Քանի որ մեզ չտրամադրեցին համայնքապետարանի կնիքը եւ աշխատասենյակի բանալիները, «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» խմբակցությունները լարվածություն չստեղծելու համար անում ենք հետեւյալ հայտարարությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, Վարդնիսի ավագանու նիստում հայտարարեց «Ահարոն Խաչատրյան» դաշինքը գլխավորող Ահարոն Խաչատրյանը:
«Ուղիղ կամ միջնորդավորված արտահերթ ընտրությունների գնալու առաջարկություններին ի պատասխան երկու խմբակցությունները հայտարարում են, որ մեր օրակարգում չկա մանդատները վայր դնելու եւ արտահերթ ընտրությունների գնալու հարց:
«Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» խմբակցությունները չնայած վստահ լինելով, որ վարչական դատարանի կայացրած անհասկանալի որոշումը վարչական վերաքննիչ դատարանում կբեկանվի, բայց հաշվի առնելով Վարդենիս համայնքի պարալիզացված վիճակը, օր առաջ ճգնաժամը հաղթահարելու համար պաշտոնապես հայտարարում ենք, որ չենք դիմելու վարչական եւ վերաքննիչ դատարան»,-ասաց նա:
Ավելի ուշ «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը պարզաբանեց իրավիճակը՝ նշելով, որ այս դեպքում, եթե դատարանի որոշմամբ չի ճանաչվում համայնքապետ ընտրելու ավագանու որոշումը, հրավիրվում է ավագանու նոր նիստ, և նորից Ահարոն Խաչատրյանը միանշանակ ընտրվելու է համայնքի ղեկավար. «Մեր քայլն ուղղված է նրան, որ օր առաջ կարողանանք հանգուցալուծել այս վիճակը եւ անցնել համայնքի ղեկավարմանը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։
Դրանից հետո «Միասնական Վարդենիս»-ի առաջին համար, Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանին հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք առաջադրվեց, եւ նա կալանավորվեց։ Այդուհանդերձ, ավագանու ընդդիմադիր անդամներին հաջողվել է նիստ հրավիրել եւ համայնքապետ ընտրել Ահարոն Խաչատրյանին: Այդ նիստին ՔՊ-ականները չեն մասնակցել:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վարչական դատարան էր դիմել՝ պահանջելով չեղյալ հայտարարել Վարդենիս խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստի արդյունքները: Դատարանը մասնակի բավարարել էր հայցը եւ չեղյալ հայտարարել համայնքապետի ընտրության արդյունքները: Սա նշանակում է, որ ավագանին մեկ ամիս անց նորից պետք է համայնքապետ ընտրի:




























