News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական գրառումով աղմուկ է բարձրարել սոցհարթակում․ նա պատմել է նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի՝ Մոսկվա մեկնելու մտադրության եւ հանգամանքների մասին, նշել, որ Արցախի երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի միջոցով Տեր–Պետրոսյանն ու Քոչարյանն առաջարկել են, որ ինքը միջնորդի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի նա ընդունի երկու նախկին նախագահներին։ Փաշինյանը, իր խոսքով, մերժել է՝ պատճառաբանելով. «Ռուսաստանի նախագահի հետ ես մշտական կապի մեջ եմ: Օր կա՝ հինգ-վեց անգամ հեռախոսով խոսում եմ հետը: Հիմա եթե ինձ հարցնի, այդ ի՞նչ ասելիք ունես, որ ինձ չես կարողանում ուղիղ ասել եւ դա ուզում ես ասել հատուկ բանագնացների միջոցով, ես ի՞նչ պիտի պատասխանեմ»:

Փաշինյանը վստահեցնում է, որ դրանից հետո ինքն այլ տարբերակ է առաջարկել՝ կազմակերպել Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի արարողակարգային այց Մոսկվա՝ որպես պաշտոնաթող նախագահներ, որտեղ նրանք կլինեն ՌԴ պաշտոնաթող նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հյուրը, եւ կփորձեն նրա միջոցով քաղաքավարական հանդիպումներ կազմակերպել ՌԴ նախագահի, ԱԳ նախարարի եւ այլ բարձրաստիճան անձանց հետ:

Սակայն երկու նախագահները Բակո Սահակյանի միջոցով ասել են, որ հրաժարվում են այդ առաջարկից, քանի որ իրենք արդեն Սերգեյ Լավրովի հետ հանդիպման պայմանավորվածություն ունեն, բայց խնդիրը Քոչարյանի անձնագիրն է, որը դատարանում է: «Ասացի՝ թող միջնորդություն ներկայացնեն դատարան, ես կխնդրեմ, որ մեղադրանքի կողմը չառարկի անձնագիրը վերադարձնելուն»,– գրել է Փաշինյանը՝ նշելով, որ չնայած անձնագիրը վերադարձրել են, բայց Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը Մոսկվա այդպես էլ չեն մեկնել:

Փաշինյանի գրառմանը արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը․ «Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից»,– գրել է Վիկտոր Սողոմոնյանը։

Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակն էլ գրել է. «Նախագահն անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին։ Ինչ ուզում է` թող դուրս տա: Միեւնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»։

Սոցիալական ցանցերում լայն արձագանք է գտել Փաշինյանի գրառումը, հատկապես այն դրվագը, որտեղ Փաշինյանն ասում է՝ իր խնդրանքով դատարանը վերադարձրել է Քոչարյանի անձնագիրը։ «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանն այս առնչությամբ գրել է. «Այսօր պետական դավաճանը խոստովանեց, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվել է բացառապես քաղաքական հետապնդում, իսկ դատախազությունը գործել է իր անմիջական ցուցումով: Նա այսօր փաստացի ցուցմունք տվեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դեմ՝ մեղադրելով նրան քաղաքական հրահանգով քրեական մեղադրանքներ առաջադրելու մեջ»։

Այսօր Փաշինյանի հրավերով կառավարություն՝ նրա հետ հանդիպման են գնացել Բարձրագույն դատական խորհրդի անդամները։ Մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում նրանք նշել են, որ չգիտեն, թե ինչ օրակարգով է լինելու հանդիպումը: Հասարակական–քաղաքական գործիչները սա գնահատել են որպես իշխանությունը պահպանելու ճանապարհին սպասվող ռեպրեսիաների ընթացքում նաեւ դատարանների վերահսկումն իշխանության կողմից ապահովելու փորձ։

Ավելի ուշ կառավարությունը տեղեկացել է, որ բացի ԲԴԽ անդամներից ու դատարանների նախագահից՝ Փաշինյանը խորհրդակցության է կանչել նաև իրավապահ համակարգի ղեկավարներին՝ այդ թվում Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին, Ոստիկանապետին, Արդարադատության նախարարին, Գլխավոր դատախազին, Հատուկ քննչական ծառայության պետին, Քննչական կոմիտեի նախագահին։ Փաշինյանը հարց է բարձրացրել՝ արդյոք նրանց ղեկավարած կառույցները պատշաճ են արձագանքում այսօրվա իրադարձություններին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։ Վերջինը տեղեկացրել է, որ ելնելով համաճարակային իրավիճակից, դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որը դեկտեմբերի 4-ին պետք է կայանար Մոսկվայում, իրականացվի հեռահար եղանակով: Կառավարությունից  հայտնել են, որ այսպիսով չեղարկվել է Փաշինյանի որոշումը, որով վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետը գործուղվում էր Ռուսաստան՝ Փաշինյանի այցը կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով:

Միաժամանակ, Mediaport տելեգրամյան ալիքը հաղորդում է, որ միայն այդ պատճառով չի չեղարկվել Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ։ Ըստ աղբյուրի՝ վարչապետին չի հաջողվել բարձր մակարդակի հանդիպ,ան հնարավորություն ստանալ ՌԴ ղեկավարությունից: Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպման ՀՀ բոլոր ջանքերը ձախողվել են:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիներն այսօր երեկոյան «Նիկոլ, դավաճան» վանկարկելով փակել են Մաշտոցի պողոտան։ Ոստիկանները բռնի ուժ կիրառելով՝ քաղաքացիների ձեռքերից եւ ոտքերից բռնելով, քաշքշելով նստեցրել են ոստիկանական մեքենաները։ Չնայած Վարչական դատարանը վերացրել է խաղաղ հավաքների արգելքը, ոստիկանները ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ են կիրառում, լրագրողներին ասել են իրավապաշտպանները։

Հայ ռազմագերիների ճակատագրով մտահոգ մտավորականները Երեւանում միաբանության հերթական երթն են անցկացրել եւ դրա ավարտին  նամակ են հանձնել Ֆրանսիայի դեսպանատուն: Նախօրեին նրանք համանման նամակ էին հանձնել Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչություն, վաղն էլ կհանձնեն Միացյալ Նահանգների դեսպանատուն։ Մտավորականները նորից հորդորել են հանրությանը նամակներ գրել բոլոր միջազգային կառույցներին ու պետությունների ղեկավարներին՝ նրանց ուշադրությունը հայ գերիների ճակատագրի րա հրավիրելու խնդրանքով։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է Ռուսաստանի պաշտոնակից Վլադիմիր Պուտինին: Սարգսյանը նշել է, որ  Դաշնության նախագահի միջնորդությունը մեծ աջակցություն կլինի գերեվարված մեր զինվորականներին և քաղաքացիական անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինները վերադարձնելու չափազանց զգայուն խնդրի լուծման գործում:

Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով անձամբ զբաղվում է  Վլադիմիր Պուտինը, նախօրեին հայտարարել էր Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը` հավելելով, որ նախագահին իրենք դիմել են նամակով: «Հանդիպել եմ նախագահի՝ միջազգային հարցերով օգնականի՝ Յուրի Ուշակովի հետ: Առաջին խնդիրը դա ենք դրել: Նամակ ենք գրել նախագահին,  ստացել ենք պատասխան:  Դաշնության նախագահն անձամբ ինքն է զբաղվում»,- ասել է Աբրահամյանը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է, որ հանդիպում է  ունեցել անհայտ կորած եւ գերության մեջ հայտնված զինծառայողների մի խումբ հարազատների հետ, որին մասնակցել է ռուսաստանցի խաղաղապահների հրամանատար  Ռուստամ Մուրադովը: Ըստ նրա՝ այս ընթացքում հայ զինվորների ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց, եւ ամեն օր աշխատանքները շարունակվում են:

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Պողոսյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 16-ին։ Նա այդ պաշտոնին նշանակվելուց առաջ եղել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը։ Խորհրդանշական է, որ մարզպետը հրաժարական է տալիս Քաշաթաղի շրջանը ադրբեջանական կողմին հանձնելուց մեկ օր առաջ։ Նշենք, որ դեկտեմբերի մեկին Քաշաթաղը հանձնելուց հետո Սյունիքը բազմաթիվ խնդիրների առջև է հայտնվում՝ ավելանում է հարյուրավոր կիլոմետրերով սահման՝ Ադրբեջանի հետ։  Եթե առաջնորդվենք ԽՍՀՄ տարիներին գործող Հայաստանի և Ադրբեջանի սահմանների տրամաբանությամբ, ապա Գորիս–Կապան ճանապարհի մի մասն անցնելու է Ադրբեջանի տարածքով, և դեռևս պարզ չէ, թե ինչ եղանակով է հնարավոր ապահովել այս ճանապարհի գործունեությունը, առավել ևս անվտանգությունը։

Տխրահռչակ եռակողմ հայտարարությամբ  հաստատված ժամանակացույցով Լաչինի շրջանը այս կեսգիշերին ադրբեջանական կողմին հանձնելու վերջնաժամկետից հաշված ժամեր առաջ դեռևս հստակ պաշտոնական տեղեկություն չկա, թե ինչ ճակատագիր է սպասվում Բերձոր քաղաքին։ «Այս երկու օրն ամեն ինչ կհստակեցվի, մանր տեխնիկական հարցեր կան, որ հստակ պատասխան չի կարող լինել քաղաքացիական բնակչության մասով»,– NEWS.am-ի հետ զրույցում ասել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը։ Մի քանի օր է՝ ինչ բերձորցիները շտապում են հավաքել իրենց իրերն ու հեռանում են քաղաքից, որովհետեւ չգիտեն՝ ում վերահսկողության տակ է լինելու քաղաքը դեկտեմբերի 1-ից։  Որևէ պաշտոնական մեկնաբանություն Բերձորի ճակատագրի վերաբերյալ դեռ չի հնչել։

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից,  բայց կշարունակի ամբուլատոր բուժումը, մամուլին հայտնել է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:

Հայաստանում վերջին շրջանում առաջին անգամ գրանցվել է  կորոնավիրուսով վարակվելու եռանիշ թիվ․ անցած մեկ օրում արձանագրվել է վարակվելու 356 նոր դեպք, նրանց ընդհանուր թիվն անցել է 135 հազարից:  Վերջին տվյալով՝ ապաքինվել է 108442 մարդ: Մեկ օրում մահացել է 26 վարակված, նրանցից 4-ը՝ այլ հիվանդության պատճառով․ մահացածների ընդհանուր թիվը 2706 է։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը  նախորդ օրվա համեմատ նվազել է 0.81 դրամով ու կազմել  506.40 դրամ:  Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.88 դրամով ու կազմել 606.82 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.14 դրամով ու կազմել 674.68 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով ու կազմել  6.65 դրամ:

Դեկտեմբերի 1-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-2-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևանում եւս  տեղումների չեն կանխատեսվում։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 0-ից -2, վաղը ցերեկը +5-ից +7 աստիճան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ