Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչության արդեն նախկին ավելի քան 70 աշխատակիցներ չեն ստացել իրենց 2 ամսվա աշխատավարձը: Հունիսի 2-ին նրանք Կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա էին կազմակերպել եւ պահանջում էին լուծում տալ իրենց խնդիրներին:
Հիշեցնենք, որ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական ու բուսասանիտարիայի պետական տեսչությունների վերամիավորման արդյունքում վերջերս ստեղծվել էր սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որի նորանշանակ պետ Գրիգոր Գրիգորյանն է: Գուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը վերջերս լրագրողներին տեղեկացրել էր, որ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով համակարգից հեռացված եւ կադրերի ռեզերվ ուղարկված անձանց գործերը հանձնվել են երկրի բարձրաստիճան ղեկավարությանը եւ Քաղծառայության խորհրդին, կատարվում են ուսումնասիրություններ։
«Մոտ 100 մարդ մնացել է անգործ, օրը մեկին գործից հանում են»,- բողոքի ակցիայի ժամանակ դժգոհել են տեսչության նախկին աշխատակիցները:
NEWS.am-ի հետ զրույցում Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ Գյուղատնտեսության նախարարության կադրերի բաժինը կոպտագույն սխալ է թույլ տվել` մարդկանց ազատելով աշխատանքից եւ չուղարկելով կադրերի ռեզերվ, այդ պատճառով էլ գոյացել է այն, ինչ գոյացել է եւ ունենք այն, ինչ ունենք:
Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե ծառայության նոր պետը կադրային ջարդ է իրականացնում, ազատվում է նախկին աշխատակիցներից, Գրիգոր Գրիգորյանն ասաց. «Իմ նշանակումը եղել է ամսի 8-ին, իսկ աշխատակիցներին ազատել են հունիսի 1-ին»: Նա նշեց, որ նախկին աշխատակիցները հրավիրվել են ծառայություն, զրուցել են նրանց հետ եւ փորձելու են ծայրահեղ սեղմ ժամկետում նրանց վճարել չվճարված աշխատավարձերը: Թե որքան է կազմում ընդհանուր գումարը, պետը չնշեց, քանի որ այն դեւես հաշվարկման փուլում է:
«Ինչքան անգրագետ մարդ կա, նոր տնօրենը բերել, լցրել ա այնտեղ: Ինչքան անգրագետ մարդ կա, աշխատում են, իսկ մասնագետներին հանում են գործից»,- բողոքել էին գործազուրկ անձինք: Այս մասին Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ նոր ծառայությունում աշխատում են մասնագետներ, ում կենսագրությունը մասնագիտական առումով մաքուր է: «Անցկացրել ենք հարցազրույց ու հավատացեք` մարդիկ, ովքեր տարրական հարցերի չեն կարողացել պատասխանել, կամ ասում են թույլ տվեք` ես աշխատեմ, ես սննդամթերքը հեռվից տեսնում եւ զգում եմ սրտով, որ դա վարակված է, նրանք չեն կարող աշխատել»,- ասաց նա` հավելելով, որ ինքը ոլորտում նոր մարդ չէ, գյուղնախարարության նախկին աշխատակիցների մասնագիտական գործունեությանը քաջատեղյակ է եւ «10 տարի ոլորտում բարձիթողի վիճակը, որ կա, հենց հանց դրա հետեւանքն է»:
«Եթե աշխատանքն իսկապես կատարվում է պատշաճ, այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ ունենք այսպիսի բարձիթողի վիճակ»,- ասաց նա:
Հարցին, թե արդյոք ներկա վիճակի համար մեղավոր է նախո՞րդ նախարարը, Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ խնդիրը կադրերում է, եւ ինքն ամեն դեպքում շնորհակալ է ոլորտի նախորդ ղեկավարներից: Նա վստահեցրեց, որ ծառայության ներկայիս աշխատակիցներից եւ ոչ մեկը նրա բարեկաններից կամ ազգականներից չէ, «ընտիր մասնագիտական կենսագրությունով մարդիկ են»:
Ի դեպ, աշխատանքից ազատվել են նաեւ տեսչության մարզային մասնաճյուղերի աշխատակիցները, ինչը Գրիգոր Գրիգորյանը բացատրել է կառույցը ստեղծվելիս մի շարք հաստիքացուցակների կրճատվելու հանգամանքով:




























