Երեւանի Գլինկա 13 հասցեում տեղակայված հրշեջ ծառայությունը զավթել է փողոցի մայթը եւ առաջ է տալիս իր ցանկապատը: Այս մասին NEWS.am-ի խմբագրություն ահազանգեցին Հրշեջ ծառայության շենքի դիմացի` Գլինկա 6 շենքի բնակիները: Այցելելով Գլինկա 6 շենքի բնակիչներին` NEWS.am-ը եւս ականատես եղավ, որ այդ շենքի երեխաները զրկված են խաղալու, իսկ մեծահասակները` հանգստանալու հնարավորությունից: Շենքի ետնամասում աղբանոցն է, առաջամասում` փողոցը, որով մեծ արագությամբ սլանում են ավտոմեքենաները: Իսկ փողոցը չունի մայթ, շենքի դիմացը գտնվող հրշեջ ծառայությունը քանդում է փողոցի մայթը եւ մերձմայթային փողոցի հաշվին` մեծացնում իր տարածքը:
«Ցանկապատը դրել են, մի հատ առաջ են եկել, մի շարքով էլ մեքենաներն են կանգնեցնում, տեղ չկա քայլելու: Չգիտես` որտեղով գնաս: Մենք արտակարգ վտանգավոր պայմաններում քայլում ենք փողոցում Ոտքով քայլելը վտանգավոր է, ամեն քայլափոխի կարող է դժբախտություն պատահել, մեքենաները մեծ արագությամբ են սլանում»,- նշեց բողոքող քաղաքացիներից Աննան` հավելելով, որ «մայթերը կրպակատերերից ազատում են, իսկ իրենք պետական մակարդակով մայթ են գրավում»:
Բնակիչների խոսքով` շինարարությունը հիմնականում շաբաթ-կիրակի են անում, առավոտյան արթնանում են եւ տեսնում բետոնները քանդելիս: «Ի՞նչ բան է` մայթը գրավել են, ինչ ուզում են, այնպես անում են, մենք մայթ չունենք, որ երեխեքի հետ քայլենք,շենքը բակ չունի, հետեւից երկաթգիծն է խեղդում, դեմից` սրանք»,- նշեց բնակիչներից մեկը: (Շենքի ետեւի մասում երկաթգծի վարչության բակն է, որը շենքից անջատված է քարե պարսպով- NEWS.am):
Ի դեպ, երբ բնակիչները դիմել են Հրշեջ ծառայությանը` նշելով, որ կբողոքեն, ինչու են մայթը գրավել, նրանց պատասխանել են. «Մեր դեմ խաղ չկա»: Նրանք նաեւ պատմեցին, որ նախկինում այդտեղ սեղան-նստարան էր դրված, որտեղ քաղաքացիները նստում էին երեկոյան ժամերին, իսկ այժմ հրշեջ ծառայությունից բացի` այդտեղ պետք է տեղակայվի նաեւ Արտակարգ իրավիճակների վարչությունը: Շենքի բնակիչները նաեւ դժգոհեցին, որ առանց այդ էլ հրշեջ ծառայության մեքենաների աղմուկը շատ էր այդ տարածքում, բայց իրենք արդեն համակերպվել էին` մտածելով, որ գոնե լավ գործ են անում: Գլինկա-6 շենքի բնակիչները նամակ են գրել վարչապետ Տիգրան Սարգսյանին, քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Նրանք հուսով են, որ կհասնեն արդյունքի եւ կվերադարձնեն մայթը:
Նշենք, որ Գլինկայի 6-րդ շենքը 10 հարկանի է, ունի 3 մուտք, 87 բնակարան, բայց չունի բակ կամ բակին փոխարինող տարածք:




























