Շաքարավազի շուկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում մեկ օրում շաքարավազի 20 տոկոս թանկացումը չէր կարող պայմանավորված լինել միայն միջազգային գներով:  Միջազգային շուկայում նույնիսկ շաբաթական կտրվածքով նման կտրուկ թանկացման փաստեր չկան, թեեւ վերջին մի քանի ամիսներին իսկապես առկա են թանկացման միտումներ: Այնուամենայնիվ` շաքարը միջազգային շուկայում ավելի թանկ չէ, քան տարեսկզբին էր, նույնիսկ ավելի էժան է, հետեւաբար` շաքարավազի կտրուկ թանկացման իրական պատճառն այլ է:

ՀՀ պետեկամուտների կոմիտեի պաշտոնական հրապարակման համաձայն` 2010 թ. Հայաստանը ներմուծել է 97 հազ. տոննա շաքար` 31 մլն դոլար ընդհանուր մաքսային արժեքով: Այսինքն` մեկ տոննան մաքսազերծվել է մոտ 320 դոլարով, կամ 1 կգ-ը` 120 դրամին համարժեք: Շաքարավազի նման ցածր գին աշխարհում գոյություն չունի, անգամ եթե խոսքը վերաբերում է շաքարավազի հումքին (շաքարեղեգին), քանի որ տարվա երկրորդ կիսամյակում իրականում ներմուծվել է հումք, ոչ թե շաքարավազ: Սակայն եւ հումքը եւ պատրաստի շաքարը Հայաստան ներմուծելիս մաքսազերծում են նույն մաքսային արժեքով, այսինքն` զգալիորեն ավելի ցածր, քան միջազգային գինն է: Սա հնարավորություն է տալիս «Ալեքս Գրիգին», որը շաքարավազի շուկայում մենաշնորհ ունի, ներքին շուկայում սահմանել համեմատաբար ցածր մանրածախ գներ: Իրականում` 1 կգ/380 դրամ մանրածախ գինը ամենացածրերից մեկն էր ողջ աշխարհում:

Առաջին հայացքից` այստեղ ոչ մի վատ բան չկա: Ընկերությունը քիչ հարկ է վճարում, բայց նաեւ էժան ապրանք է վաճառում: Սակայն դա միայն առաջին հայացքից: Իրականում` հենց մաքսազերծման ցածր արժեքն է ստեղծում մենաշնորհի տնտեսական հիմքը: Եթե «Ալեքս Գրիգի» մյուս մրցակիցները չեն կարողանալու նման ցածր արժեքով մաքսազերծում անել, ապա ստիպված կլինեն շաքարավազն ավելի թանկ վաճառել, հետեւաբար` բնական ճանապարհով դուրս կմղվեն շուկայից: Հենց դա էլ տեղի է ունենում տարիներ շարունակ:

2011 թ. առաջին կիսամյակում «Ալեքս Գրիգը» շարունակել է ցածր արժեքով մաքսազերծում անել: Այսպես` առաջին կիսամյակում ներմուծվել է 39 հազ. տոննա շաքար` 14.5 մլն դոլարով: Այսինքն` շաքարի տոննան մաքսազերծվել է 371 դոլարով (1 կգ-ը` 135 դրամով), երբ միջազգային շուկայում այն 800 դոլարից բարձր էր: 

Սակայն երկրորդ կիսամյակում իրավիճակը կտրուկ փոխվել է: Մաքսային համակարգում NEWS.am-ին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ հրահանգ է ստացվել բոլոր մենաշնորհների բոլոր ներմուծումներն իրականացնել միջազգային գների հաշվառումով: Սրա հետեւանքով «Ալեքս Գրիգը» ստիպված է եղել 27 հազ. տոննա շաքարավազի հումքը օգոստոսին մաքսազերծել 800 դոլարով, որը համարժեք է 1 կգ-ը 292 դրամին: Հենց այս փաստն էլ ստիպել է «Լուսաստղ շուգր» գործարանին ` շաքարավազի բացթողնման գինը սահմանել 427 դրամ` 1 կգ-ի համար: Նշենք, որ եւ «Ալեքս Գրիգը», եւ «Լուսաստղ շուգրը» պատկանում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Ընդ որում` այս գնի մեջ ըստ էությւան գերշահույթներ չկան:

Նշենք, որ շաքարավազի մանրածախ գինն այլ երկրներում ներկայում ավելի բարձր է: Այսպես` Վրաստանում համարժեք է 490-510 դրամին, Ադրբեջանում` 750-790 դրամին, Թուրքիայում` 850-870 դրամին, Ռուսաստանում (Մոսկվա)` 470-510 դրամին, Ուկրաինայում` 470-500 դրամին, Գերմանիայում` 600-660 դրամին:

Մաքսային քաղաքականության նման շրջադարձը կարող է լուրջ փոփոխությունների հանգեցնել նաեւ պարենի այն շուկաներում, որտեղ նույնպես գերիշխող դիրք գրավողներ կան: Այսինքն` մաքսազերծման թանկացումը կբերի կարագի, ձեթի թանկացումների, ինչի նախանշաններն արդեն առկա են: Սա, անշուշտ, հղի է սոցիալական լարվածության ուժեղացումով, սակայն կազատականացնի տնտեսական դաշտը եւ կավելացնի բյուջետային եկամուտները: Սա փաստորեն այն գինն է, որ սպառողները պետք է վճարեն` մենաշնորհներից ազատվելու համար:

 

Սամվել Ավագյան