News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Գիշերն Արցախյան ճակատում իրավիճակը եղել է կայուն–լարված, առավոտյան հակառակորդը գրոհ է ձեռնարկել հյուսիսում և հարավում։ Երկու դեպքում էլ հաջողություններ չի ունեցել։ Հարավային ուղղությամբ հակառակորդը կորուստներ կրելով՝ Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի՝ չկարողանալով զբաղեցնել կրակային դիրքեր։ Ժամը 14–ի սահմանում հակառակորդը կրկին հարավում այս անգամ երկու ուղղությամբ գրոհ է ձեռնարկել, երկուսն էլ Պաշտպանության բանակը կասեցրել է, պատճառել կենդանի ուժի զգալի կորուստներ, խոցել 9 միավոր զրահատեխնիկա։ Երեկոյան համառ մարտերը շարունակվում էին հատկապես հարավային ուղղությամբ:

Այսօր ադրբեջանական կողմը կրկին տարբեր զինատեսակներով հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին, գերճշգրիտ հրթիռով հարվածել են նաև Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա։ Եկեղեցին վնասվել է։ Շուշիում այսօր թիրախավորվել են նաև լրագրողները։ Նրանցից մի քանիսը վիրավոր են, «Сегодня․ру»-ի  խմբագիրը թոքերի վնասվածք ունի, նրան վիրահատել են, վիճակը ծանր է։

Հակառակորդի ռմբակոծությունների հետեւանքով խաղաղ բնակչության շրջանում 93 վիրավոր, որից միայն 20-ը թեթեւ կամ միջին ծանրության են, մյուսները՝ ծանր, կա 20 զոհված, չհաշված ՀՀ տարածքում զոհված 1 քաղաքացին՝ հայտնել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Արցախի տեղեկատվական շտաբի տվյալներով՝ սեպտեմբերի 27-ից մինչեւ օրս Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ»: Հակառակորդը տվել է ավելի քան 4069 սպանված։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։

Արցախի Պաշտպանության բանակը եւս մեկ տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է հայ հրետանավորների հերթական փայլուն գործողությունը։ Երեւում է, թե ինչպես են ադրբեջանզի զինվորները խուճապահար փախչում մարտի դաշտից։

Այսօր  լրատվամիջոցներում տարածվեց տեղեկություն, թե կողմերի միջեւ ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ,։ Սակայն ավելի ուշ ԱՀ պաշտպանության բանակըհերքեց այս տեղեկությունը՝ նշելով, որ այն իրականությանը չի համապատասխանում։

Նիկոլ Փաշինյանն անսպասելիորեն պաշտոնանկ է արել ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին։ Նրա առաջարկով հրամանագիրը ստորագրել է հանրապետության նախագահը։ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող է նշանակվել Միքայել Համբարձումյանը։

Վարչապետ Փաշինյանը երեկ կեսգիշերն անց զանգահարել է առաջնագծի տեղամասեր, զրուցել հրամանատարների ու զինվորների հետ։

Այսօր Փաշինյանը Ֆեյսբուքյան գրառում է արել, պատմել էր, որ մի քանի օր առաջ ահազանգ է ստացել, թե առաջնագծում ինչ-որ մարդիկ զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, սա պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի: Զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է քննություն եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում»,– գրել է Փաշինյանը։ Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, նշել է վարչապետը:

Ավելի ուշ ԱԱԾ–ն հայտարարեց, որ նշված անձանցից մեկը ձերբակալվել է։ Ըստ հաղորդագրության՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ն. Մ.-ն, նշանակված լինելով ՊԲ զորամասեից մեկի գումարտակում որպես կապի դասակի հրամանատարի տեղակալ եւ մարտական դիրքում, նույն դիրքի ավագի հետ մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ եւ ստահոդ լուրեր է տարածել ՀՀ իշխանությունների կողմից իբրեւ հողերը հանձնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ կարծիք հայտնելով, որ նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում եւ իրենց առջեւ դրված մարտական խնդիրը կատարելն իմաստազուրկ է:

Մոսկվան քննարկում է ղարաբաղյան կարգավորման հարցով Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մշակվում են գործողությունների տարբեր սխեմաներ. մեր կողմից առաջարկվել է մոսկովյան պլատֆորմը` Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ղեկավարների հանդիպումը կազմակերպելու համար: Մենք խորհրդակցություններ ենք վարում կողմերի հետ` այս ձեւաչափով բանակցություններ սկսելու հնարավորության վերաբերյալ»,- ասել է նա:

Նշենք, որ հոկտեմբերի 11-13-ը նախատեսվում է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Մոսկվա։

ՀԱՊԿ կարծիքով՝ Ադրբեջանը Հայաստանին չի հարվածի, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Ես վստահ եմ, որ իրադարձությունների նման զարգացում չի լինի։ Առաջին՝ այն պատճառով, որ Ադրբեջանի իշխանություններն ընդգծել են, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունեն։ Եվ չեն ոտնձգում նրա ինքնիշխանության դեմ»,– ասել է նա։

ԱԻՆ–ից հայտնում են՝ տարբեր համայնքներում իրականացվում են ազդարարման էլեկտրաշչակների վերանորոգման և տեխնիկական զննման աշխատանքներ: Այդ ընթացքում հնարավոր են ձայնարձակումներ: Խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեսաուղերձում կոչ է արել սփյուռքահայությանը «Հայաստան» հիմնադրամին նվիրատվություններով օգնել Բանակին։ «Մենք դիմակայում ենք ողջ աշխարհին սպառնացող չարին ու ահաբեկչությանը։ Մենք չունենք նավթի ու գազի պաշարներ, մենք ունենք հայրենիքի համար կյանքը չխնայող ու սխրանքներ գործող երիտասարդներ։ Մենք չունենք ծով, բայց ունենք մեր թիկունքն ամուր պահող հերոսական ժողովուրդ։ Ի վերջո, մենք ի տարբերություն թշնամու, չունենք 10 մլն բնակչություն մեր երկրում, բայց ունենք 10 մլն բնակչություն ամբողջ աշխարհում։

Հայկական սփյուռքը շարունակում է ցույցերը աշխարհի բոլոր ծայրերում։ Լիսաբոնում, Լաս Վեգասում, Վալենսիայում եւ այլուր կազմակերպված ցույցերում հայերը երկրի իշխանության ու միջազգային կառույցների ուշադրությունն են հրավիրում Ադրբեջանի եւ Թուրքիայի հակամարդկային վարքի վրա։ 

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեծ նշանակություն է տալիս Ժնևի քաղաքային խորհրդի որոշմանը՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, արցախահայության ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Շվեյցարիայում Ալիևների կլանի ակտիվների սառեցումը պարտադրելու մասին։ Որոշման ձեւակրպումներից մեկը նախկին նախագահն աննախադեպ է համարում։ «Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքը՝ որպես նրա անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն», մեջբերել է տեր-Պետրոսյանը եւ նշել, թե այդ դոկտրինի կիրառման պահանջը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենահեռանկարային հնարավորությունն է, որից հայկական դիվանագիտությունն իրավունք չունի չօգտվել:

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 718 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 54473-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 9 քաղաքացի, մահացել է ընդհանուր առմամբ 1306 կորոնավարակակիր:

Սահմանին ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս նահատակվել է այս պատերազմի խորհրդանիշը դարձած լուսանկարի հերոսը՝ Ալբերտ Հովհաննիսյանը։ 19–ամյա Ալբերտի լուսանկարը դարձել է մեր զինծառայողների հերոսական պայքարի հաղթանակի մեջ վստահության խորհրդանիշը։   

Պաշտպանության նախարարությունը շարունակում է հերոսական դրվագներ ներկայացնել առաջնագծի մեր զինծառայողների պայքարից ու ներկայացնում նրանց պարգևատրման։

Ավագ լեյտենանտ Նվեր Անանյանը «Արիության համար» մեդալի է ներկայացվել հակառակորդի դիրք մտնելու եւ հատուկ գործողության ընթացքում քարտեզներ, զենքեր եւ ռազմական գաղտնիք պարունակող այլ փաստաթղթեր բերելու համար:

«Մարտական ծառայություն» մեդալներով կպարգեւատրվեն սերժանտ-պայմանագրային Հունան Գասպարյանը, շարքային-պայմանագրային Նարեկ Աբրահամյանն ու շարքային- պայմանագրային Նարեկ Գեւորգյանը, ավելի քան 2900 մետր հեռավորության վրա թշնամական տանկ ոչնչացնելու եւ այլ արդյունավետ գործողությունների համար…:

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի է ներկայացվել ավագ լեյտենանտ Միհրան Ավդալյանը, ով մասնակցել է մարտական դիրքերից մեկը ետ վերցնելու գործողությանն ու, հայտնաբերելով շրջափակման մեջ ընկած 7 զինծառայողներին, միջոցներ է ձեռնարկել նրանց շրջափակումից հանելու համար:

Հակատանկային մարտկոցի ավագ օպերատոր, շարքային Լեւոն Արթուրի Մելքոնյանը խոցել է 1 «ՈՒՐԱԼ» ավտոմեքենա` անձնակազմով, ոչնչացրել է 2 վրան՝ յուրաքանչյուրում մոտ 25 զինծառայող։

Արցախի պաշտպանության բանակը հերթական տեսանյութն է տարածել առաջնագծից, որտեղ այս անգամ կամավորականներն են։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճելով 0.98 դրամով կազմել է 491.15 դրամի: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.11 դրամով ու հասել 577.45 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.08 դրամով ու հասել 634.47 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով ու կազմել 6.30 դրամ:

Հոկտեմբերի 9-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի: Երեւանում եւս  տեղումներ չեն դիտվի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +20+22:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ