News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Անցած գիշեր եւ այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանի տվյալով՝ ադրբեջանական կողմը կրակի դադարեցման ռեժիմը խախտել է 22 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով մոտ 500 կրակոց:

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը որոշ դրվագներ է բացահայտել Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից, որտեղ թուրք նախագահը բողոքել է Հայաստանից, թե զավթիչ է, պետք է նրան զսպել եւ այլն։ Իբրահիմ Քալընի խոսքով՝ Էրդողանը Պուտինին խնդրել է օգտագործել Հայաստանի հետ կապերը հայ–ադրբեջանական սահմանային լարվածությունը թուլացնելու համար, հավելել, թե Թուրքիան Ադրբեջանի կողքին  կլինի մինչեւ վերջ, որտեղից էլ որ վտանգը գա։ Հիշեցնենք, որ ըստ Կրեմլի՝ Պուտինն անթույլատրելի է համարել հակամարտությունը սրող քայլերը, ինչպիսիք, ի դեպ, կարող են դիտարկվել հենց Թուրքիայի հայտարարությունները։ 

Փարիզը կներդնի բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղի խնդրում քաղաքական լուծման հասնելու համար, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լը Դրիանը երկրի խորհրդարանում: Ըստ նրա՝ վերջին բախումները մտահոգիչ են, մանավանդ, որ եղել են ոչ թե Ղարաբաղում, այլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին: «Ռազմական լուծում չի կարող լինել: Հույս ունեմ, որ կհաջողվի գտնել քաղաքական լուծում»,-ասել է Քե դ՛Օրսեի ղեկավարը:

Հայաստանի համար ամենաարդիական թեմաների մասին Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է ունեցել «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների հետ։ Նախկին նախագահի պաշտոնական ֆեյսբուքյան էջում նշված է, որ հարցազրույցը կհեռարձակվի այսօր երեկոյան:

Եթե վարչական դատարանը չբավարարի Ամուլսարը շահագործող Լիդիան ընկերության աշխատակիցների հայցը, կդիմեն Եվրադատարան եւ պետությունը ստիպված կլինի փոխհատուցել մինչեւ 35 միլիոն դոլարի վնասը։ Ընկերության նախկին կամ պարապուրդի մատնված աշխատակիցներն ասում են, որ հանքի ճանապարհը փակած 2 տասնյակ ակտիվիստների պատճառով, իրենք արդեն 25 ամիս չեն աշխատում, եկամուտ չեն ստանում, ինչից զրկվում է նաեւ պետությունը, որն իր գործառույթները չի կատարում։

Բարձր միավորներով բուհ չընդունված դիմորդներն ու նրանց հարազատները, մեկ շաբաթ շարունակվող բողոքի ցույցերից ու հանդիպումներից հետո ի վերջո դիմել են վարչական դատարան։

Իսկ մինչեւ այդ բողոքավորների մի խումբ հանդիպում էր ունեցել Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովում, որտեղ դիմորդներին հորդորել էին առաջին տարին չընդունվելը ողբերգություն չհամարել։

Մի քանի լուր քրեական քրոնիկոնից։ Ոստիկանները նորածնի վաճառքի դեպք են բացահայտել։ Նրանք օպերատիվ տեղեկություն են ստացել, որ մի տղամարդ Արարատի մարզի ծննդատներից մեկից որդեգրելու նպատակով նորածին աղջնակ է գնել 1500 դոլարով։ Պարզվել է, որ տղամարդը հուլիսի 9-ին ծննդաբերած մի արարատցի կնոջ հետ համաձայնությամբ Վեդիի ԶԱԳՍ-ում գրանցվել է որպես երեխայի կենսաբանական հայր։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ոստիկանությունն այս նույն դեպքի մասին գրել էր մեկ այլ հիվանդանոցում տեղի ունեցած՝ նորածին գնելու գործարքի մասին։

Գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող գրասենյակներից մեկում հուլիսի 21-ին տեղի ունեցած միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել, մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը տուժող է ճանաչվել։ Կարապետյանը հաղորդում է տվել, որ երկու անձինք, հարվածներ հասցնելով, ընտանիքի անդամների նկատմամբ բռնության սպառնալիքով, իրենից պահանջել են 200.000 դոլար և ստիպել են ստորագրել ինչ որ փաստաթուղթ, ապա այդ գումարը ստանալու նպատակով իրեն ապօրինի զրկել են ազատությունից՝ բռնի պահելով նշված գրասենյակում: Ըստ քննչական կոմիտեի՝ պարզվել են ենթադրյալ հանցանք կատարած անձանց ինքնությունները: Հիշեցնենք, որ, ըստ Կարապետյանի, նրանցից մեկը եղել է Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, որն ասել է, թե վարչապետն իրենց մարդն է եւ գործարարը ոչ մի տեղ չի կարող բողոքել։

Ինքնասպանության հերթական փորձն է գրանցվել Երևանում։ Հաղթանակի կամրջից քաղաքացին կենդանության նշաններ է ցույց տվել։ Շտապօգնության աշխատակիցներն, առանց փրկարարների օգնության, կարողացել են  մոտենալ դեպքի վայր և հոսպիտալացրել քաղաքացուն։

Ավարտված հանցակազմի մասին է ահազանգել հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Ըստ նրա՝ Լենինդրագյանի վրա 16 հարկանի 4 շենք կառուցելու շինթույլտվության հիմքեր մեր իրավական դաշտում գոյություն չունեն։ Այդ թույլտվությունը ստորագրել է քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Երկու տարի առաջ  մեր համաքաղաքացիները միամտությամբ մայրաքաղաքը հանձնեցին միջին կարգի մի դերասանի, որը խոսք տվեց Երեւանը դարձնել «Նյու Վասյուկի», ասել է Աթանեսյանը:

Գագիկ Ծառուկյանը մի շարք հանդիպումներ է ունեցել հյուրանոցային բիզնեսի սեփականատերերի և կառավարիչների հետ՝ վերջինների խնդրանքով։ Նրանք, ըստ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի, խնդրել են համատեղ աշխատել լուծումների շուրջ, քանի որ բիզնեսը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում։ Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայնել հակաճգնաժամային լուծումների մշակման համար դիմել միջազգային հեղինակավոր մասնագետների, կառույցների, և ստանձնել դրա հետ կապված բոլոր ծախսերը։ Միայն մի բան եմ խնդրում՝ հուսահատվել պետք չէ, իրավիճակը բարդ է, բայց անելանելի չէ,-ասել է Ծառուկյանը։

Ռուսաստանի մոտ 300 հազար քաղաքացի բախվել է հայկական ավտոմեքենաների ձեւակերպման խնդրի հետ, Հայաստանի վարչապետին ուղղված տեսաուղերձում ասել է Դաշնության քաղաքացի Միխայիլ Չեռնիկովը: Բանն այն է, որ մեծ թվով ռուսներ Հայաստանում մեքենաներ են ձեռք բերել, որոնք դաշնությունում ստիպված են եռապատիկ թանկ մաքսազերծել, բայց նրանք, ովքեր Հայաստանի քաղաքացի են՝ ազատվում են մաքսատուրքից։  Տվեք մեզ այդ անձնագրերը: Ռուսաստանի եւ Ղազախստանի ժողովուրդները ժամանակին օգնել են Հայաստանին՝ գնելով տրանսպորտային միջոցները, այժմ օգնեք մեզ: Այդ դեպքում մենք եւս կշարունակենք ձեր բյուջեում հարկեր վճարել եւ ավտոմեքենաներ գնել Հայաստանում, ասել է Չեռնիկովը

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 308 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 38 հազարին։ Մահացել է 6 մարդ, որոնցից 2-ը, պաշտոնական աղբյուրի մեկնաբանությամբ՝ այլ հիվանդությունից։ Մահերի ընդհանուր թիվը 948 է։ Այս պահին բուժվում է 9165 մարդ։ 

Պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե հուլիսի սկզբի համեմատ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է: «Վերջին 4-5 օրերի տվյալներով կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով, ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, եւ ծայրահեղ ծանր հիվանդների թվով վերադարձել ենք հունիսի սկզբի մակարդակին»,-ասել է Փաշինյանը եւ ցավակցել  մահացածների հարազատներին:

Նախորդ տարվա պես Սեւանն ինտենսիվ ծաղկում է: Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանի խոսքով՝ ծաղկման ավարտվելով մխիթարվել չարժի․ կապտականաչ ջրիմուռները նստում են լճի հատակին, մեծացնում են օրգանական նյութերի բեռը, որտեղ խլում են հատակային շերտերի թթվածինը՝ խեցգետնինների եւ թթվածին սիրող ձկների համար վատ հետեւանքներով։

Աջակիցների հետ Սեւանի ափին գտնվող «Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության անդամ Վահագն Վարագյանը մտադիր է ոտքով հասնել վարչապետի առանձնատուն եւ ահազանգել, որ մոտենում ենք այնպիսի անդառնալի կետի, որից հետո անհնար է լինելու փրկել լիճը։

Սերը ոչ տարիք է ճանաչում, ոչ էլ միջէթնիկական ներհակություն։ Թուրք-հայկական աշխարհիկ վերնախավի շրջանում հնչեղ պսակադրության մասին գրել է թուրքական մամուլը։ Թուրքական կինոյի աստղ Սոնգյուլ Յոդեն ամուսնացել է Թուրքիայի հայ գործարար Արման Բիչակչյանի հետ: Երջանիկ զույգը Ստամբուլի Բեշիկթաշի շրջանի ԶԱԳՍ է դիմել քառամյա ընկերոթյունից հետո: Մի քանի սերիալներում նկարահանվելուց հետո Սոնգյուլը ստացել է «Արևելյան երազների թագուհի» մականունը:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.22 դրամով  ու կազմել 484.42 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.95 դրամով ու հասել 569.24 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.56 դրամով ու հասել 628.49 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով ու կազմել 6.69 դրամ։

Հուլիսի 30-ի գիշերը եւ օրվա երկրորդ կեսին Հայաստանի առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Տեղ-տեղ կարկուտ կտեղա։ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +21+23, վաղը ցերեկը՝ +34+36։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ