News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Տևական ժամանակ է, ինչ լրատվադաշտում աղմուկ է բարձրացրել պետական տենդերների թեման, մասնավորապես, ուշադրության կենտրոնում է հայտնվել ոստիկանության վերջին գնումը:

Ոստիկանությունը Գյումրիում և Լոռու մարզում պարեկային ծառայություն ներդնելու համար ավտոմեքենաների մատակարարման մրցույթ էր հայտարարել, որը շահել էր «Տոյոտա Երևան» ընկերությունը: Մոտ 5 մլն դոլարի պայմանագիր է կնքվել ընկերության հետ: Այս թեման տարբեր շահարկումների առիթ է դարձել՝ կոռուպցիայից մինչև քաղաքական:

Նշենք, որ մեկ տարի առաջ ևս մրցույթ էր հայտարարվել Ոստիկանության Երևանի պարեկային ծառայության համար, որն այն ժամանակ շահել էր «Չեխ ավտո» ընկերությունը, որը Հայաստանում չեխական Skoda մակնիշի ներկայացուցիչն է:

Թեմայի շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ «Տոյոտա Երևան» ՍՊԸ գլխավոր տնօրեն Վահե Գզրարյանից:

«Նախորդ մրցույթը, որը հայտարարվեց Երևանի պարեկային ավտոմեքենաների համար, մենք և մյուս գրեթե բոլոր բրենդները՝ Ռենոն, Մերսեդեսը, նայեցինք և հասկացանք, որ դա անիրագործելի է: Այնպիսի տեխնիկական բնութագիր էր ներկայացված, որը գործնականում հնարավոր չէր, օրինակ՝ պահանջվում էր, որ բենզինի ծախսը լինի մինչև 10 լիտր (այսօրվա մեքենաներն այդքան չեն ծախսում), 8-12 վրկ արագացում ունենա, և պետք է ունենա բոլոր էլեկտրոնային սարքավորումները: Որպեսզի պարզ լինի՝ ինչի մասին է խոսքը, օրինակ՝ մեքենան միջինը 50 Ամպերի չափ հոսանքի ուժ ունի, իսկ այդ դեպքում ևս մոտ 60-70-ից ավելի Ամպեր ծանրաբեռնվածություն էր ստացվում, մինչդեռ 10 լիտր բենզին ծախսող մեքենայի շարժիչները մինչև 2 լիտր ծավալ ունեցողներն են, որոնք այդ հոսանքի ուժը չեն կարողանում աշխատեցնել: Մենք դիմեցինք ոստիկանություն՝ նշելով, որ իրենց առաջարկը ենթակա է վերանայման, բայց իրենց պատասխանն էր, որ իրենք դա կանեն, և պահանջները նույնը թողեցին: Ինչ վերաբերում է երկրորդ տենդերին՝ ներկայացված տեխնիկական բնութագիրը խելամիտ էր, բոլոր պարամետրերը հաշվարկված էին և ամենակարևորը, որ մենք կարողանում էինք երաշխիքը պահպանել մեքենաների վրա և ունենալ նորմալ շահագործում: Մենք մասնակցել ենք այդ տենդերին և շահել ենք, մեքենաներն էլ մատակարարել ենք»,- ասաց նա:

Թե իրենցից բացի ուրիշ ինչ ընկերություններ են մասնակցել տենդերին, Վահե Գզրարյանը տեղյակ չէ: Հարցին, թե ինչո՞ւ են հենց իրենք շահել, երբ նման պայմանների դեպքում մրցակցությունը կարող էր թեժ լինել, Գզրարյանը պատասխանեց, որ եղել է նաև ժամանակային սահմանափակում՝ մատակարարումը պետք է կատարվեր մինչև մարտի 1-ը, դա, հավանաբար, ոչ բոլոր բրենդներն են կարողացել ապահովել: Գզրարյանի խոսքով՝ իրենց դեպքում ևս շատ դժվար է եղել, բայց կարողացել են անել:

Ստացվում է, որ նախորդ գնումից դժգոհ մնացած պետությունը երկրորդ մրցույթի համար ավելի խելամիտ պահանջներ է ձևակերպել, և հնարավոր է՝ ստանա ավելի որակյալ մեքենաների պարկ, իսկ նախորդ գնման մանրամասները պետք է դառնան քննության առարկա։

Ի դեպ, ոստիկանությունը ԶԼՄ հարցումներին պատասխանելիս հաստատել է, որ նախորդ գնումով ձեռք բերված պարեկային ոստիկանության տասնյակ մեքենաներ այս պահին խնդիր ունեն և չեն շահագործվում: Ինչպե՞ս է մեկ տարվա ընթացքում նման խնդիր առաջացել, արդյոք Skoda մակնիշի մեքենաները բավարարե՞լ են մրցույթի տեխնիկական պահանջները,  եթե ոչ, ապա ովքե՞ր են հավանություն տվել գնման այդ գործարքին. այս հարցերի շուրջ այս պահին պաշտոնական որևէ այլ տեղեկություն առկա չէ։

Տպել
Ամենաշատ