News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Այսօր՝ 2011 թ. օգոստոսի 3-ին, միջադեպ է տեղի ունեցել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հ.Դավթյանի կողմից Մանվել Հազրոյանի նկատմամբ վճռի հրապարակումից հետո:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից, դատական նիստին, որը տեղի է ունեցել Ստեփանակերտում, դատավոր Հ.Դավթյանը հրապարակել է Մանվել Հազրոյանի ցմահ դատապարտման վճիռը:

Հիշեցնենք, որ Մ.Հազրոյանը մեղադրվում է 2010 թ-ի նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Ջաբրայիլ զորամասի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում  չորս ժամկետային զինծառայողների սպանության մեջ:

Վճռի հրապարակումից հետո Մ.Հազրոյանը սեղանի վրա գտնվող շիշը վերցրել եւ շպրտել է դատավորի ուղղությամբ, որից հետո Հազրոյանին ուղեկցող Շուշիի քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն ուժի գործադրմամբ ձեռնաշղթաներ են հագցրել եւ նրան վնասազերծել հենց դատարանի դահլիճում:

Սակայն, ՔԿՀ-ի աշխատակիցները վնասազերծումից հետո սկսել են ծեծի ենթարկել Մ.Հազրոյանին հենց դատարանի դահլիճում՝ ուշադրություն չդարձնելով դատավորի հորդորներին՝ դադարեցնելու ֆիզիկական բռնությունը: Ավելին, Մ.Հազրոյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Էդմոն Մարուքյանի պահանջից՝ դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ ծեծը, ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկը բռնություն է կիրառել նաեւ փաստաբանի նկատմամբ՝ հայտարարելով, որ լավ է անում: 

«Շուշիի ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից Մ.Հազրոյանի եւ նրա պաշտպան Է.Մարուքյանի նկատմամբ կիրառված բռնությունները, որը կատարվել է դատարանի դահլիճում Մ.Հազրոյանի հարազատների, լրագրողների ներկայությամբ, դատապարտելի են: Դրանով ստեղծվում է վախի մթնոլորտ, վտանգի տակ է դրվում դատարանում մեղադրյալի եւ նրա պաշտպանի անձեռնմխելիության եւ անվտանգության երաշխիքները, առանց որոնց ապահովման անհնար է արդյունավետ պաշտպանության եւ արդարադատության իրականացումը:

Պահանջում ենք, ՀՀ գլխավոր դատախազից եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հարուցել քրեական գործ եւ իրականացնել օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ քննություն բռնարարքներ թույլ տված ՔԿՀ-ի աշխատակիցների նկատմամբ»,- ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2010 թվականի նոյեմբերի 19-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային զորամասերում տեղի ունեցած արյունալի միջադեպի համար մեղադրվում է զինծառայող Մանվել Հազրոյանը: Տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ` Լեւոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.):

Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ`Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) եւ Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.):

Վերջինիս նոյեմբերի 23-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (երկու եւ ավելի անձանց սպանություն), 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (երկու եւ ավելի մարդկանց սպանության փորձ), եւ 365 հոդվածի 1-ին մասով` (մարտական ծառայությունը կրելու կանոնները խախտելը): Հազրոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ըստ ՊՆ-ի՝ նա ընդունել է իրեն հասցեագրված մեղադրանքները: Նշենք, որ Մանվել Հազրոյանն ազգությամբ հայ է, «Եզդի» մականունով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ