News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Օրվա ընթացքում իրարամերժ տեղեկություններ էին ստացվում Շուշիից։ Մինչ ոչ պաշտոնական լուրեր էին տարածվում, թե Շուշիի պաշտպանները մաքրում են քաղաքը այնտեղ ներխուժած հրոսակախմբերից, երեկոյան Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի անսպասելի գրառում արեց։  «Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, եւ այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս: Գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, եւ արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված։ Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար։ Սա է հաջողությունների իրական եւ հուսալի գրավականը: Հաղթանակի կեղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կորստի: Իսկ պատմությունը մեզ դա չի ներելու… Կռվում ենք մինչեւվերջ», գրել է Պողոսյանը։ Այս գրառումից հետո լուրեր տարածվեցին, թե ադրբեջանցիները կոտրել են նրա էջը, ինչը, սակայն, Պողոսյանը հերքեց։

Հայաստանյան 17 կուսակցություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Որպես պետություն եւ ժողովուրդ կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջեւ, որը պահանջում է վճռական որոշումներ եւ գործողություններ: Մինչդեռ, քաղաքական իշխանությունների ձեռնարկած քայլերը համարժեք չեն մեր ժողովրդին ուղղված գոյապահպանական սպառնալիքին: Այս ընթացքում իշխանությունն ի ցույց դրեց իր բացահայտ անկարողությունը, ներքին եւ արտաքին մարտահրավերները դիմակայելու անընդունակությունը: Մարդկային եւ տարածքային կորուստները, Հայաստանի դաշնակիցների եւ առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ ոչ լիարժեք հարաբերություններն ակնհայտ են դարձնում գործող իշխանության սնանկությունը: Այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում են քաղաքական իշխանությունները, որոնք չձերբազատվեցին անսխալականության իրենց բարդույթից՝ հայկական երկու պետությունները կանգնեցնելով ծանր իրողությունների, իսկ Արցախը՝ նաեւ տարածքային լրջագույն կորուստների առջեւ: Ուստի, իշխանությունները զրկվել են հայ ժողովրդին ներկայացնելու քաղաքական եւ բարոյական հիմքերից: Անդառնալի կորուստները կանխելու համար, պահանջում ենք՝ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի եւ նրա կառավարության ժամ առաջ, ինքնակամ եւ անցնցում հեռացումը, իրավիճակում բեկում մտցնելու կարողություն ունեցող եւ ռազմաքաղաքական խնդիրներ լուծող գործադիր իշխանության նոր մարմնի հրատապ ստեղծումը: Օրհասական այս պահին մեր պահանջը թելադրված է հայկական երկու պետությունների լինելիության հրամայականով եւ այն վստահությամբ, որ նոր իրավիճակում հայոց անկոտրում բանակն ու միասնական հայ ժողովուրդն ի զորու են հաղթական ճեղքում ապահովել ռազմաճակատում:

Հայտարարությունը ստորագրել են.

1. «Ազատություն» կուսակցություն

2. «Ազգային անվտանգություն» կուսակցություն

3. «Ազգային օրակարգ» կուսակցություն

4. «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն

5. «Ազգային համաձայնություն» կուսակցություն

6. «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցություն

7. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

8. «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն

9. «Երկիր Ծիրանի» կուսակցություն

10. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն

11. «Համերաշխություն» կուսակցություն

12. «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցություն

13. «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն

14. «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցություն

15. «Հայրենիք» կուսակցություն

16. «Մեկ Հայաստան» կուսակցություն

17. «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն

Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սոցցանցերով տեղեկացրել էր, որ վաղ առավոտյան այցելել է Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայիների հետ, որոնք ավելի քան մեկ օր, է ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին: «Շրջայցի ընթացքում հանդիպել եմ նաև գեներալ Մնացականյանին: Այն մեծածավալ ու անգնահատելի ծառայությունը, որն այս օրերին նա մատուցում է Հարենիքին, կներկայացվի պատերազմից հետո»,- հավելել էր նա:

Ըստ ՊԲ հաղորդագրությունների, նոյեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Շուշի-Քարինտակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական խմբավորումների դեմ, որոնք կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել են: Հայկական զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր: Ճակատային գծի տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող 1 տանկ, 4 միավոր ավտոտեխնիկա և 8 անօդաչու թռչող սարք: Հարավ-արևմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում հայկական ուժերն առգրավել են նաև թշնամու 1 տանկ և հրետանային միջոցներ: Ամբողջ ընթացքում հակառակորդը շարունակել է ավիացիոն և հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին: Առավոտյան ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններով թշնամական ուժերի հարձակման փորձերը վերսկսվել են:

Ըստ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի՝ Շուշիի մերձակայքում մարտերը շարունակվում են: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կատարում են իրենց խնդիրները` հակառակորդին զրկելով նախաձեռնողականությունից: «Քարինտակի ուղղությամբ հայտնաբերված խմբավորումը հրթիռահրետանային հարվածներով ոչնչացվում է», նշել է պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը և հավելել՝ «Թշնամին ունի մեծ կորուստներ»:

Արցախի պաշտպանության բանակը նոր տեսանյութ է պատրաստել մեր հրետանավորների մասին՝ նշելով, որ նրանք փայլուն են գործում: «Չկա մի նշանակետ, որ կարողանա մեզնից փախչել: Լինում ենք այնտեղ, որտեղ մեր կարիքը ավելի մեծ է: Պատերազմի ամենասկզբից աշխատում ենք այն տեղերում, որտեղ ամենալարվածն է: Աշխատում ենք այնպես անել, որ մեր զորքերին, մեր հետեւակին որքան հնարավոր է օգնենք, թիկունքից աջակցենք իրենց»,- ասել են հրետանավորները:

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված 44 զինծառայողի անուն։ Մեր կորուստների թիվը 1200–ից ավելի է։

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքում  գրել է. «Երկու շաբաթ առաջ, որպես Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ, Գագիկ Ծառուկյանի հետ միասին դիմել էինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու առաջարկով, որը, սակայն, մինչ այժմ չի կայացել: Այսօր կրկին դիմել ենք վարչապետին` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ անհապաղ հանդիպման պահանջով»:

NEWS.am-ի հետ զրույցում վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը հայտնել է, որ եթե նման հանդիպում նախատեսվի, ինքն այդ մասին կհայտարարի, նաեւ ավելացրել, որ ինքը ծանոթացել է ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի դիմումի բովանդակությանը։

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները հեռախոսազրույցում իսկապես քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտն է Դաշնության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Գազետա»-ն: Ավելի վաղ թուրքական CNN Turk հեռուստաալիքն հայտնել էր, որ Էրդողանը Պուտինին առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել Ղարաբաղի հարցով: Պեսկովը նշել է, թե զրույցի վերաբերյալ իր գրառումից բացի ոչինչ չի կարող ավելացնել։ Ըստ նրա՝ Ռուսաստանը բոլոր ջանքերը գործադրում է հակամարտության քաղաքական-դիվանագիտական լուծման համար:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1042-ով եւ հասել  107466-ի: Այս պահին բուժվում է 40 հազարից ավելի մարդ: Մեկ օրում մահացել է 23 վարակակիր, որոնցից 2-ի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Մահացածների ընդհանուր թիվը 1987 է։

Հայաստանում արձանագրվել է 343 կրկնավարակի դեպք, լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.01 դրամով  ու  կազմել  493.75 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.05 դրամով ու հասել  586.23 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.58 դրամով ու կազմել 648.10 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով ու հասել 6.40 դրամի:

Նոյեմբերի 10-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում եւս տեղումներ չեն դիտվի։ Այս գիշեր Երեւանում կլինի +2-ից +4, վաղը ցերեկը 15-17 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ