News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ստեփանակերտում մահացած են գտել նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության պետին` Արթուր Ապրեսյանին, որը հայտնի է «Վամպիր» մականվամբ։ Նրան կեսգիշերին Եղբայրական գերեզմանոցում կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղին են հայտնաբերել՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով։ Աջ ձեռքին եղել է ատրճանակ:  Նախնական վարկածով՝ 35–ամյա տղամարդն ինքնասպան է եղել։ Հարուցվել է քրեական գործ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն: Փաշինյանը կարեւորել է Հարությունյանի մասնակցությունը՝ տեղեկատվության փոխանակման, հետագա անելիքների պլանավորման համատեքստում: Ի դեպ, արդեն 2-րդ այսպիսի խորհրդակցությանը չի մասնակցում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, որն ի դեպ, ժամանակ առ ժամանակ պահանջում է Փաշինյանի հրաժարականը։

Ազգային ժողովում այսօր ԲԴԽ անդամի թեկնածուների ընտրությունն էր։ Իշխանության երկու թեկնածուներից մեկը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայր, «Սորոսի հիմնադրամի» տնօրենների խորհրդի նախկին նախագահ Դավիթ Խաչատուրյանն է, մյուսը՝ հանրությանը ոչ անհայտ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։

Ընդդիմությունը չի մասնակցել Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության քվեարկությանը: «Բարգավաճ Հայաստանը» և «ԼՀԿ»–ն բոյկոտել են քվեարկությունը։

Նիստերի դահլիճում պատգամավոր Թագուհի Թովմասյանը Ջհանգիրյան նրա եռահարկ դղյակի մասին, ինչին Ջհանգիրյանը պատասխանել է՝ երբ այդ տունը կառուցվել է, ինքը դեռ պաշտոնյա չէր, եւ քանի որ տունը կենտրոնում էր, կարողացել է թանկ վաճառել եւ նոր տուն կառուցել։

Գագիկ Ջհանգիրյանը խորհրդարանական կառավարման համակարգը Հայաստանի համար խնդրահարույց է համարում, նաեւ  դեմ է գերագույն դատարան ստեղծելու գաղափարին։

Այդ գաղափարին կողմ է ԲԴԽ  անդամի պաշտոնում մյուս թեկնածուն՝ Դավիթ Խաչատրյանը։ Նրա թեկնածությունը Ազգային ժողովը քննարկել է ընդդիմության բոյկոտի պայմաններում եւ գրեթե դատարկ դահլիճում, քանի որ իշխող իմքայլականները առանձնակի հետաքրքրություն չեն ցուցաբերել: Խաչատուրյանն ասել է, թե դատական համակարգում գործում է կաստային կորպորատիվ անձնիշխանություն, պատգամավորի հարցին ի պատասխան էլ նշել, թե Սորոսի հիմնադրամը չի գործում ընդդեմ Հայաստանի շահերի։  

Մինչ Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում էր Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածությունները, խորհրդարանի առջեւ բողոքի ցույց էր, որի մասնակիցները պնդում էին, որ իշխանությունը նպատակ ունի խախտելով Սահմանադրությունը, ԲԴԽ անդամ նշանակել վարչապետի կամակատարներին: «Նպատակը դատական իշխանությունը զավթելն է, որը չի ենթարկվում Փաշինյանի սադրանքներին ու հրահանգներին», ասել են նրանք:

Ակցիայի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել մասնակիցներից մեկի եւ ոստիկանության սպայի միջեւ: Մայորը հրահանգել է չանցնել ոստիկանների շղթայից այն կողմ, քաղաքացին էլ պնդել, որ նա խախտում է տեղաշարժվելու իր իրավունքը։

ԱԺ իշխանական պատգամավորները շարունակում են հասարակության մեջ խնդիրներ ունենալ պատերազմում գրանցված խայտառակ պարտությունից հետո։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո իշխանական պատգամավորներից շատերը հասարակական պարսավանքից խուսափելու համար ընդհատակ են անցել։ «Փաստինֆո»-ի   տեղեկություններով՝ ժողովրդի ներկայացուցիչները փորձել են ծեծել իշխող ուժի պատգամավոր Ռուստամ Բաքոյանին։ Վերջինս այդ օրերին թաքնվել է Աջափնյակ համայնքում, իր ծանոթի տանը։ Հարևաններն իմացել են և փորձել նրան պատժել իշխող թիմի վարած պարտվողական քաղաքականության համար։ Քաշքշուկ է եղել, ներկաները հայհոյել են պատգամավորին։ Միջադեպից հետո Ռուստամ Բաքոյանը շտապել է Աջափնյակի ոստիկանություն և հանցագործության մասին հաղորդում տվել։ Պատգամավորը ոստիկանությունում տեղեկացրել է, որ իրեն հայհոյել են, փորձել ծեծել, վնասել իր մեքենան։ Այս պահին քննություն է կատարվում։

Դատարանը մերժել է դատախազներին բացարկ հայտնելու՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բոլոր 4 միջնորդությունները: Որոշումը հրապարակել է դատավոր Աննա Դանիբեկյանը: Պաշտպանությունը պահանջում էր բացարկ հայտնել բոլոր դատախազներին՝ Պետրոս Պետրոսյանին, Գեւորգ Բաղդասարյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, այն հիմնավորելով նրանց սուբյեկտիվ վերաբերմունքով եւ պատվերի կատարմամբ:

Ռեժիմի ջղակծկումները Փաշինյանին չեն վերակենդանացնի. Թելեգրամի իր ալիքում գրել է «Իզվեստիա» թերթի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրիելյանովը: Սոցցանցի մոնիթորինգից նա հանգել է եզրակացության, որ Փաշինյանն աջակցություն ունի Ադրբեջանում, որ  Ռուսաստանի հայերը 90 եւ  ավելի տոկոսով պահանջում են նրա հեռացումը, նրանք Պուտինին աջակցողներն են, եւ հակառակը, այն հայերը, որոնք աջակցում են Փաշինյանին, վատ են վերաբերվում ռուսներին եւ Պուտինին: «Նախ՝ Փաշինյանը որպես քաղաքական գործիչ եւ որպես մարդ կորած է: Երկրորդ՝ հայերի մեծ մասը պատրաստ է ընդունել Ռոբերտ Քոչարյանին, եթե նա աղետից Հայաստանի դուրսբերման փուլային հստակ ծրագիր ունենա: Երրորդ՝ ադրբեջանական հանրությունը պարզապես ատում է Քոչարյանին, ինչը բացատրելի է»,-գրել է Գաբերլյանովը:    

COVID-19-ով վարակվածների շրջանում մահերի թիվը Հայաստանում հասել է 3774-ի:  Անցած մեկ օրում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 183 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 165711-ի: Մահացել է 11 վարակված, որոնցից 2-ի մահն, ըստ առողջապահության նախարարության, վրա է հասել այլ հիվանդության պատճառով

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.45 դրամով ու կազմել  518.44 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.12 դրամով ու հասել 631.10 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.20 դրամով  ու կազմել 708.34 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.10 դրամով ու կազմել 6.95 դրամ:

Վաղը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Եղանակը 5-7 աստիճանով կտաքանա հունվարի 24-27-ը, Արարատյան դաշտից և նրա նախալեռնային գոտուց բացի։ Երեւանում եւս տեղումներ չեն լինի. Գիշերը մայրաքաղաքում կլինի -14-ից -16, վաղը ցերեկը -1-ից -3 աստիճան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ