News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունը լրացուցիչ քննության համար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է վերադարձրել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի քրեական գործը։ Այս տեղեկությունը NEWS.am հայտնեցին ՀՀ դատախազությունից:

Ավելի վաղ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել էին կոռուպցիոն բնույթի մի շարք չարաշահումներ: Գործի նախաքննությունն ավարտվել էր եւ ուղարկվել դատախազություն։

NEWS.am-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ ստացել են դատախազի որոշումը Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չհաստատելու եւ այն լրացուցիչ նախաքննության վերադարձնելու վերաբերյալ:

«Դատախազի որոշումը գնահատում ենք որպես անօրինական եւ չհիմնավորված: Այն անխոս բողոքարկվելու է վերադաս դատախազին, թեպետ առավել քան համոզված ենք, որ դա որեւէ արդյունք չի տալու, քանի որ վստահ ենք` նման կարեւոր գործերով առանցքային որոշումները կայացվում են դատախազական ամենաբարձր մակարդակում, եւ այս գործը դատարան չուղարկելու որոշումը դատախազության միասնական դիրքորոշումն է»,- նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք, որ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 2000-2018 թվականների ընթացքում Գասպարյանի կինն ու դուստրը, տարբեր ժամանակահատվածներում պաշտոնների նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում եւ ՀՀ ոստիկանությունում, տարիներ շարունակ առհասարակ ծառայության չեն ներկայացել եւ իրենց պարտականությունները չեն կատարել: Բացի այդ, Գասպարյանի կինը, պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ոստիկանությունում, անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները: Գասպարյանը, տեղյակ լինելով այդ ամենի մասին, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, որպիսի պայմաններում նրա կնոջն ու դստերն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 45 մլն ՀՀ դրամ գումար:

Քրեական գործով պարզվել է նաեւ, որ Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, բացի պաշտոնեական լիազորությունները չարաշահելուց, կատարել է նաեւ պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաեւ` զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ: Արդյունքում նախկին ոստիկանապետը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր եւ ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ եւ տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու միջոցով եւ այլ եղանակներով օրինականացրել է դրանք: Քննությամբ պարզվել է, որ Գասպարյանն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 2.116.040.804 ՀՀ դրամի չափով գույք:

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (փողերի լվացում), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք), 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ