News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 25
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Վերջին երկու օրերին հանրությունը շոկի ենթարկվեց Արցախից ստացված մի քանի նորություններից։ Նախ՝ Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքի նախկին ղեկավար Անդրանիկ Բաբայանի դուստր Մարիամ Բաբայանը տեղեկացրեց, որ Վազգենաշենի բնակիչները միայն  նոյեմբերի 20-ի առավոտյան` ժամը 11-ին են տեղեկացել, որ իրենց գյուղը նույնպես տալիս են Ադրբեջանին, և որ մինչև կեսգիշեր ժամանակ ունեն տեղահանվելու համար։ Նույն օրը երեկոյան՝ մինչ գյուղացիները փորձում էին դուրս բերել իրերը, նախ ադրբեջանցիները գողանում են իր հոր ավտոմեքենան, ապա զինված ներխուժում գյուղ և իրենց բակում գերի վերցնում հորն ու եղբորը։ Քիչ անց, երբ գալիս է ադրբեջանցիների հրամանատար Մուստաֆան, հոր խնդրանքով եղբորը բաց է թողնում, ապա երկար բանակցելու արդյունքում ազատ է թողնում նաև հորը։ Մարիամ Բաբայանը հարց էր ուղղել Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին, թե ինչու ապահովված չէ խաղաղ բնակչության անվտանգությունը։

Ավելի ուշ WarGonzo տելեգրամ ալիքը, վկայակոչելով Մարտունու շրջանի մեկ այլ գյուղի՝ Բերդաշենի իր աղբյուրները, հայտնեց, որ չնայած ըստ ստորագրված փաստաթղթի, գյուղը չի հանձնվում Ադրբեջանին, ադրբեջանցիները փորձում են գրավել գյուղը։ Բերդաշենի բնակիչները իրենք են փորձում թույլ չտալ ադրբեջանցի զինվորականների ներխուժումը իրենց տարածքները։ Նշենք, որ որևէ պաշտոնական արձագանք այս հրապարակումներին չի եղել։ Արցախի ղեկավարության մամուլի քարտուղարների հետ կապվելու NEWS.am-ի այսօրվա բոլոր փորձերը ապարդյուն են եղել։

 Այս տեղեկությունները հանրության շրջանում առաջացրել են մտահոգություններ, որ այս պահին Արցախում ղեկավարությունը փաստացի չի գործում։ Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրել է․ «Պատճառն այն է, որ այս օրերին իրենց կողմից գործում է կուռ պետություն, իսկ մեր կողմից՝ Աստված գիտի, թե ինչ»։ Ավելին, քաղաքագետն ահազանգել է, որ մեր կողմից արդեն մարտական դիրքեր են հանձնվել Մարտունու, «Եղնիկների» ուղղությամբ, հակառակորդը փորձել է նաև տիրանալ Շոշ գյուղին։

Այս տեղեկությունների ֆոնին Mediaport տելեգրամյան ալիքը տեղեկություն է հաղորդել, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունը գաղտնի այցով Ռուսաստան է մեկնել և մնալու է մինչև նոյեմբերի 25-ը։ Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի լոբբինգով որոշել է ազատվել Հարությունյանից և Արցախի նախագահ դարձնել Սամվել Բաբայանին։ Արայիկ Հարությունյանն էլ, հասկանալով, որ անզոր է Աննա Հակոբյան-Սամվել Բաբայան զույգի դեմ՝ շտապել է ՌԴ՝ կանխելու  իր հնարավոր պաշտոնանկությունը։ Արայիկ Հարությունյանը Մոսկվայում իր հանդիպումների ընթացքում օգնություն է խնդրում ռուսական կողմից՝ համոզելով, որ  ՌԴ-ի հետ խնդիրներ ունեցող Սամվել Բաբայանի՝ Արցախի նախագահ դառնալը առաջին հերթին վատ է լինելու Ռուսաստանի համար։

Ի դեպ, նախօրեին Արայիկ Հարությունյանը Երևանում էր, հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ։ Սակայն Էջմիածնում պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակի արարողությանը, որին մասնակցում էին վարչապետը և Աննա Հակոբյանը, նա ներկա չէր։

Նշենք, որ այդ արարողությանը Փաշինյանը այցելել էր մեծ թվով թիկնապահների ուղեկցությամբ և արարողությունից հետո արագ հեռացել էր, թիկնապահները լրագրողներին թույլ չէին տվել մոտենալ վարչապետին։

Նիկոլ Փաշինյանի ներկայությունը հիշատակի արարողությանը վրդովմունք էր առաջացրել այն քաղաքացիների շրջանում, որոնց կարծիքով, զոհերի այդքան մեծ թվի մեղավոր Փաշինյանը չպետք է ներկա լիներ հիշատակի արարողությանը։ Նրանք նաև մեղադրում էին Մայր Աթոռին՝ վարչապետի ներկայությունը արարողությանը թույլ տալու համար։

Մայր Աթոռն արձագանքել է այս մեղադրանքներին, մասնավորապես՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը գրել է, որ հիշատակի արարողության առիթով Մայր Աթոռը որևէ մեկին, այդ թվում՝ որևէ պետական կառույցի կամ այրի, մասնակցության հրավեր չի ուղղել։

Ադրբեջանական գերության մեջ հայտնված հայ զինվորական և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը, որոշ տվյալներով գերազանցում է 100–ը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Մինչեւ այս պահը կառավարությունն ու իրավապաշտպանները հայ ռազմագերիների ընտանիքի անդամների անունից շուրջ 50 դիմում են ներկայացրել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:

Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն էլ իր հերթին հայտնել է, որ գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը բավարարել է մեր դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց։ Խոսքը 17 գերիների մասին է, որոնց անունները Զեյնալյանը հրապարակել է։

Նշենք, որ բազմաթիվ ահազանգեր են ստացվում նաև հրադադարի համաձայնագրի հաստատումից հետո գերեվարվածների մասին։ Խոսքը ոչ միայն քաղաքացիական անձանց, այլ զինվորականների մասին է։ 18–ամյա Էրիկ Խաչատրյանը նրանից մեկն է։ Նախօրեին ադրբեջանցիները նրա վերաբերյալ տեսանյութ էին տարածել։ Դեպքին անդրադարձել է նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Էրիկը կռվել է Ջաբրաիլում, վերջին անգամ նա ընտանիքի հետ կապվել է հոկտեմբերի 12-ին։ Դրանից հետո նա անհետ կորածների ցուցակում է, գործով զբաղվում է Կարմիր Խաչը։

Անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր կրկին ՊՆ շենքի մոտ էին, պահանջում էին, որ իրենց վերջապես տեղեկություններ տան իրենց զավակների մասին, եթե զոհվել են, ապա դուրս բերեն ու իրենց հանձնեն մարմինները։ Ծնողներից մեկն ասաց, որ իր որդին մի քանի այլ զինծառայողներին հետ գերեվարվել է երկու–երեք օր առաջ։

Ծնողներից ոմանք ասում էին, որ իրենց զավակներից լուր չունեն արդեն 40 օրից ավելի։ Նրանք իշխանություններին խնդրում էին՝ իրենց թույլ տալ Արցախ մեկնել և սեփական ուժերով փորձել գտնել որդիներին, հակառակ դեպքում ստիպված կլինեն օգնության խնդրանքով դիմել ռուսական կողմին։

Անհետ կորած զինծառայողների ծնողների հետ զրուցելու և կրքերը հանդարտեցնելու համար ՊՆ էր եկել իմքայլական պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, և չգիտես ինչու՝ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այդ հարցերով զբաղվող հանձնաժողով է ստեղծվել, ինչի ավելի շատ բորբոքվեցին հարազատները՝ զարմանալով, որ հանձնաժողովը միայն հիմա է ստեղծվում։ Կրքերը հանդարտեցնելու ևս մեկ փորձ արեց Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը։ Երկար բանավեճից հետո Նաիրի Սարգսյանն առաջարկեց, որ 25 ծնողներ 19։30–ին լինեն կառավարությունում և հանդիպեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը ծնողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ազատվել է պաշտոնից։

Օրվա ընթացքում հայտնի դարձավ ևս մեկ պաշտոնանկության մասին։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն է ազատվել զբաղեցրած պաշտոնից։ Վարչապետի առաջարկությամբ նոր նախարար է նշանակվել Երեւանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, որը ժամանակին նաեւ ԵՊՀ ռեկտորի թեկնածու էր:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումների շարք է սկսել գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգման հարցեր քննարկելու համար: Այսօր վարչապետը հանդիպել է Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի, «ՍԻԼ կոնցեռն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի, «Ալեքս հոլդինգ» ընկերության հիմնադիր Սամվել Ալեքսանյանի, «Սովրանո» ընկերության սեփականատեր Արման Սահակյանի, «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի, «Մենյու էյէմ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանի հետ: Քննարկման առանցքում եղել է կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդումը, ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովումը, տնտեսական լավատեսության վերականգնումը: Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ:

Պատերազմի ավարտվից հետո զինվորները երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մատնվել են անտարբերության։ Այս մասին հայտնել է «Փաստինֆո»-ն, որը նաև կադրեր է հրապարակել, որտեղ երևում է այն բարձիթողի և անմխիթար վիճակը, որի մեջ ապրում են զինվորները։

 44 օր տևած պատերազմից հետո նրանք, որոնց թվում կան բազմաթիվ վիրավոր ժամկետային զինծառայողներ, քնում են գետնին՝ զուրկ տարրական պայմաններից։ Արցախում գտնվող զինվորներին անգամ չի ապահովվում ջեռուցում և էլեկտրաէներգիա։

Արցախում ռուս խաղաղապահ է վիրավորվել։ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի սպան մահացածներին որոնելիս ականի պայթյունից վիրավորվել է, պայթյունի հետեւանքով զոհվել է Ադրբեջանի ԶՈւ սպա, վիրավորվել են Արցախի ԱԻՆ չորս ներկայացուցիչներ։ Դեպքը տեղի է ունեցել Տերտերի շրջանում: Ռուս զինծառայողը տեղափոխվել է Բաքու քաղաքի հիվանդանոց։

Բաքվի դատարանը հեռակա կարգով կալանավորել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ում դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի «ցեղասպանություն» հոդվածով: Նոյեմբերի 11-ին Բաքվի ռազմական դատարանը քննել էր ներկայացված հայցը եւ որպես խափանման միջոց հեռակա կարգով կալանք էր ընտրել Օհանյանի նկատմամբ: Այս կապակցությամբ Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում էին հայտարարել նախկին նախարարի նկատմամբ:

Հայաստանում նոյեմբերի 23-ին կորոնավիրուսով վարակվելու 485 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 126709 դեպքի: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 24 քաղաքացի, մահացածների թիվը 1976 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 503 է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 505 դրամ։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 600.12 դրամ (աճել է 3.40 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 675.56 դրամ (աճել է 7.59 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.66 դրամ (աճել է 0.06 դրամով):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ