News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Բաղրամյան» ՍՊԸ–ն իշխանափոխությունից հետո շեշտակի ավելացրել է ցորենի շուկայում իր մասնաբաժինը։  Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով ՏՄՊՊՀ–ի հրապարակած՝ ցորենի և ալյուրի շրջանառության ոլորտին վերաբերող պաշտոնական վերջին տվյալները։ 

«Բաղրամյան ՍՊԸ»–ն, որը մինչև 2018թ. կեսերը գործունեություն էր իրականացնում «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ–ի անվան տակ, 2019–ի ընթացքում 2018–ի համամատ ցորենի շուկայում 10 տոկոսով ավելացրել է իր մասնաբաժինը՝ ստանալով շուկայի 63 տոկոսի մենաշնորհը։

Ցորենի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Բաղրամյան» ՍՊԸ–ն այս ժամանակահատվածում շուրջ 70 տոկոսով ավելացրել է նաև սեփական կարիքների համար ցորենի օգտագործումը։ Այսինքն, եթե նախկինում այս ընկերությունը ցորեն էր ներկրում և վերավաճառում տարբեր ալրաղացների, ապա 2019–ից սկսած նա ավելացրել է իր ազդեցությունը նաև ալյուրի շուկայում՝  վաճառելով իր ներկրած ցորենից ստացված ալյուրը։ Հատկանշական է, որ Ալեքսանյանների ընտանիքին պատկանող ընկերությունները ոչ միայն վերահսկում են ալյուրի մեծածախ, այլև մանրածախ շուկան։ Մասնավորապես, Երևանի ամենամեծ սուպերմարկետների ցանցում՝ «Երևան Սիթիում» (Ալեքսանյան ընտանիքին պատկանող) ավելացել են մանրածախ ալյուրի իրացման ծավալները։ Հանրությանը հայտնի օլիգարխը «Սևանի հացի գործարան» ընկերության միջոցով մուտք է գործել անգամ հացաբուլկեղենի և խմորեղենի շուկա՝ դաշտից դուրս թողնելով բազմաթիվ փոքր և միջին արտադրողների։

Համաձայն մաքսային ծառայության տվյալների՝ 2019 թվականին Հայաստան է ներմուծվել է 362 հազար տոննա ցորեն։ Ընդհանուր առմամբ՝ ցորենի մոտ 90%-ը Հայաստան է ներմուծվում Ռուսաստանից, մնացածը՝ հիմնականում Ուկրաինայից, Վրաստանից, իսկ մինչև Արցախյան երկրորդ պատերազմը՝ նաև Արցախից։ 

Մասնավորապես, նախքան պատերազմը, թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներից ավելի քան 60.000 տոննա ցորեն էր ներկրվում Հայաստան։

Չնայած գործող իշխանությունների խոստումներին և կանխատեսումներին, վերջին տարիներին Հայաստանում նվազել է նաև ցորենի ինքնաբավության մակարդակը։ Տնտեսագետների կանխատեսումներով՝ ձախողված գյուղատնտեսական քաղաքականության արդյունքում հնարավոր չի լինի այս տարվա ընթացքում ավելացնել Հայաստանի տարածքում արտադրվող ցորենի կարողությունները, ինչի պարագայում Հայաստանը ստիպված կլինի ավելացնել ցորենի ներմուծման ծավալները։ Հաշվի առնելով, որ այս կարճ ժամանակահատվածում նոր խաղացողների համար դժվար կլինի մուտք գործել ցորենի ներմուծման շուկա, իրավիճակից դարձյալ շահող դուրս կգան Ալեքսանյանները, որոնք կփորձեն Արցախից ստացվող ցորենի բացը լրացնել ՌԴ–ից ավելի մեծ քանակությամբ ցորեն ներմուծելով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը իշխանության գալուց հետո հայտարարում էր, թե տնտեսական ոլորտում ամենամեծ հաջողությունը համարում է մենաշնորհների վերացումը, փաստացի Հայաստանի պարենային անվտանգությունն ապահովում է նախկին ՀՀԿ–ական պատգամավորի հաշվին, որի քմահաճությունից է կախված Հայաստանում ալյուրի ու հացի գնի տատանումը։ Իսկ ամեն գնով իշխանությունը պահել ցանկացող Փաշինյանի համար իսկական հարված կլինի մոտ ժամանակներս ալյուրի և հացի գնի շարունակվող թանկացումները։ Այս սցենարից խուսափելու համար մենաշնորհների դեմ պայքարող վարչապետը կշարունակի հոժարակամ աչք փակել  Ալեքսանյանին տրված մենաշնորհների վրա։ 

Տպել
Ամենաշատ