News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վարդենիսի նախկին համայնքապետ, դեկտեմբերի 5–ին կայացած ՏԻՄ ընտրություններում «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանի ձերբակալումն իրականացվել է քաղաքական նպատակով՝ քաղաքական թիմին կոտրելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Ձերբակալումը եղել է այս ընտրությունների հետ կապված՝ Գնել Սանոսյանի անմիջական հրահանգով։ Վարդենիսի ընտրություններով ինքն էր հետաքրքրված, գործող քաղաքապետն իր ընկերն է, ու ինքը խոստացել է, որ ամեն գնով պետք է անցկացնի նրան։ Կարող եմ վստահ ասել, որ Գնել Սանոսյանը Վարդենիսում շատ ակտիվ ներգրավված էր քարոզչության մեջ։ Պարտվելուց հետո իրենք միանգամից անցան գործողության, որի արդյունքում ունեցանք ձերբակալում։ Ասեմ, որ տարբեր միջոցներ են կիրառվել, սկզբում՝ խնդրելով, համոզելով, բայց ոչինչ չի ստացվել, որովհետև ժողովուրդը մեծամասամբ դեմ է իրեն։ Իրենք էլ չհարգելով ժողովրդի քվեն՝ որոշեցին այսպես անել»,- նշեց Ավետյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարդենիսցիները փակել են Մարտունի-Վարդենիս ճանապարհը՝ պահանջելով ազատ արձակել Արամ Հարությունյանին։

Ավետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում իրենց մարզպետարանից որևէ պաշտոնյա չի այցելել։

«Ժողովրդին ոչ մեկը հաշվի չի առնում, միայն ոստիկաններին են ուղարկում։ Մեր պահանջներից է եղել, որ Գնել Սանոսյանը ներկայանա, բայց ինքն էլ չի ներկայացել։ Փորձում են կոտրել քաղաքական թիմին, հաշվի չեն առնում ժողովրդի ցանկությունը։ Մեր պահանջն է, որ հարգեն ժողովրդի ձայնը»,- հավելեց Հակոբ Ավետյանը։

Ավետյանը տեղեկացրեց, որ ճանապարհը չի բացվի այնքան ժամանակ, մինչև Արամ Հարությունյանն ազատ չարձակվի։

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Արամ Հարությունյանին, որը նախկինում Վարդենիսի քաղաքապետի պաշտոնն է զբաղեցրել, առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել:

Վարդենիսի ՏԻՄ ընտրություններում «Ահարոն Խաչատրյան» դաշինքը ստացել է 16.51 տոկոս, «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ 37.76 տոկոս։ Նրանք հայտարարել են կոալիցիա ձեւավորելու մասին, ինչի արդյունքում 46.11%-ը ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի կարողացել տեղական իշխանություն ձեւավորել:

Տպել
Ամենաշատ