News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախօրեին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ջեֆրի Քոուչին, «Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին եւ «Ըլայդ Գոլդ Քորփ.» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն և նախագահ Ջասթին Դիբբին։ Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են շինարարական աշխատանքների վերսկսման ժամկետներին, հանքավայրի շահագործման ակնկալվող մեկնարկին, ներդրումային ծրագրի ֆինանսավորման ընթացքին եւ ընկերության հետ պետության համագործակցությանը։

Հաշվի առնելով, որ Ամուլսարի զարգացման ծրագիրը փորձագետների եւ հանրության շրջանում ընդգծված բացասական արձագանք է առաջացնում, NEWS.am-ի թղթակիցը դիմել է իրավաբան, բնապահպան Նազելի Վարդանյանին։

Որքանո՞վ է հիմնավոր այս հանքավայրը զարգացնելու գաղափարը

Գաղափարն ինքնին հիմնավորված չէ տնտեսական եւ բնապահպանական տեսանկյունից այն առումով, որ այն ունի բնապահպանական մեծ ռիսկեր, հաշվարկված չեն տնտեսական օգուտներն ու հնարավոր վնասները։ Ջերմուկը հանրահայտ հանգստավայր է ոչ միայն Հայաստանում եւ հետխորհրդային տարածքում, այլեւ ողջ աշխարհում։ Առողջարանային քաղաքին մոտ ոսկու հանքավայրը շահագործելով՝ մենք փաստացի կոչնչացնենք 70-80 տարվա ընթացքում ստեղծված ողջ տնտեսական գոտին։ Ի վերջո, աշխարհահռչակ այս հանգստավայրի զարգացման նպատակով հսկայական ներդրումներ են արվել։ Բացի դրանից, հյուրանոցների եւ առողջարանների սեփականատերերը վճարում  են վարկեր, որոնք վերցրել են բիզնեսի զարգացման համար։ Նրանք բոլորը կհայտնվեն, մեղմ ասած, տնտեսական վատ վիճակում, քանի որ մենք, մտածելով տնտեսության զարգացման մասին՝ հօգուտ հանքարդյունաբերության, չպետք է մոռանանք, որ հանքային ջուրը նույնպես հանքարդյունաբերության ուրույն տեսակ է, եւ այս դեպքում խոսքը կայացած ճյուղի ոչնչացման մասին է։ Եվ ոչ միայն։ Եթե Արփա գետը աղտոտվի, իսկ այն կաղտոտվի, սա միաբերան պնդում են բոլոր փորձագետները, ապա խաղողագործությունը, որով այդքան հայտնի է Վայոց ձորը, նույնպես կտուժի։ Եթե աղտոտվի Արփա գետը, որի ջրերով  ոռոգվում են խաղողի այգիները, ապա բերք չի լինի, կդադարի արտահանումը։ Սա լուրջ խնդիր է երկրի տնտեսության համար։

Իշխանությունները հայտարարում են տնտեսական հսկայական օգուտների մասին․․․         

Էկոնոմիկայի նախարարի հայտարարություններն այն մասին, թե հանքի շահագործումը կկազմի ՀՆԱ-ի 1 տոկոսը, օճառե պղպջակներ են։ Կա մետաղական բավականին խոշոր յոթ հանք, վերջին 15 տարիների ընթացքում մետաղական հանքերի մասնաբաժինը ՀՆԱ-ում կազմել է 2,8%, գյուղատնտեսությունը՝ 40%, իսկ զբոսաշրջությունը՝ 15%։  Այսինքն՝ նախարարի տրամաբանությամբ, դրանք պետք է ապահովեին ՀՆԱ-ի 7%-ը, սակայն դա այդպես չէ։ Ամուլսարի հանքում ոսկու հայտարարագրված պաշարների մեկ տոննայից 0,7 գ ոսկի է դուրս գալիս։ Նորմալ երկրներում ոսկու նման պաշարների դեպքում հանքի շահագործումն առհասարակ չեն սկսում։ Դա անարդյունավետ է:

Իսկ դա անվտա՞նգ է՝ հատկապես սեպտեմբերյան իրադարձություններից հետո  

Այստեղ օգտագործելու են ցիանիդային տեխնոլոգիա, եւ դա նույնպես լրացուցիչ ռիսկեր է պարունակում։ Հատկապես մեր իրավիճակում, երբ թշնամին շատ մոտ է Ամուլսարին, եւ մենք տեսանք, որ 2022-ի սեպտեմբերին ռմբակոծում էին հենց հանքի հարակից տարածքը՝ Կեչուտի ջրամբարը, ճանապարհը, ճոպանուղին ․․․ Վնասել ցիանիդային պոչամբարը, որը պետք է 100 միլիոն տոննա ցիանիդային լուծույթ պարունակի ... պատկերացնո՞ւմ եք դրա հետեւանքները։ Հայաստանը քաղցրահամ ջրի 80 տոկոսն ստանում է այդ ջրհավաք ավազանից։ Աղտոտվելու է Սյունիքի մարզը՝ Սպանդարյանի ջրամբարը, Որոտան եւ Դարբ գետերը։ Արփա գետը․ դա նշանակում է, որ կաղտոտվեն Վայոց Ձորի մարզն ու Արարատյան դաշտավայրը, Սեւանա լիճն ու  ամբողջ Գեղարքունիքի մարզը, Կոտայքը, Երեւանը: Հայաստանի 80 տոկոսը կհայտնվի ռիսկի տակ։ Անհասկանալի է, թե ինչ են մտածում մեր ղեկավարները 17 տարի շարունակ։ Մենք 17 տարի պայքարում ենք, որ հանք չլինի, եւ մարդիկ նորմալ պայմաններում ապրեն։ Ջերմուկը գտնվում է ծովի մակարդակից 2100 մ բարձրության վրա։ Թթվածնաքաղցը փոխհատուցվում է մաքուր օդով: Եթե օդը աղտոտվի, մարդիկ պարզապես չեն գոյատեւի: Պատկերացրեք ջերմուկցիների վիճակը. մի կողմից թշնամին, որը շատ է մոտեցել, մյուս կողմից նույնպես ... Մի կողմից կենաց-մահու հարց է, մյուս կողմից էլ կենաց-մահու հարց է առաջանում աղտոտված օդի ու ջրի տեսքով: Դրան գումարվում է բիզնեսի կորստի հեռանկարը եւ, որպես հետեւանք, զանգվածային արտագաղթը։ 

Ընդհանրապես, ո՞ւմ է դա պետք

Ես կարծում եմ, որ սա քաղաքական խաղ է, եւ մեր հակառակորդներն ամեն ինչ անում են մեր երկրին վնասելու համար։ Իսկ իշխանությունները չեն խորանում եւ չեն գիտակցում, որ արդյունքները լինելու են շատ ողբալի եւ անդառնալի։ Միայն մենք չենք դա ասում։ Այդ մասին խոսել են նաեւ չորս հայտնի ընկերություններ, որոնք մեր նախաձեռնությամբ իրականացրել են նախագծի փորձաքննություն եւ տվել բացասական եզրակացություն։ Իշխանությունները չհավատացին եւ նոր փորձաքննություն անցկացրին՝ այն հանձնարարելով «Էլարդ»-ին, եւ այն նույնպես բացասական եզրահանգման եկավ։ Փորձագետները կարծում են, որ վատագույն սցենարի դեպքում հետեւանքները հարյուրավոր տարիներ կտեւեն, իսկ վնասը, ի վերջո, անդառնալի կլինի:  

Ի՞նչ միջոցներով

Փետրվարին մտադրությունների մասին հուշագիր ստորագրվեց էկոնոմիկայի նախարարության, Եվրասիական բանկի եւ «Լիդիան»-ի միջեւ, որը նախատեսում էր 250 մլն ներդրում՝ 100 մլն Եվրասիական բանկից, 50 մլն հայաստանյան մի բանկից եւ, իբր,  բաժնետոմսերի 12,5%-ը փոխանցվում է կառավարությանը։ Հասարակական կազմակերպությունները հարցում  արեցին եւ պարզեցին, որ որևէ մեկը որևէ մեկին որևէ «տոկոս» չի փոխանցել։ Հարցում արեցին Եվրասիական բանկին։ Պարզվեց, որ հարցը լուծված չէ, եւ դեռ գումար չկա, քննարկվում է, թե ինչ ռիսկեր են կապված այդ վարկի հետ։ Կառավարությունից հետաքրքրվեցին, թե մնացած գումարը որ բանկն է տրամադրելու, ասացին, որ դեռ պարզ չէ։ Այսինքն՝ սա եւս մեկ օճառե պղպջակ է, եւ դրա շուրջը մեր կառավարությունն ինչ-որ հուշագրեր է ստորագրում, էկոնոմիկայի նախարարն ինչ-որ երաշխիքներ է տալիս։

Իսկ ինչպե՞ս կարելի է ինչ-որ երաշխիքներ տալ

Ընդհանրապես ինչպե՞ս կարելի է երաշխիքներ տալ, օրինակ, երկրաշարժի հետեւանքների վերաբերյալ։ Իսկ մենք Թուրքիայի, Սիրիայի, Իրանի օրինակներով տեսնում ենք, որ վերջին ամիսներին տարածաշրջանում տեկտոնական գործընթացների ակտիվացում է տեղի ունենամ։ Սա տեկտոնական մեկ գոտի է, եւ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Ամուլսարի տարածքում ուժեղ երկրաշարժ եւ ավերածություններ չեն կարող լինել։ Ո՞վ կարող է երաշխավորել, որ թշնամին չի ռմբակոծելու եւ չի քանդելու ենթակառուցվածքները։

Ի՞նչ հետեւանքներ ունեն նման «երաշխիքները»

Ես զարմանում եմ, թե ինչո՞ւ է այս իրավիճակում կառավարությունն իր վրա վերցնում այդ ռիսկերը: Եթե մինչ այժմ «Լիդիան»-ը արբիտրաժային դատարանում հաղթելու ոչ մի հնարավորություն չի ունեցել, ապա օճառե պղպջակների շուրջ նման խոստումներից ու երաշխիքներից հետո մեր կառավարությունն իր վրա է վերցնում ողջ պատասխանատվությունը եւ դրանով հնարավոր է դարձնում նույնիսկ արբիտրաժային դատարան դիմելն ու ինչ-որ հատուցում ստանալը։ Գործնականում այդ ողջ բեռը կդրվի հարկատուների ուսերին։

Ինչո՞ւ տալ նման անհիմն երաշխիքներ եւ ընդունել անլուրջ որոշումներ, երբ կարելի է զարգացնել տնտեսության ավելի քիչ ռիսկային ճյուղեր, օրինակ՝ ՏՏ-ն, տուրիզմը։ Տնտեսությունն ուղղելով հանքարդյունաբերության զարգացման հուն՝ մենք փաստացի ոչնչացնում ենք այն ամենը, ինչ ստեղծվել է գյուղատնտեսության, զբոսաշրջության, տնտեսության այլ ճյուղերի շուրջը։ Այսինքն՝ դա տեղի է ունենում ի վնաս երկրի տնտեսական զարգացման։ 

Եվ կրկին անվտանգության մասին…

Հայտարարություններն այն մասին, թե դա անվտանգության բարձրացման նպատակով է արվում, նույնպես որևէ քննության չեն դիմանում։ Տեսեք, թե ինչ է կատարվում Սոթքի հանքավայրի հետ։ Սոթքում, ի դեպ, ոսկու պարունակությունը մոտ 10 անգամ ավելի է՝ 6,9 գ մեկ տոննայում։ Ադրբեջանի կողմից գնդակոծությունների պատճառով նրանք հայտարարեցին հանքի բաց շահագործումը դադարեցնելու մասին։ Այսինքն՝ ոչ մի երաշխիքի մասին խոսք չկա։ Ընդհակառակը, ամեն ինչ վկայում է գործողությունների չմտածված լինելու մասին՝ ի վնաս գոյություն ունեցող տնտեսական համակարգի, մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի պաշտպանության։ Ես հույս ունեմ, որ հանքը չի աշխատի։ Չնայած այն բացելու համար հսկայական ջանքեր են գործադրվում, նույնիսկ հատուկ նրանց համար օրենսդրությունն սկսեցին փոխել:  Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքում, որը սահմանում է, որ եթե ժողովրդական անկարգությունների արդյունքում միջազգային որևէ կազմակերպություն չի աշխատում, թույլտվության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ փոփոխություն մտցրին։ Ամեն ինչ լավ կլիներ, բայց օրենքին չորս տարով հետադարձ ուժ տրվեց։ Ստացվեց, որ դա տարածվում է բացառապես Ամուլսարի վրա, քանի որ միայն Ամուլսարը չի աշխատել։ Փոփոխության ընդունումից հետո նրանք անմիջապես երկարաձգեցին թույլտվությունը մինչեւ 2034-ը։ Վերջերս ընդունեցին բնապահպանական ազդեցության գնահատման մասին օրենքը, եւ կրկին ամեն ինչ հօգուտ բիզնեսի: Բնության պահպանության եւ մարդկանց առողջության օգտին օրենքները խստացնելու փոխարեն ամեն ինչ բիզնեսի օգտին է արվում։ 

Ի՞նչ է արվում հանքի շահագործումը թույլ չտալու համար

Հասարակական կազմակերպություններն ակտիվորեն պայքարում են։ Զուգահեռ ընթանում է ակտիվիստների հետապնդում։ «Լիդիան»-ը շատ ակտիվ դատի է տալիս ՀԿ-ների ներկայացուցիչներին, նույնիսկ պատգամավորներին, որոնք դեմ են արտահայտվել Ամուլսարի նախագծին: Դատարաններում կան ե՛ւ վարչական գործեր, ե՛ւ շինծու քրեական գործեր, ե՛ւ զրպարտության գործեր, բայց հասարակությունը չի հանձնվում եւ չի նահանջում։ Բնապահպան ակտիվիստների եւ փաստաբանների դեմ ուղղված գործերը միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում են, դրանք ներառված են համապատասխան բազաներում: Իմ դեմ ևս զրպարտության մասին քաղաքացիական գործ կա հարուցված, քանի որ ես՝ որպես Ամուլսարի հարցով վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային հանձնաժողովի անդամ, պարզապես հարց եմ տվել: Ստացվում է, որ հանձնաժողովի եւ աշխատանքային խմբերի անդամները հարցեր տալու իրավունք չունեն։ Բայց դա մեզ չի կանգնեցնի։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ խախտվել են Ջերմուկի բնակիչների իրավունքները։ 2009-ից տրվել է հանքավայրի շահագործման թույլտվություն, բայց Ջերմուկը չգիտես ինչու չի ճանաչվել ազդակիր համայնք։ Այս կատեգորիայում են ներառել մոտակա գյուղերը։ Ընդ որում, չգիտեին, որ Կեչուտը Ջերմուկի վարչատարածքային միավորի կազմում է գտնվում։ Անհեթեթ իրավիճակ էր ստեղծվել։ Երբ հասկացան, որ Կեչուտը ներառել են, իսկ Ջերմուկը՝ ոչ, Կեչուտը հանեցին ցուցակից։ Շատ երկար ժամանակ Ջերմուկի բնակիչները պայքարում էին, հայցեր էին ներկայացնում, դատարանը նրանց չէր ընդունում՝ պատճառաբանելով, որ իրենք ազդակիր համայնք չեն, այլ դիմել են դատարան՝ ազդակիր համայնք դառնալու համար․ ահա այսպիսի արատավոր շրջան։    

Ի՞նչ հեռանկարներ ունի Ջերմուկը, եթե նախագիծն այնուամենայնիվ աշխատի

Ջերմուկը կվերանա որպես հանգստավայր, կվերածվի ընկերությանը սպասարկող բանվորական ավանի։ Կփակվեն բոլոր աշխատատեղերը, բոլոր առողջարանները, հանգստյան տները։ Եվ դա նույնպես օճառե պղպջակ է, ես նկատի ունեմ աշխատատեղերի մասին խոսակցությունները: Ստացվում է՝ իշխանություններն ուզում են որոշ մարդկանց հաշվին աշխատատեղեր բացել մյուսների՞ համար։ Նախ՝ դա անարդար է քաղաքի բնակիչների նկատմամբ, երկրորդ՝ դա պատճառ կդառնա, որպեսզի Ջերմուկի բնակիչները զանգվածաբար լքեն բնակավայրը։ Ադրբեջանցիները հենց դրան են սպասում, որ այնտեղ մարդ չլինի եւ իրենք ներխուժեն, գրավեն Ջերմուկն ու ապրեն այնտեղ։ Եթե թվերով խոսենք, ապա հանքարդյունաբերության ոլորտում ներգրավված է աշխատողների ընդհանուր թվի 1%-ից պակաս մասը։ Այնպես որ, սա այն ոլորտը չէ, որը շատ աշխատատեղեր է ապահովում։

Ամփոփելով նշեմ, որ հանքի շահագործման օգտին բերվող որևէ փաստարկ հիմնավոր չէ։ Կարելի է եզրակացություններ անել, թե ինչու է դա տեղի ունենում, բայց դա թողնում եմ ընթերցողներին:

Մարիամ Լեւինա

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ