Կառավարությունը 2012 թ. պետական բյուջեի նախագծի հետ մեկտեղ ներկայացրել է նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի 2012 թ. ծախսերի վերաբերյալ եզրակացությունը: Այդ փաստաթղթի վերջում կառավարությունն առաջարկել է ԿԲ-ին` կրճատել ծախսերը, քանի որ այդ գերատեսչությունն արդեն տարիներ շարունակ աշխատում է վնասով ու առաջիկայում էլ շարունակելու է վնասով աշխատել: Իսկ այդ վնասները փակելու համար, ի դեպ, հենց պետական բյուջեից են մուրհակներ տրվում:
Կառավարությունն այնքան էլ կոռեկտ հիմնավորում չի գտել ԿԲ ծախսերը կրճատելու համար, որովհետեւ այդ հիմնարկությունն առեւտրային չէ, ու շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում: Բայց առավել զարմանալի էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի կառավարության երեկվա նիստում արած այն հայտարարությունը, որ եթե ԿԲ ծախսերը կրճատվեն, ապա չեն կարողանա իրենց պարտավորությունները կատարել: Բայց որքանո՞վ է այս սպառնալից հայտարարությունը կոռեկտ, ու ընդհանրապես` տնտեսապես արդարացված: Այս տրամաբանությամբ, պետական ցանկացած մարմնի ղեկավար կարող է վեր կենալ ու հայտարարել, որ եթե իր բյուջեն 2 անգամ չավելացնեն, ապա իր առջեւ դրված խնդիրները լուծել չի կարողանա: Ճիշտ է` ԿԲ-ի համար դա ավելի հեշտ է անել, քանի որ կառավարությունից «անկախ» մարմին են, սակայն դրանից հարցի էությունը չի փոխվում: Իսկ եթե անկեղծ լինենք` ԿԲ-ն ծախսերը կրճատելու, կամ առնվազն դրանք տարեցտարի չավելացնելու հսկայական ռեզերվ ունի: Օրինակ` ԿԲ աշխատակիցների միջին աշխատավարձը, որը ամենաբարձրն է բոլոր պետական հիմնարկներում, 2012 թ. սահմանվել է ամսական 451.5 հազ. դրամ` 2011 թ. մակարդակը գերազանցելով 13.1 հազ. դրամով: Այսինքն` եթե այդ 13 հազար դրամը չավելացնեին իրենց առանց այն էլ բարձր աշխատավարձին (հայկական չափանիշներով իհարկե), ուրեմն չէի՞ն կարող պարտականությունները կատարել: Կամ այդ ի՞նչ «կատարելու» մասին է խոսքը, եթե մի քանի տարի է` չեն կարողանում գների կայունություն ապահովել, որը նրանց հիմնական սահմանադրական պարտավորությունն է: Ու եթե ներկայոմ գնաճի տեմպը նվազել է, ապա դրա համար ԿԲ-ն թող շնորհակալություն հայտնի միայն Աստծուն (բերքը լավ էր) ու ազգային վիճակագրությանը, որը գնաճի հաշվարկման բանաձեւը փոխելով կարողացավ ավելի ցածր թիվ ստանալ:
Կամ` 71 մլն դրամ են նախատեսելլ 1 հատ HYUNDAI մակնիշի ավտոբուս եւ 2 հատ Volkswagen The crafter մակնիշի միկրոավտոբուս ձեռք բերելու համար: Գոնե 1 տարի կարող էին ձեռնպահ մնալ իրենց ավտոպարկը թարմացնելու մոլուցքից: Կամ` այդ ինչու են որոշել 1.4 մլրդ դրամ հատկացնել «Հայինկասացիային», եթե վերջինս առեւտրային կազմակերպություն է ու մենաշնորհ ունի այդ ոլորտում:
26 մլրդ դրամ է նախատեսվում Դիլիջանում «Ուսումնահետազոտական կենտրոն» եւ «Գիտելիք հանուն զարգացման» համալիրների կառուցման, ԿԲ աշխատակիցների համար բնակելի շենքի ու հատուկ կացարանների կառուցման նպատակով: Մեր ԿԲ աշխատակիցներին հատուկ ջերմոցային պայմաններ են պետք` նրանք չեն կարող ապրել ինչպես ՀՀ մյուս քաղաքացիները:
Հատկանշական է, որ միայն այդ հատուկ կացարանները կառուցելու համար 11.7 մլրդ դրամ է հատկացված (ավելի քան 30 մլն դոլար): «Կացարաններ» բառն այստեղ սխալ է ընտրված, պետք է լիներ «շքեղ առանձնատներ»: Հարց է առաջանում` արդյոք նմանատիպ ծախսերը, որոնք կարելի է երկար շարունակել ու որոնք շարունակական բնույթ են կրում, համահո՞ւնչ են սոցիալական լուրջ խնդիրներ, աղքատության բարձր մակարդակ ունեցող երկրի համար:
Սամվել Ավագյան



























