News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բռունո Ռետայոյի հարցազրույցը NEWS.am-ին։ Սենատոր Ռետայոն նախորդ տարվա վերջին Սենատի կողմից Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձեւի համահեղինակն է։

Ադրբեջանն արդեն գրեթե երկու ամիս շրջափակման մեջ է պահում Արցախը։ Այնուամենայնիվ, Բաքվի նկատմամբ կոչեր են հնչում, բայց պատժամիջոցներ չեն կիրառվում։ Կարծում եք՝ կոչերը բավարա՞ր են:

Ոչ, իհարկե: Պարոնայք Ալիեւն ու Էրդողանը ծաղրում են մեր կշտամբանքները, որոնք այդպես էլ ազդեցություն չունեցան։ Դեէսկալացիայի այս կոչերն առավել եւս ապարդյուն են, քանի որ դրանցում անտեսվում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առճակատման իրական բնույթը։

Սա պարզապես լոկալ հակամարտություն չէ։ Սա նոր փուլ է Էրդողանի իմպերիալիստական ռազմավարության մեջ, որն ուղղված է տարբեր ժողովուրդների միջեւ տարածքային շարունակականության ձեռքբերմանը՝ թուրքերենով եւ մշակույթով։ Դա սկսվեց Լեռնային Ղարաբաղի պատերազմից, կշարունակվի Նախիջեւանի եւ մնացած Ադրբեջանի միջեւ միջանցքի ստեղծմամբ։ Եվ ես, իմ կողմից, հրաժարվում եմ, որպեսզի դա ավարտվի Հայաստանին որպես պետություն ու ազգ մարտահրավեր նետելով։

Ահա թե ինչու ես կողմ եմ, որ Ֆրանսիան եւ Եվրոպան վերջապես ընտրեն հաստատակամության ուղին, ինչպես դա արեցին Ռուսաստանի նկատմամբ։ Հայաստանի ինքնիշխանությունը նույնքան արժե, որքան Ուկրաինայի ինքնիշխանությունը։ Ես պաշտպանում եմ պատժամիջոցներին՝ ընդհուպ մինչեւ Ադրբեջանի ղեկավարության ակտիվների կալանք եւ Ադրբեջանից գազի եւ նավթի ներմուծման էմբարգո, քանի դեռ այդ երկիրը չի հարգել Հայաստանի ինքնիշխանությունը։

Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի բանաձեւերը, մասնավորապես, պատժամիջոցներ էին նախատեսում Ադրբեջանի դեմ։ Արդյո՞ք ֆրանսիացի օրենսդիրները մտադիր են պնդել պատժամիջոցների կիրառումը։ Խորհրդարանում այլ գործողություններ կլինե՞ն։  

Եթե պահանջվի, մենք դրանք կանցկացնենք։ Մենք ջանք չենք խնայի հանուն Հայաստանի։ Երկու տարվա ընթացքում Սենատը եւ Ազգային ժողովը օրակարգ են մտցրել եւ կողմ են քվեարկել մի քանի բանաձեւերի, որոնք կոչ են անում կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ միջոցներ ձեռնարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի կատարումն ապահովելու համար։ Շատ խորհրդարանականներ այցելեցին Երեւան՝ ականատես լինելու մեր համերաշխությանը եւ Ֆրանսիայի բարեկամությանը։ Ես ինքս եղել եմ Երեւանում եւ Ստեփանակերտում 2021 թվականի դեկտեմբերին։

Առավել քան երբեւէ ազգային ընկալումը սատարում է հայերին եւ փոխանցում հայ ժողովրդի օրինական ձգտումները՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունն ու ինքնությունը։ Հենց ֆրանսիական հասարակությունն է ընդհանուր առմամբ մոբիլիզացվում հօգուտ Հայաստանի եւ ճնշում գործադրում։ Բազմաթիվ մտավորականներ Հանրապետության նախագահին հրապարակավ կոչ են արել միջամտել Լեռնային Ղարաբաղի 120 000 հայերին փրկելու համար, որոնց Ադրբեջանը սպառնում է էթնիկ զտումներով։ Շատ մարդասիրական եւ մշակութային ակցիաներ են կազմակերպվում Հայաստանի համար ասոցիացիաների, համայնքների կամ հաստատությունների կողմից։

Ես կարծում եմ, որ շատ ֆրանսիացիներ այսօր Հայաստանում տեսնում են ոչ միայն եղբայրական ազգ, որի հետ մեզ կապում են այդքան սերտ կապեր, այլեւ եվրոպական քաղաքակրթության քաջարի պահապան, որի փխրունությունն այսօր գնահատում ենք։ 

Բաքվի հանցավոր գործողությունների ֆոնին ԵՄ-ն շարունակում է գազ գնել եւ Ադրբեջանին գործընկեր անվանել։ Կարո՞ղ ենք խոսել բարոյականության երկակի ստանդարտների մասին: Ինչպես ինքներդ ասացիք, ուկրաինացիների կյանքն ավելի թանկ չէ, քան հայերի կյանքը…

Ես փաստացի նշել եմ երկակի ստանդարտների անթույլատրելիությունը։ Այն, ինչ մենք մերժում ենք, երբ խոսքը վերաբերում է պարոն Պուտինին, Եվրոպան հանդուրժում է, երբ խոսքը վերաբերում է պարոն Ալիեւին կամ պարոն Էրդողանին։ Բայց վերջիններիս հանցագործությունները սարսափելի են, շատ առումներով հավասար են առաջինի հանցագործություններին:

Եվրոպան պետք է անհապաղ վերանայի գազային համաձայնագիրը, որը հանձնաժողովը համաձայնեցրել եւ ստորագրել է Ալիեւի հետ։ Այն նույն գազը, որը թույլ է տալիս ադրբեջանական բանակին եւ նրա թուրք հանցակիցներին կատարել իրենց հանցավոր գործողությունները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության դեմ։ Սա բարոյական սկանդալ է, բայց նաեւ ռազմավարական սխալ, քանի որ գիտակցաբար նետվելով Ալիեւի գիրկը՝ դուրս գալու Պուտինի ճիրաններից, Եվրոպան զգալիորեն ուժեղացնում է Թուրքիայի ռազմավարությունը։  Մի օր մենք վճարելու ենք դրա համար:

ԵՄ-ն որոշում է կայացրել նոր առաքելություն տեղակայել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։ Շնորհակալություն Ֆրանսիային որոշումների կայացման գործում ունեցած մեծ ներդրման համար։ Ըստ ձեզ՝ 100 անձը բավարա՞ր է սահմանի անվտանգությունն ապահովելու համար։

Ողջունելի է այն ամենը, ինչը նպաստում է Հայաստանի անվտանգությանը։ Բայց այս առաքելությունը կարող է լինել միայն առաջին քայլը, որին պետք է հետեւեն մյուսները։

Ես հույս ունեմ, որ Ֆրանսիան հանդես կգա նախաձեռնությամբ՝ առաջարկելով Հայաստանի համար կազմակերպել միջազգային համաժողով, որպեսզի, մասնավորապես, քննարկի այն խնդիրները, որոնք անուշադրության են մատնվել հրադադարի մասին համաձայնագրերում։ Ես նկատի ունեմ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի միջազգային կարգավիճակը եւ փախստականների վերադարձը, այլեւ ռազմագերիների կամ Լեռնային Ղարաբաղի մշակութային եւ կրոնական ժառանգության պաշտպանության հարցը։ Այս նախաձեռնությունը կարող է շարունակվել ընդհուպ մինչեւ այն պահը, երբ համաշխարհային հանրությանը կառաջարկվի փաստահավաք առաքելություն ծավալել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, իսկ Ֆրանսիայի արեւմտյան դաշնակիցներին՝ ամրապնդել Հայաստանի ռազմական ներուժը:

Մարիամ Լեւինա 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Մեզ դարերով կոտորում են, ո՞նց խաղաղություն ուզենք իրանց հետ. Բագրատաշենի ակցիայի մասնակից
Ես զինվոր էի, Հադրութի հրամանատարը ձին նստեց փախավ, էսօր Նիկոլը տարել ա իրան Արարատում գնդի հրամանատար դրել...
Ամենաշատ