News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Այսօր ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում շարունակվել են մարտական գործողությունները, որի ընթացքում տարբեր ուղղություններով թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում չեզոքացվել են:

Հակառակորդը շարունակել է առաջանալու փորձեր անել դեպի Շուշի։ Մասնավորապես Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով: Շուշիի ուղղությամբ նկատվել է նաև հակառակորդի զրահամեքենաների կուտակում, որը ևս ՊԲ ստորաբաժանումների ճշգրիտ կրակով ոչնչացվել է: Դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները շարունակվում են։

Առավոտից Շուշի, Բերձոր քաղաքները և հարակց այլ բնակավայրեր ամբողջ օրվա ընթացքում եղել են ինտենսիվ  հրետակոծության տակ։ Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է «Գրադ» կայանքից, 2 անգամ հրթիռակոծվել է Ստեփանակերտը։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բնակավայրերում կան ավերածություններ։

Ճակատային գծի բոլոր ուղղություններում գիշերը հարաբերական կայուն լարվածություն է պահպանվել։  Արևելյան, հարավ-արևելյան, հարավային և հյուսիսային ուղղություններոով հակառակորդի բազմակի գրոհները ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են: Թշնամին կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ:

Շուշի տանող ճանապարհներին հակառակորդի դիվերսիոն խմբերի գրոհները կասեցվում են մեր պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով։ Շուշիի պաշտպանության պատասխանատուներից է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Շուշի այցելության  ժամանակ հանդիպել է բերդաքաղաքի պաշտպանների հետ, քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ պայքարի ռազմավարությունը, որից հետ ֆեյսբուքում գրել է. «Հատուկ շնորհակալություն եմ հայտնում «Արցախի հերոս», հայ ժողովրդի նվիրյալ զավակ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին»:

Ռուս ռազմական թղթակից Ալեքսանդր Խարչենկոն բացառիկ տեսանյութով ներկայացրել է երեկ Շուշիի համար մղվող մարտերը: Հեղինակն ասել է, որ  հարյուրավոր արկեր են ընկնում Շուշիի վրա՝ ի հեճուկս երկու երկրների միջեւ Ժնեւում ձեռք բերված պայմանավորվածությունների, թե քաղաքացիական բնակչությանը չեն հարվածելու: « Կրակի տակ են քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախի Բանակը զսպում է հակառակորդի հարձակումը քաղաքից հարավ ընկած հատվածում»,- ասել է թղթակիցը:

Գիշերը Ադրբեջանին զինուժը անօդաչուներ է ուղարկել նաեւ Հայաստանի ուղղությամբ։ Ուշ երեկոյան դրանցից չորսը ոչնչացվել են Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերի երկնքում։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տվյալներով՝ մինչեւ երեկ խոցվել է հակառակորդի 257 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 723 միավոր զրահատեխնիկա, 6 «ՏՈՍ», ոչնչացվել է 7000–ից ավելի զինծառայող ու վարձկան:

Ադրբեջանում այս պահին 21 հայ ռազմագերի կա, բայց տվյալներն անընդհատ փոփոխվում են, լրագրողներին հայտնել է  Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։ «ՄԻԵԴ դիմումներ են ներկայացվում, որպեսզի կիրառվի հատուկ միջոց եւ Ադրբեջանին պարտավորեցվի՝ ներկայացնել հստակ տվյալներ, ինչպես նաեւ ապահովել հայ ռազմագերիների մարդասիրական բոլոր նորմերի պահպանումը. այսինքն՝ նրանց չխոշտանգեն», ասել է Վարդանյանը, նաեւ անդրադարձել համացանցում տարածված հայ զինծառայողների նկատմամբ խոշտանգման կադրերին։

ՔԿ ներկայացուցչի խոսքով՝ հայկական կողմին հանձնված 29 հայ զինծառայողների դիակներից միայն 4-ին են հարազատները ճանաչել։ Եղել են ածխացած դիակներ, ինչպես նաեւ դիակներ, որոնց մարմնի մասերը պայթյունի հետեւանքով բացակայում էին. «Բայց այս պահին բոլորի մասով եզրակացություն չենք ստացել։ Նախնական տվյալներով՝ այս պահին խոշտանգված կամ դիտավորյալ անդամահատված դիակների վերաբերյալ տվյալներ չունենք»,– ասել է նա։

Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ, «Արցախի հերոս» Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: Երեկ անջատել են արհեստական շնչառության սարքը, եւ նա ինքնուրույն է շնչում:

Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չի ունեցել եւ չունի, նման քայլի դեպքում Արցախը կմնա առանց հայերի, Ազգային Ժողովի  հանձնաժողովների նիստի ընթացքում ասել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նիտից հետո լրագրողների հետ զրույցում Մնացականյանն ասել է, որ երեք անգամ անկարող է եղել Ադրբեջանը լինել պատասխանատու եւ հետեւողական իր համաձայնություն իրականացնելու համար, հավանաբար նաեւ ուղղորդվելով այլ դերակատարի՝ Թուրքիայի կողմից: «Դրանից չի բխում, որ մենք դադարելու ենք աշխատել զինանդադար ամրագրելու ուղղությամբ», ասել է նա: Կարեւոր հարցերից մեկն, ըստ նրա  վերիֆիկացիոն համակարգի ներդրումն է:

ԱՄՆ դերակատարությունը եւ ներգրավումը Արցախի հարցում եղել է շատ ակտիվ եւ այդ ակտիվությունն, ըստ արտգործնախարարի շարունակվելու է նաեւ Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններից հետո։

Իսկ ԱՄՆ-ում հաղթանակին շատ մոտ է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը։ Նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը հայտարարել է Վիսկոնսինում, Արիզոնայում եւ Նեւադայում վերահաշվարկ պահանջելու մտադրության մասին: Այս նահանգներում ձայների տարբերությունը շատ փոքր է, տեղեկություններ կան խախտումների վերաբերյալ: Մի շարք առանցքային նահանգներում ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել, ինչը պայմանավորված է փոստով ուղարկված քվեաթերթիկների մեծ քանակով: Թրամփի շտաբը դատական հայց է ներկայացրել Միչիգանում ձայների հաշվարկը դադարեցնելու պահանջով: Ընտրությունների ճակատագիրը կարող է որոշվել Փենսիլվանիայում։  Վերջին տվյալով՝ Բայդենն ունի 243 ձայն, Թրամփը՝ 214։

Մոսկվան Լեռնային Ղարաբաղում կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն դրսեւորել, արտաքին ուժերի միջամտություն թույլ չտալ եւ գործնականորեն աշխատել հրադադարի, լարվածության ապաէսկալացիայի եւ բանակցությունների վերսկսման ուղղությամբ, հայտարարել է Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան նաև ասել է՝ ստացվող տեղեկություններով՝ ներկայումս իրականացվում է Մերձավոր Արեւելքից ահաբեկչական կազմակերպությունների անդամների տեղափոխում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, որոնց ձեռքերը մինչեւ արմունկները թաթախված են արյան մեջ։Լ

Ընդ որում, նրա խոսքով, խոսքը արմատական տրամադրվածությամբ վարձկանների մասին է։ Նրանք դավանում են ջիհադիզմի գաղափարախոսությունը։ Այս ամենը չի կարող չհարուցել Մոսկվայի լրջագույն մտահոգությունը, քանի որ իրավիճակի նման զարգացումը հղի է արդեն Անդրկովկասում նոր ահաբեկչական անկլավի առաջացմամբ՝ ասել է Զախարովան։

Արցախցի կանայք ու երեխաները ցույց են իրականացրել Հայաստանում Գերմանիայի դեսպանատան դիմաց։  «Պահանջում ենք, որպեսզի Գերմանիայի դեսպանը դուրս գա և անձամբ  ստանա մեր նամակն ու լսի  մեր դժոխային պատմությունները։ Մեզ պետք է պատասխանեք, թե ինչո՞ւ որպես ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ, ոչ մի քայլ չեք ձեռնարկում Թուրքիայի և Ադրբեջանի բարբարոսությունները կանխելու համար»,- նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, և կառավարությանը կոչ արել հետեւել իր օրինակին: Բանաձևում Լավալը նաեւ դատապարատել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 2413 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 99563-ի: Փաստացի այս պահին բուժվում է 37562 մարդ: Անցած մեկ օրում մահացել է 29 վարակված, որոնցից մեկի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահացածների ընդհանուր թիվը 1866  է:

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Հայաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթին։ Որոշումը պայմանավորված է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայով եւ կորոնավիրուսի համավարակով։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.37 դրամով ու կազմել 493.87 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 6.21 դրամով ու հասել 582.32 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.18 դրամով ու հասել 644.30 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.12 դրամով ու կազմել 6.35 դրամ:

Հայաստանում նոյեմբերի 6-ին սպասվում են անձրև և մառախուղ։ Օդի ջերմաստիճանը աստիճանանաբար կնվազի 4-5 աստիճանով։ Երեւանում եւս անձրեւ կտեղա։ Մայրաքաղաքում գիշերը կլինի 9-11, վաղը ցերեկը 13-15 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ