստանավը երեւում է հեռվից: Կարծես եկել է միջնադարյան մանրանկարչությունից: Միայն թե առագաստանավի վրա առագաստ չկա…
Լեգենդար «Կիլիկիան» այս տարի դառնում է 18 տարեկան: Առագաստանավի մասին NEWS.am-ը բազմիցս գրել է, «Կիլիկիայի» նավապետ, «Այաս» ակումբի նախագահ Կարեն Բալայանի հետ հարցազրույցներից մեկը ձայնագրվել է Սեւանում նավի վրա:

Այժմ այն գտնվում է «Այաս» ակումբի տարածքում: Առագաստանավի կողքին տեղադրված ցուցանակում կարճ ներկայացված է ստեղծման պատմությունն ու շատ համեստ ներկայացված են գիտական փորձի արդյունքները:
«Կիլիկիա» առագաստանավը կառուցվել է 2002թ.-ին «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի անդամների կողմից: Նավը կառուցվել է միջնադարյան տեխնոլոգիաների պահպանմամբ, պահպանվել են միջնադարյան նավաստիների կենսակերպն ու սովորությունները: 3 տարում առագաստանավն անցել է 15 000 ծովային մղոն (28 000 կմ)՝ այցելելով Եվրոպայի եւ Ասիայի 25 երկրների 63 նավահանգիստներ: Գիտական եզակի փորձի նպատակն էր նման նավերի հնարավորությունները գնահատելը:

«Այասն» այս տարի դարձավ 35 տարեկան: Ցավոք, չնշվեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Սակայն ակումբում հույս ունեն, որ դեռ կնշեն պանդեմիայի ավարտից հետո:
Ակումբի հյուրընկալ դռները բաց են, ցանկացողները կարող են տեսնել առագաստանավը եւ նույնիսկ բարձրանալ նավ:

Կիսամութ նավամբարում ծառի եւ արկածների բույր է գալիս: Լապտերները, դռների բռնակները, կողպեքները, նստարանները, սեղանները. ամեն ինչ հիշեցնում է միջնադարը:
«Կիլիկիայի» ստեղծման համար տարիներ են պահանջվել. 6 տարի են տեւել գրադարաններում եւ արխիվներում գիտական հետազոտությունները, 11 տարի՝ շինարարությունը, 2 տարի՝ Սեւանում փորձարկումը, եւս 3 տարի տեւել է մեծ գիտական փորձը:

Նախկինում եզակի առագաստանավը նավարկում էր լճերում՝ ուրախացնելով տեղացիներին եւ զբոսաշրջիկներին:
Զբոսաշրջիկները, որոնք նույնիսկ չգիտեին պատմությունը, մեկ ժամ զբոսնելուց հետո չէին ցանկանում հեռանալ՝ հասկանալով, թե այն ինչ նշանակություն ունի Հայաստանի համար:
Ակումբը մեծ թվով նյութեր է հավաքել: Բացի «Կիլիկիայից»՝ կառուցվել են այլ նավակներ հին գծագրերով, այդ թվում Սեւանի երկու նավակները: Այժմ ակումբին անհրաժեշտ է տարածք թանգարանի ստեղծման եւ հավաքված նյութերի պահպանման համար:


































