News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Առավոտյան վարչապետի, ապա ԲՀԿ առաջնորդի գրառումները կանխորոշեցին Ազգային ժողովում «Իմ քայլը» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների փոխադարձ մեղադրանքներն ու դիմակայությունը։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել էր, թե դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ: «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն», գրել էր նա: Հիշեցնենք, որ նախօրեին Արայիկ Հարությունյանը յուրովի էր մատուցել Գագիկ Ծառուկյանի կենսագրության մի դրվագը։

Իր հերթին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Ֆեյսբուքում գրել էր, թե ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և քաղաքացիների անվտանգությունը:

ԿԳՄՍ նախարարի երեկվա հայտարարությունն իր արձագանքներն է ունեցել Ազգային ժողովում՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նախաձեռնության քվեարկության ժամանակ։ «Իմ քայլը» իշխող դաշինքը չի պաշտպանել նրան անվստահության քվե հայտնելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկին, որին միացել էր «Բարգավաճ Հյաստանը»:  Արայիկ Հարությունյանի հրաժարականի օգտին քվեարկել է 35  պատգամավոր, դեմ՝ 84-ը: Ինքը` ԿԳՄՍ նախարարը չի մասնակցել նիստին:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը  վստահ է, որ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը վերաբերում է Գևորգ Պետրոսյանին, քանի որ ըստ նրա, Պետրոսյանը մշտապես առողջական խնդիրներ է ունեցել։ 

Ալեն Սիմոնյանը հղի է, արձագանքելով այս դիտարկումներին՝ բրել է ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: «Փաստորեն, կա նաև հոգեկան հղիություն, ինչով ծանրաբեռնված է Ալեն Սիմոնյանը: Նա, չկարողանալով մասնագիտորեն հակադարձել իմ գնահատականներին, մտել է ստորության դաշտ ու անխնա արածում է», գրել է Պետրոսյանը:

Երեկ «Լուսավոր Հայաստանն» ու ՀՅԴ-ն, այսօր էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր բողոքի երթ ու ցույց կազմակերպել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։  Ակցիայի մասնակիցների ձեռքին դդում կար: Ոստիկանները կանգնեցրել են երթը եւ ասել, թե երթի մասին իրենց չեն իրազեկել, հետները բերած դդումներն էլ պետք է իրենց հետ տանեն։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը փաստացի ստախոսության համար է մեղադրել ԿԳՄՍ նախարարին, նրան հրավիրելով ուղիղ եթերում բանավեճի: «Հանրությունը, իշխող քաղաքական թիմը, նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների մասնագիտական համայնքները պետք է լսեն իրականությունը։ Շատ կուզենամ բանավեճի ընթացքում կրկնի իմ մասով երեկվա արտաբերած մտքերը։ Միգուցե հիշողությունն է կարճ, բայց առնվազն պետք է տեղյակ լիներ, որ գոյություն ունեն դիմում/փաստաթղթեր, ելույթներ, տեսաձայնագրություններ եւ այլն», գրել է մանդատը վայր դրած պատգամավորը։

Ազգային ժողովում տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի երկու նորընտիր դատավորների երդմնակալությունը: Մասնավորապես, երդվել են  Արթուր Վաղարշյանը եւ Էդգար Շաթիրյանը: Երվանդ Խունդկարյանի երդմնակալությունը տեղի կունենա ավելի ուշ:

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 295 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46671-ի: Ապաքինվել է 42231 մարդ,

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 1208 է:

Միտումն անհանգստացնող է,- կառավարության նիստում ասել է վարչապետ Փաշինյանը՝ նկատի ունենալով վարակվածների թվերի մեկ ամսում նվազումից հետո,   վերջին օրերի աճը։ Վարչապետը նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում մեկ ապացուցված գործիք կա, դա դիմակ կրելն է։

«Ազգային օրակարգ» կուսակցության պահանջում է կառավարության հրաժարականն ու խորհրդարանի լուծարումը։ Կառավարության շենքի մոտ ցույց անող կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը լրագրողներին ասել է, որ բոլոր ոլորտներում ունենք ճգնաժամ եւ լուծումը պետք է արմատական լինի։

Կառավարության առջեւ ցույցի են հավաքվել նաեւ գերակա շահի զոհ դարձած՝ Եկմալյան փողոցի նախկին բնակիչները։ Անի Խուդավերդյանն ասել է, որ ներդրող կա, որը պատրաստ է վճարել, սակայն կառավարությունը դիտմամբ ձգձգում է, և համաձայնության չի գալիս ներդրողների հետ, սպասում է, որ բնակիչները կհոգնեն ու կվաճառեն իրենց հին տները։

Կառավարության բակում բողոքի ցույց են անցկացրել նաեւ «Հայինկասացիայի»   նախկին աշխատակիցները։ Ընկերության լուծարման հետեւանքով առանց աշխատանքի է մնացել շուրջ 200 քաղաքացի։ «Ասում են՝ եկամուտ չունենք, դրա համար լուծարում ենք, բայց խաբում են, շատ մեծ եկամուտներ ունենք», ասել է նախկին աշխատակիցներից մեկը։

Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ամբողջ աշխատակազմը՝ բժիշկները, բուժքույրերը, հոգեբանները, մանկավարժները, մայրապետները, ազատման դիմում է ներկայացրել հոկտեմբերի մեկից, ժամանակ տալով նախարարությանը՝ կամ վերադարձնել աշխատանքից ազատված տնօրեն Սամվել Դանիելյանին կամ նոր մասնագետներ գտնել՝ երեխաների բուժումը չընդհատելու համար։  Մինչեւ այդ՝ ի նշան բողոքի ազատման դիմում էր գրել Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գեւորգ Թամամյանը: Նա ըվստահ է, որ իրենց բողոքին կմիանան այլ բժիշկներ։ արձագանքելով ստեղծված դրությանը՝ մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի անձնակազմը  միացել է բողոքին եւ ամբողջ անձնակազմով աշխատանքից ազատման դիմումներ գրել։

Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Երեւանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին՝ առերեւույթ չարաշահումների համար: Նշվել է, թե նա պահնորդական ծառայությանը վճարելով 34 միլիոն դրամ՝ վատնում է կատարել։

Սիմոյնանի պաշտպանական թիմը հայտարարել է, որ Արամ Սիմոնյանին առաջադրված մեղադրանքն ապագա չի կարող ունենալ ու իրականացվող նախաքննության արդյունքում հերքվելու է։ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը համարում են, որ այս գործընթացը հերթական անգամ հասարակության աչքերում ինչ-որ արդյունք ցույց տալուն միտված մի բան է, ինչն անթույլատրելի է։

Ադրբեջանա-իրանական սահմանին դարձյալ հրաձգություն է եղել, կա մեկ  սպանված։ Սահմանախախտները փորձել են թմրանյութ անցկացնել։ Ձերբակալվել է նրանց բեռին սպասող տեղացիներից մեկը։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.53 դրամով ու կազմել 484.40 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.36 դրամով  ու կազմել 571.59 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը աճել է 0.67 դրամով ու հասել 628.46  դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով  ու կազմել 6.46 դրամ:

Սեպտեմբերի 18-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Լոռիում, Տավուշում, Սյունիքում, ինչպես նաեւ Արցախում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով: Երեւանում եւս տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +32+34:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ