News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայրենական անվանումը ստացած 44-օրյա պատերազմը կարելի է ավարտված համարել, սակայն խաղաղության ձգտող Հայաստանի բնակչությունն այսպիսի վերջաբան չէր ցանկանում։ Կեսգիշերն անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրեց, որ անձամբ իր եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել: «Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը գիշերվա 1-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Տեքստն անասելի ցավոտ է: Որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել», գրել է նա:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տվել է պատերազմը ժամ առաջ դադարեցնելու համաձայնությունը՝ հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց: Ֆեյսբուքում նա գրել է, որ ամբողջ օրը  Փաշինյանի հետ քննարկել է պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները:

Ռուսաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռքբերել Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին, հայտարարել է Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները թույլ կտան կարգավորել խնդիրն արդարության հիմքով եւ Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդների շահերից ելնելով», ասել է նա:

Սնխ – 0։38 - «Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա: Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով եւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքի երկայնքով տեղակայվելու են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներ»:

Պայմանավորվածությունը ենթադրում է նաեւ ռազմագերիների եւ զոհվածների մարմինների եւ մյուս պահվող անձանց փոխանակում: Ապաարգելափակվում են տնտեսական եւ տրանսպորտային բոլոր կապերը, դրանք հսկելու են նաեւ Ռուսաստանի սահմանային ծառայության մարմինները:

Կրեմլի կայքը հրապարակել է եռակողմ  հայտարարության ամբողջական տեքստը, որտեղ նշվում է, որ Աղդամի շրջանը եւ Ադրբեջանի Ղազախի շրջանում հայկական կողմի պահած տարածքները ադրբեջանական կողմին են վերադարձվում մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 20-ը: Ղարաբաղի շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինյալներ հրաձգային զենքով, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկա: Խաղաղապահ զորախումբը ծավալվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հերթական 5-ամյա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: Ստեղծվում է Հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն։  Հայաստանը մինչեւ նոյեմբերի 15-ը Քելբաջարն է վերադարձնում, իսկ մինչեւ դեկտեմբերի 1-ը ՝ Լաչինի շրջանը՝ պահպանելով Լաչինի միջանցքը՝ 5 կմ լայնությամբ, որը չի շոշափի Շուշին: Ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Ղարաբաղ եւ հարակից շրջաններ: Փոխանակվում են ռազմագերիները եւ այլ պահվող անձինք ու զոհվածների դիակները:

Հայաստանն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ: Այն վերահսկելող են ռուս սահմանապահները:

Մոսկվան դրական է գնահատել այն, որ Բաքուն ընդունել է ռուսական ուղղաթիռի խոցման միջադեպի հետ կապված մեղքը:  Ռուսաստանի արտգործնախարարությունն ի գիտություն է ընդունել ադրբեջանական կողմի հավաստիացումները, որ օպերատիվ հետաքննություն կանցկացվի, եւ բոլոր մեղավորները կպատժվեն»,-Ֆեյսբուքում գրել է Դաշնության արտաքիյն գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Գիշերը կառավարություն էր ժամանել Հայաստանում ռուսաստանի դեսպանը, ըստ երեւոյթին հայտնի համաձայնագիրը Փաշինյանին ներկայացնելու համար։ Ավելի ուշ այնտեղ էր շտապել նաեւ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, իր խոսքով՝ կանխելու ազգային աղետը, խաթարել դավաճանական գործընթացը, սակայն Արցախի նախագահի համաձայնությամբ հայտարարությունը հրապարակվել էր։ «Բազմիցս Հայաստանի և Արցախի ղեկավարությանը մատնանշել եմ իրավիճակից ելքը, առաջարկել ռազմավարական լուծումներ, սակայն դրանք մշտապես շրջանցվել են' հիշեցնելով խորհրդականի իմ կարգավիճակը։ Նույն կարգավիճակի գործառութային պարտականությունների սահմանափակումներով էր պայմանավորված նաև իմ լռությունը, մասնավորապես պատերազմի առաջին օրվա իմ ճեպազրույցի արդյունքում ստեղծված իշխանական թպրտոցը։ Հավատացնում եմ ձեզ, որ անգամ հիմա, այս պայմաններում մեր արժանապատվությունը փրկելու հույս դեռ կա...», գրել է նա: Ավելի ուշ Բաբայանը հայտարարել է, որ հրաժարվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից եւ դադարեցնում է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները։

Գիշերը կառավարության շենքի դիմաց հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք բողոքում են պատերազմը դադարեցնելու փաստաթղթում նշված կետերի դեմ: Նրանք վանկարկել են «Հողերը չենք հանձնելու» եւ  բոլոր քաղաքացիներին կոչ արել միանալ իրենց:

Ավելի ուշ ցուցարարները գրավել են կառավարության շենքը: Նրանք ներխուժել են կառավարության գլխավոր մասնաշենք, ոստիկանները դիմադրություն չեն ցուցաբերել:

Փաշինյանը եւ նախարարները շենքում չեն եղել: Ուշ գիշերին, ի պատասխան սոցիալական ցանցերում ինքնաբուխ կոչերի, հազարավոր ցուցարարներ են հավաքվել Երեւանի կենտրոնական հրապարակում՝ բղավելով հայհոյախառն արտահայտություններ  Փաշինյանի եւ իշխանությունների հասցեին:

Այնուհետեւ քաղաքացիները գրավել են Ազգային ժողովի շենքը, վնասել գույքը, իրար նետել հատակին։ Դրսում քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան:

Ցուցարարները, ի թիվս այլ պահանջների, ցանկացել են հանդիպել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:  ԱԺ-ում եղել են միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները, որոնք փորձել են հանդարտեցնել ցուցարարներին:

Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման եւ տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման մասին եռակողմ պայմանավորվածությունը կապված չէ խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի միջադեպի հետ, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Դրա շուրջ աշխատանքը սկսվել է միջադեպից շատ առաջ»,- ասել է նա։ Մարիա Զախարովան ավելի ուշ տեղեկացրել է, որ խաղաղապահների հարցը օրակարգում է հայտնվել հոկտեմբերի 10-ից։

Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարությունները նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման համար դիտորդական համատեղ կենտրոն ստեղծելու մասին հատուկ համաձայնագիր կստորագրեն, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Դիտորդական կորպուսի աշխատանքը կարգավորվում է Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարության հինգերորդ կետով:

Ստեղծված իրավիճակում այլ բան որոշելու հնարավորություն ուղղակի չկար, ուշ գիշերին ֆեյսբուքյան լայվով ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ այսօր նրանք, ովքեր ջարդուփշուր են անում, թիկունքից հարվածում են դիրքերում կանգնող մեր տղաներին։ «Այսօր ինձ ասացին, որ այս դեբոշներ սարքողների մեջ կան օրինակ՝ օլիգարխների հանցավոր խմբեր, էդ էն մարդիկ են, ովքեր 20 տարի գողացել են զինվորից, բանակից, 20 տարի հարկ չեն վճարել, էսօր եկել են ազգի ու դավաճանության մասին են խոսում», ասել է նա։

Քիչ անց Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է. «Այս ծանր պահին պիտի կանգնենք կողք-կողքի՝ ընդդեմ սերմնացու գողացող մկների։ Պղտոր ջրում ձուկ որսացողներ՝ դեռ կխոսենք»։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ  ցուցարարների միջեւ կառավարական առանձնատների մոտ ընդհարում է տեղի ունեցել: Համանցանցում տարածված տեսանյութից երեւում է, որ ցուցարարները շրջափակել են Արարատ Միրզոյանին տեղափոխող ավտոմեքենան, դուրս են բերել նրան մեքենայից, վիրավորանքներ ու հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին, ապա ծեծի ենթարկել:

Վարչապետն իր հերթական լայվն էլ նվիրել է այս միջադեպին. «Արարատ Միրզոյանն այն մարդկանցից մեկն է, որն արցունքն աչքերին է դիմավորել  կամ չի էլ ընդունել այս ամեն ինչը, այս որոշումը», ասել է Փաշինյանը, ավելացրել, որ իրենց քաղաքական թիմում այդպիսի մարդ չկա, որ արտասվելով չի ընդունել այս ամենը եւ ինչ-որ ստահակներ հարձակվում են Արարատ Միրզոյանի վրա:

Հաջորդ լայվերում Փաշինյանը խոսել է ճակատում անհաջողությունների պատճառների մասին, նշել, որ եռակողմ հայտարարությունը ստորագրելու ծանր որոշմանն է գնացել Բանակի հրամանատարության հետ խորհրդակցելուց հետո։

Վարչապետն իր ֆեյսբուքյան գրառումներում անդրադարձել է նաեւ կառավարական առանձնատներ ներժած ցուցարարների հափշտակած իրերին։ «Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք եւ այլ իրեր:

Այս ամենը, իհարկե՝ «հանուն հայրենիքի»,- նշել է նա: Այս գրառումից հետո բազմաթիվ արձագանքներ են հայտնվել սոցցանցերում, որոնց օգտատերերը հիասթափություն են հայտնել, որ այսքան ահռելի մարդկային ու տարածքային կորուստների ֆոնին՝ Փաշինյանը գրում է օծանելիքի գողության մասին։

Գիշերը ԱԺ-ում քվորում չի ապահովվել արտահերթ նիստի համար, ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի պատգամավորներն են միայն ներկա եղել։ Անհրաժեշտ է նաեւ «Իմ քայլի» պատգամավորների առնվազն 25 հոգու ներկայությունը, նրանք պետք է վստահ լինեն, որ այս դահլիճում իրենց անվտանգությունն ապահովված է,- լրագրողներին ասել է Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ այժմ փորձում են իրավաբանների հետ քննարկել՝ որքանո՞վ ԱԺ-ն իրավասու է չեղարկել ստորագրված հայտարարությունը: Նա հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից արած հայտարարությունը, թե Արցախի հարցում որեւէ որոշման դեպքում ինքը հրապարակում ժողովրդի հետ միասին կորոշի՝ ընդունե՞լ առաջարկը, թե՞ ոչ:

35 օր պետական ողջ համակարգը խաբել և ստել է ժողովրդին կեղծ տեղեկություններ տալով, երբ կորցրել էինք Ջաբրայիլը, Ֆիզուլին, Հադրութը, իրենք պնդում էին հակառակը ևւ պնդում էին, որ հաղթել ենք, տեսաուղերձում այս մասին հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նա բացահայտել է, որ  հոկտեմբերի 19-ին կառավարությունում արտախորհդարանական ուժերի հետ հանդիպմանը Փաշինյաննն իրենց ասել է, որ մենք կռվել չենք կարողանում։ «Մի շարք մեղքեր բարդելով բանակի վրա, ասելով, որ մենք պետք է  գնանք ծանր զիջումների եւ դա ստեղծված իրավիճակից միակ ճանապարհն է», պատմել է Սաղաթելյանը, պարզաբանելով, որ այդ մասին չեն խոսել թիկունքն ամուր պահելու համար։ 

Սաղաթելյանը հայտնել է, որ ընդդիմությունը վաղը, ժամը 13-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք՝ ստեղծված իրավիճակից ելքը ներկայացնելու համար։

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան», «Հայերնիք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների ղեկավարների հետ։ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը։ Մասնակիցները կարևորել են մեր երկրի կայունությունը, պետությունը ցնցումներից զերծ պահելը։  Քաղաքական կուսակցություններն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել զինված ուժերին, Արցախի պաշտպանության բանակին։

Հայաստանի Պաշտպանության նախարարությունն ու Զինված ուժերի գլխավոր շտաբը կոչ են արել  զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը և, դասեր քաղելով սխալներից, կերտել անհամեմատ ուժեղ ու մարտունակ բանակ, որին արժանի է մեր հերոսական ժողովուրդը։ Հայտարարությունում նշվել է, որ Բանակը հերոաբար է կռվել, սակայն Ադրբեջանին լիարժեք աջակցել է Թուրքիան, ներգրավելով մի քանի հազար վարձկան-ահաբեկիչների։ Բանակն արել է հնարավորն ու անհնարինը։ Բայց ժամանակն է դադարեցնել արյունահեղությունը», նշված է տեքստում։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը միայն առավոտյան հանդես է եկել հայտարարությամբ եւ նշել, որ մամուլից է տեղեկացել, որ եռակողմ հայտարարության, նաեւ պատերազմի դադարեցման պայմանների մասին։ Նա նշել է, որ իր հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում, ցավոք, չի եղել, որևէ բանակցության չի մասնակցել եւ  անհապաղ նախաձեռնում է քաղաքական խորհրդակցություններ՝ համազգային շահերի պաշտպանության մեր օրակարգից բխող լուծումներն ամենակարճ ժամկետներում համաձայնեցնելու նպատակով։

Ժողովրդին ուղերձով է դիմել նաեւ Գարեգին երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը։

«Արցախյան հակամարտության հանգուցալուծման առնչությամբ վերջին ժամերին մեր հայրենիքում տեղ գտնող զարգացումները, կայացված որոշումները փոթորկել են ամենքիս հոգին։ Մեր հայացքի առջև են անցնող ավելի քան երեք տասնամյակներին հանուն Արցախի անկախության պայքարած ու իրենց կյանքն ընծայած մեր հայորդիները, վերջին 44 օրերի ընթացքում նահատակությամբ իրենց կյանքը փառավորած սիրելիները, պատերազմի տառապանքը հաղթահարող մեր քաջարի արցախահայությունը, այս պահին առաջնագծում անհողդողդ կանգնած ամեն մի զինվորն ու հրամանատարը», նշել է վեհափառ հայրապետը։

Մարտական ակտիվ գործողությունները ճակատի ամբողջ գծով դադարեցված են,  ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Ժամը 06:00-ից սկսած պահպանվում է հարաբերական անդորր: Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է տեղակայվել Արցախում»,-հավելել է նա:

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի համար մղվող մարտերում զոհված 81 զինծառայողի անունները: Նրանց թիվը պաշտոնական տվյալով հասել է 1302-ի:

Շուշիի համար մղված մարտերում ընկավ նաեւ մեր ամենաբարի ու լուսավոր գործընկերն ու իսկական ընկերը՝ Վահե Կարապետյանը։ Մեր 21-ամյա ընկերը դեղագործ էր, ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո աշխատում էր NEWS.am-ում որպես օպերատոր, մոնտաժող։ Վահեն անփոխարինելի էր մեր թիմի համար թե իր մասնագիտական, թե մարդկային որակներով։

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 1221 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 108687-ի: Փաստացի այս պահին բուժվում է գրեթե 40 հազար մարդ: Մեկ օրում մահացել 34 վարակակիր, որոնցից 5-ը այլ հիվանդությունից։ Մահացածների ընդհանուր թիվը 2021 է։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.38 դրամով ու հասել 494.13 դրամի: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.86 դրամով  ու կազմել  583.37 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 6.82 դրամով ու հասել 654.92 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.08 դրամով ու կազմել 6.48 դրամ:

Նոյեմբերի 11-ի ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի։ Երեւանում տեղումներ չեն լինի։ Այս գիշեր մայրաքաղաքում կլինի +2-ից +4, վաղը ցերեկը 14-16 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ