Խորվաթիան կարող է Եվրամիության անդամ դառնալ 2013 թվականի հուլիսի 1-ին: «Երկիրը զգալի հաջողությունների է հասել` կատարելով 35 պահանջներից 31-ը, որոնք անհրաժեշտ է ԵՄ անդամակցության համար»,- այսօր` հունիսի 10-ին Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:

Բարոզուն խորհուրդ է տվել մնացած 4 կետերի պայմանները կատարված ճանաչել մոտ ժամանակներս: Խորվաթիայի ԵՄ անդամակցության բանակցություններն ընթացել են 6 տարի:

Նշենք, որ Թուրքիան եւս ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է, սակայն այդ երկրի անդամակցությանը կտրականապես դեմ են արտահայտվում ԵՄ առաջատար մի շարք երկրներ:

ԵՄ անդամ երկրներին չի բավարարում Թուրքիայում առկա իրավիճակը մարդու իրավունքների հետ կապված: Բացի այդ, Անկարան ոչ մի կերպ չի կարողանում լուծել Կիպրոսի հետ կապված հարցը, իսկ դա ԵՄ անդամության պայմաններից մեկն է: Թուրքիան չի ճանաչում Կիպրոսի հանրապետությունը, ինչպես նաեւ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: