Հուլիս 1-ից մետրոպոլիտենի ուղեվարձը կդառնա 100 դրամ, ներկայիս 50 դրամի փոխարեն։ Այս մասին այսօր` հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  տեղեկացրեց Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Նա հիշեցրեց, որ մետրոյով երթեւեկության ինքնարժեքը 160 դրամ է, ուստի անգամ թանկացումից հետո էլ մետրոն հնարավոր է`սուբսիդավորվի: Մետրոյի սակագնի բարձրացումը նաեւ Համաշխարհային բանկի պահանջն է, որը 10 մլն դոլար է հատկացրել վերակառուցման նպատակով:

Քաղաքապետարանը մտադիր է նպաստել Երեւանի մետրոպոլիտենի զարգացմանն ու պոտենցիալի առավելագույն օգտագործմանը` կրճատելով այն միկրոավտոբուսների թիվը, որոնց երթուղին համընկնում է մետրոյի երթուղիներին:

Նշենք, որ Երեւանի մետրոյից տարեկան օգտվում է 20 միլիոն մարդ, ինչը քաղաքի տրանսպորտային ցանցի ուղևորների 9-10 տոկոսն է:

Սեպտեմբերին քաղաքապետարանը մտադիր է նաեւ ավարտել «Անվտանգ մետրո» ծրագիրը, որը ենթադրում է 160-ից ավելի տեսախցիկի տեղադրում:

Կ.  Կարապետյանը նաեւ տեղեկացրեց, որ քաղաքապետարանը մտադիր է միկրոավտոբուսները փոխարինել միջին եւ մեծ ավտոբուսներով։

Մասնավորապես, բանակցություններ են վարվում չինական ընկերության հետ, որը Երեւան կառաքի մոտ 200 նոր ավտոբուս։