News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված «Արշալույսի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը Հայաստանի, Գերմանիայի և Լիտվայի համատեղ արտադրություն է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսորը և սցենարի հեղինակը Իննա Սահակյանն է, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 3-ից «Արշալույսի լուսաբացը» ֆիլմը Երևանում կբարձրանա կինոէկրան։

Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:

«Արշալույսի լուսաբացը» ֆիլմը վավերագրում է Արշալույս Մարտիկյանի (Ավրորա Մարդիգանյան) կյանքի ոդիսականը՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած դեռատի աղջիկը զորավար Անդրանիկի և «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի» օգնությամբ փրկություն է գտնում ԱՄՆ-ում։ Ֆիլմում վերականգնվել և օգտագործվել են 1919 թվականին Հոլիվուդում նկարահանված «Հոգիների աճուրդ» համր ֆիլմից հատվածներ, որտեղ Արշալույսը մարմնավորում է ինքն իրեն՝ նպատակ ունենալով ֆիլմի հասույթն ուղղել ցեղասպանության հետևանքով որբացած հայ մանուկների փրկությանը: Ֆիլմը դառնում է «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի» բարեգործական արշավի հիմնաքարը, որը, ընդհանուր առմամբ, հավաքում է ավելի քան 116 մլն դոլար, ինչի արդյունքում ավելի քան 132 հազար հայ որբեր խնամք են ստանում։

«Արշալույսի լուսաբացը» ֆիլմը հիմնված է իրական մարդու իրական պատմության վրա, միևնույն ժամանակ՝ փոխանցում է ժամանակի ընդհանուր նկարագիրը: Այն հերոսուհու երկու եզակի վավերագրական հարցազրույցների, «Հոգիների աճուրդ» համր ֆիլմի պահպանված կտորների, արխիվային նյութերի և անիմացիոն գեղագիտական լուծումների համադրությունն է:

«Արշալույսի լուսաբացը» ֆիլմը նպատակ ունի խոսել Հայոց ցեղասպանության մասին միջազգային հանրությանը հասանելի լեզվով, որի վառ ապացույցն է միջազգային հեղինակավոր կինոփառատոններում ֆիլմի ընդգրկվածությունը:

Նշենք, որ ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «ԱՆՍԻ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի մրցութային ծրագրում (Annecy International Animation Film Festival): Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրում տեղի է ունեցել ֆիլմի հայաստանյան պրեմիերան՝ արժանանալով «Արծաթե ծիրան» մրցանակին: Հայաստանի ազգային կինոակադեմիայի կողմից «Արշալույսի լուսաբացը» ֆիլմը ներկայացվել է «Օսկարի» 95-րդ մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմն ընդգրկվել է նաև «FilmFest Hamburg» կինոփառատոնի «Կալեյդասկոպ» մրցութային ծրագրում և «DocLisboa» փառատոնի «Երկրից լուսին» ծրագրում:

Լոս Անջելեսի «Animation Is Film» կինոփառատոնի մրցութային ծրագրում տեղի է ունեցել «Արշալույսի լուսաբացը» ֆիլմի ամերիկյան պրեմիերան: Բացի դրանից՝ ֆիլմն ընդգրկվել է վավերագրական ֆիլմերի «IDFA» Ամստերդամի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի  «Best of Fests» բաժնում, ներկայացվել է «Asia Pacific Screen Award» (APSA) («Ասիա-խաղաղօվկիանոսյան էկրանավորման» մրցանակաբաշխություն)՝ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում: Նշենք, որ ֆիլմն ընդգրկվել է նաև Տալինի միջազգային կինոփառատոնի (Tallinn Black Nights Film Festival) Բալթյան մրցութային ծրագրում, ինչպես նաև եվրոպական Arte հեռուստաալիքի (Ֆրանսիա, Գերմանիա) «Գրանդ Ֆորմատ» եզակի 90 րոպե տևողությամբ գեղագիտական վավերագրական ֆիլմերի ծրագրում։

Տպել
Ամենաշատ