Այսօր` հուլիսի 2-ին Բագրատունյաց փողոցում` Երեւանյան լճի հարեւանությամբ տեղի է ունեցել խոշոր ավտովթար:
Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միմյանց են բախվել 44 համարի երթուղային ԳԱԶԵԼ մակնիշի 1615 Տ համարանիշի, «Ֆոլկսվագեն» մակնիշի, եւ «Ֆորդ» մակնիշի 19 ՍՏ 859 համարանիշի ավտոմեքենաները:
Բախումն այնքան ուժգին է եղել, որ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է «ՌանՕյլ» բենզալցակայանում: Վթարի հետեւանքով 4 հոգու տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Մինչ շտապօգնության ժամանումը «ՌանՕյլ» բենզալցակայանի աշխատակիցներն են ԳԱԶԵԼ-ի միջից հանել վիրավորներին եւ բուժօգնություն ցուցաբերել:
«Ֆորդ» մեքենայի վարորդը վթարի վայրից դիմել է փախուստի:
Այս պահին դեպքի վայրում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները: Ժամանակին դեպքի վայր են եկել նաեւ ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Տեղում են նաեւ քարշակներով ամբարձիչ մեքենաները, որոնք տեղափոխելու են վթարված մեքենաները Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:
Ճանապարհին առաջացած խցանումները փորձում են բացել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` 1-ին սպայական գումարտակի 1-ին սպայական վաշտի առաջին դասակի հրամանատար Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ:












Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի



























